Ինչից է վախենում «Սասնա Ծռերի» գործով դատավորը. հարցազրույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որ քննում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով աղմկահարույց քրեական գործը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահ հայտնեց, որ վախենալու ոչինչ չունի:

Ինչպես հայտնի է՝ 2016 թվականին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը: Բախումների արդյունքում եւ դրան հաջորդող օրերին սպանվեց 3 ոստիկան, եւ վիրավորվեցին քաղաքացիներ:

2017 թվականի մայիսին հատուկ քննչական ծառայությունը ավարտեց այս դեպքերի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ ուղարկեց դատարան: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աղմկահարույց այս գործի քննությունը մակագրվեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Այս գործով մինչ օրս տեղի է ունեցել շուրջ 3-4 դատական նիստ, սակայն քննությունը դոփում է տեղում: Բանն այն է, որ Արտուշ Գաբրիելյանը կա՛մ սանկցիաներ է կիրառում փաստաբանների նկատմամբ, կա՛մ դատական նիստերն է մի քանի ժամով հետաձգում:

Մինչ օրս դատավորը չի կարդացել մեղադրական եզրակացությունը կամ առհասարակ ամբաստանյալներին չի հարցրել՝ ընդունո՞ւմ են իրենց առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:

«Ժողովուրդ»-ը դատավորի նյարդային պահվածքի, կիրառած սանկցաիների եւ ունեցած վախերի մասին զրուցեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ:

-Պարո՛ն Գաբրիելյան, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների գործով դատական նիստի ժամանակ մշտապես նյարդային վիճակում եք, գոռում եք, Ձեզ համար դժվա՞ր քրեական գործ է, չե՞ք կարողանում նիստը վարել առավել հանգիստ հոգեվիճակում:

– Չէ՛, չէ՛, ջղայնանալը դրա հետ կապ չունի, ցանկացած, կարող է այն պրիմիտիվ գողություն առաջին մասով գործ լինի, ասենք թե լուրջ բան չլինի, դու բարկանաս, դա չի կարեւորը: Ուղղակի պահ կա՝ սովորական գործեր են, ես ասեմ, որ սա իմ համար մի արտառոց գործ չէ…, ես ավելի բարդ գործեր եմ լսել: Այնպես որ, բոլորի մոտ էլ ստացվում է, այդտեղ բան չկա:

-Դատական գործը դոփում է տեղում, Դուք մշտապես փաստաբանների նկատմամբ սանկցիաներ եք կիրառում, երբ նրանք Ձեր ինքնաբացարկի հարցն են բարձրացնում, ինչի՞ց եք վախենում:

-Ո՛չ, ո՛չ, ոչ մի հատ մտավախություն չունեմ, սանկցիան կիրառում ենք, երբ որեւէ դատավարական խախտում է տեղի ունենում, ինչ մտավախության մասին կարող է խոսք լինել: Եթե դատավարության ընթացքում դատավարության մասնակիցները օրենքով սահմանված կարգով խախտում են թույլ տալիս, դու պետք է կիրառես սանկցիա, ինչ մտավախության մասին կարող է լինել: Եթե դատավարության ընթացքում դատավարության մասնակիցներից մեկը որեւէ խախտում չի կատարել, դու ոնց կարող ես իր նկատմամբ սանկցիա կիրառել

-Տեսակետ կա, որ ամեն ինչ անում եք, որպեսզի պաշտպաններին գործի քննությունիւց հանեք, փակ անցկացնեք նիստը կամ այս ճանապարհով Ձեր ցանկալի փաստաբանների ներգրավեք:

-Նորից եմ կրկնում՝ իմ պրակտիկայի ժամանակ ես բոլոր լրագրողներին հնարավորություն տվել եմ լուսաբանել, ինչի մասին է խոսքը: Եթե այսօր Պողոսն է պաշտպան, վաղը, մյուս օրը Կիրակոսը կլինի, ինձ համար ի՞նչ տարբերություն:

-Իշխանություններին ցանկալի պաշտպաններ կներգրավեք ու Ձեր ցանկացած հունով կտանեք գործի քննությունը:

-Հանրային կլինի, մասնավոր կլինի, ինչ կլինի, ինչ չի լինի, ես որեւէ խնդիր չունեմ: Դա պաշտպանյալն է, թող իր պաշտպանողի հետ խնդիրը լուծի, ինձ համար ով էլ ուզում է, թող գա դատարան, դատական քննության մասնակցի: Ես որեւէ մեկի հետ որեւէ խնդիր չեմ ունեցել, ավելի լավ, թող գա, պաշտպանեն իրենց պաշտպանյալների իրավունքները, որպեսզի հասնեն արդար դատաքննության, եւ արդար դատավճիռ կայացվի: Թե չէ, ինչ մտավախություն, մենք հո երեկ չէ առաջի օրվա գործը քննողը չե՞նք: Սովորական կանենք, ուղղակի մի քիչ ծավալն է մեծ, թե չէ ինչ մտավախության մասին է խոսքը:

-Չե՞ք վախենում, որ գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ դատավորի սխալի կայացրած ակտի կամ դատավարական ընթացքի մասին բարձրաձայնվի:

-Ես երբեք որեւէ դատավարական խախտում չեմ կատարի, եթե անգամ գնա, հասնի էլ Եվրոպական դատարան, ես կարծում եմ, որ իմ դատավճիռը չի բեկանվի, քանի որ ես դատավարական խախտում չեմ կատարի:

Քնար Մանուկյան




Լրահոս