Տեղի է ունեցել Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակի քննարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի քննարկումը

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի քննարկումը, որը վարել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ ԷԵԲՊՆ-ի ջրային տնտեսության պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը ողջունել է ներկաներին և տեղեկացրել, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերամշակված տարբերակն ուղարկվել էր կարծիքի համապատասխան գերատեսչություններ, և ստացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել ևս մեկ անգամ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ։

Երևանի քաղաքապետարանի կողմից ստացված առաջարկությունները ներառվել են նախագծում, իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները դեռևս քննարկման փուլում են։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից չեն ընդունվել ՀՀ ջրային օրենսգրքի 14-րդ և 39-րդ հոդվածներում առաջարկվող՝ կեղտաջրերի մաքրման ծառայության ջրահեռացման ծառայությունից տարանջատման վերաբերյալ դրույթները:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության ղեկավարը հայտնել է, որ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներից ձևավորվել է գույքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողով և աշխատանքներին աջակցելու նպատակով ներգրավվել է «Fichtner GmbH & Co. KG» միջազգային խորհրդատվական կազմակերպությունը: Վարձակալության գործընթացի հետ կապված բոլոր խնդիրները քննարկվել են` ձևավորելով վարձակալության գործընթացի կազմակերպման հիմնական մոտեցումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունների սպասարկման տարածքներում չի իրականացվում կեղտաջրերի մաքրում, այդ բնակավայրերում ծառայությունները մատուցվելու են մեկ ընկերության կողմից և գործելու է միասնական սակագին, ուստի նպատակահարմար է կեղտաջրերի մաքրման ծառայությունը չտարանջատել ջրահեռացման ծառայությունից և վերը նշված գործընթացների արդյունքում հանձնաժողովի 09.12.2016 թվականի №398Ն որոշմամբ սահմանվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագինը, այդ թվում՝ բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման միասնական սակագինը։

Խ. Հակոբյանը նշել է, որ ջրահեռացումը, կեղտաջրերի հեռացման և կեղտաջրերի մաքրման տարանջատումը, ներառյալ լիցենզիաների առանձնացումն՝ ուղղված է ջրահեռացման ոլորտում ներդրումների խթանմանը հատկապես միասնական օպերատորի տարածքից դուրս` գյուղական բնակավայրերի ջրահեռացումը բարելավելու տեսանկյունից, քանի որ տարբեր բիզնես սուբյեկտներ կարող են մատուցել ջրահեռացման ոլորտի ծառայություններ տարբեր ծավալներով՝ դրանով իսկ նպաստելով ոլորտի բարելավմանը և բիզնես միջավայրի ստեղծմանը:

Քննարկման ավարտին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանն առաջարկել է ՀՀ ջրային օրենսգրքի 14-րդ և 39-րդ հոդվածները լրամշակել և ևս մեկ անգամ աշխատանքային կարգով քննարկել Ասիական զարգացման բանկի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցված տարբերակը սահմանված ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու նպատակով։




Լրահոս