ԻՆՉՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՄԵՐՕՐՅԱ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Factor.am լրատվական կայքն օրեր առաջ, հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարությանը, հրապարակել էր այն պաշտոնյաների որդիների անունները, ովքեր ազատվել են զինվորական ծառայությունից կամ տարկետման իրավունք են ստացել: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչով են զբաղվում մերօրյա դասալիքները: Մեր ուսումնասիրության արդյունքներով պարզվեց, որ նրանց մի մասն աշխատում է պետական համակարգում, մի մասը հայրիկների ընկերություններն է տիրություն անում, մի մասն էլ սովորում է:

1. ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի որդին՝ Վիլիկ Կարապետյանը: Պրահայում հիմնադրել է 100.000 կրոն (մոտ 2 մլն դրամ) կանոնադրական կապիտալ ունեցող «ViloKaro» ՍՊԸ-ն, ծնվել է 1990թ.:
2. Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին՝ նախկին դատավոր Արտակ Զախարյանը: Այժմ նա զբաղվում է բիզնեսով. 1998թ.-ից մինչեւ 2001 թվականը Արտակ Զախարյանն աշխատել է ՀՀ մաքսային պետական կոմիտեում՝ որպես արագ հակազդման բաժնի առաջատար մասնագետ, տեսուչ, այնուհետեւ ավագ տեսուչ: 2001թ. Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում նշանակվել է որպես քննիչ, իսկ 2005-ին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում դատախազի օգնական, 2007 թվականին՝ դատախազ:
3. ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն (1983թ.) եւ Արտյոմ (1986) Խաչատրյանները: Նրանք զբաղվում են բիզնեսով. բազմաթիվ ընկերություններ են առնչվում նրանց անվան հետ՝ «Յուքոմ», «Մեգաֆուդ», «Ապեյրոն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Խրոնոգրաֆ», «Գալաքսի Կոնցեռն», «Չիմեգ» եւ այլ:
4. Գյումրիի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ, այժմ «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր դարձած Վարդան Ղուկասյանի որդին, մշտապես սկանդալային պատմություններում հայտնվող Սպարտակ Ղուկասյանը: Նա որեւէ տեղ չի աշխատում, հոր բիզնեսներին է տիրություն անում եւ «գողական գնում»:
5. Աժ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը: Նա ծնվել է 1975 թ.-ին եւ միշտ պետական պաշտոններ զբաղեցրել:
6. Նախորդ գումարման խորհրդարանի հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը, իր հորը պատկանող «ՄԱՊ» ՓԲԸ-ի տնօրենն է:
7. ԱԺ գործող պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ «Արփա-Սեւան» ԲԲԸ տնօրեն Պարույր Հակոբյանը: Նա եւս հոր գործը շարունակողն է:
8. Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի որդին՝ Վարդան Ցոլակյանը: Մագիստրատուրայում է սովորել, հետո գիտությունների թեկնածու է դարձել: Դիսերտացիա պաշտպանելուց հետո գիտական գործունեությամբ է զբաղվել, համալսարանում դասախոս է աշխատում:
9. Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը: Նախկինում եղել է քննիչ, դատախազ, Աբովյանի քաղաքապետ, հիմա էլ մարզպետ է:
10. Ծառայությունից ազատված է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի որդին՝ Էդուարդ Առաքելյանը: Տարկետման հիմքով զինվորական ծառայություն չեն անցել նաեւ Առաքելյանի մյուս որդիները՝ Ալեքսանդր եւ Բորիս Առաքելյանները: Նրա երեք տղաներն էլ ուսանող են, ավագ որդին սովորում է բժշկական համալսարանում: Մյուս երկուսը երկվորյակ են, նրանցից մեկը սովորում է ճարտարապետական, մյուսը՝ ագրարային համալսարանում:
11. Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը: Հայրը պարզաբանում է, թե որդին ալերգիկ է: Սակայն դա չի խանգարել, որ նա պետական պաշտոններ զբաղեցնի: Սերգեյ Լոքյանը նախկինում Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր, այնուհետեւ՝ ՀՀ վարչապետի օգնական: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերգեյ Լոքյանն իր թեկնածությունն էր առաջադրել վարկանիշային ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն), սակայն արդյունքում ստացել էր ընդամենը 2524 ձայն:
12. ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդ Սարոյանն ազատված է ծառայությունից: Նա հիմնական զբաղմունք չունի: Իսկ մյուս որդին տարկետման մեջ է: Աշոտ Սարոյանը այժմ սովորում է ագրարային համալսարանի գինեգործություն բաժնում: Ի դեպ, այս բաժնում սովորող շարքային մահկանացուները չեն օգտվում տարկետման իրավունքից:
13. Զինվորական ծառայություն չի անցել նաեւ Հայաստանի վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը: Նա այժմ զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնը կապիտալ շինարարության եւ վերանորոգման գծով: Ներկա պաշտոնում նա նշանակվել է 2016 թվականի մայիսից: Իսկ մինչ այդ` 2012 թվականից, եղել է «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի օգնականը, այնուհետեւ` խորհրդականը:
14. Տարկետման հիմքով ազատվածների թվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Արկադի Համբարձումյանի որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը: Վերջինս մշտապես աղմկոտ պատմությունների մեջ է եղել: 2013 թվականին՝ 17 տարեկան հասակում, Աբովյան փողոցում վիճաբանության կիզակետում էր հայտնվել, երբ տակավին Երեւանի տնտեսագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանող էր: Ուսանող լինելու առիթից օգտվելով էլ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:
15. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տիգրան եւ Տրդատ Խաչատրյանները: Նրանք երկուսն էլ, ճիշտ է, պետական համակարգում չեն աշխատել, սակայն մշտապես քրեական աղմկոտ պատմությունների կիզակետում են հայտնվել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 
ՄԻԼԻՈՆՆԵՐ` ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԲԵՆԶԻՆԻ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իր ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման համար յուրաքանչյուր տարի պետբյուջեի հաշվին միլիոններ է ծախսում:
«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ միայն 17 հատ ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման համար նախարարությունը ընթացիկ տարում պետական միջոցներից ծախսելու է 7 մլն 265 հազար դրամ: Տեղեկացնենք, որ այդ ավտոմեքենաները ԱՊՀ արտադրության են՝ մեկ հատ «Գազ-3110», 2 հատ «Վազ-2121», 2 հատ «Վազ 2106» եւ 12 հատ «Վազ-2107»: Օրինակ՝ ԱՊՀ արտադրության մեկ «Գազ-3110» ավտոմեքենայի համար ծախսվելու է 377 հազար դրամ, իսկ 2 ավտոմեքենայի` «Գազ-3110» եւ «Վազ-2121»-ի համար` 600 հազար 500 դրամ: Իսկ նշված ավտոմեքենաների տեխսպասարկման աշխատանքների ձեռքբերման համար նախարարությունը ապրիլի 28-ին պայմանագիր կնքել է «Մ-Բի-Ռ» ընկերության հետ:
Ի դեպ, այս ընկերության հետ նույն աշխատանքների ձեռքբերման նպատակով պայմանագիր կնքում է նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Նկատենք, որ ՀՀ որոշ գերատեսչություններ վերջին ամիսների ընթացքում վաճառքի են հանում իրենց հաշվեկշռում եղած հին տարեթիվ ունեցող, ռուսական արտադրության ավտոմեքենաները: Ասել է, թե ազատվում են «ժեշտից»: Քանի որ այդ հին ավտոմեքենաների վրա պետական բյուջեից ավելի շատ ծախսեր են արվում: Իսկ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի դեպքում ամեն ինչ հակառակն է:
Այսքանով դեռ չի ավարտվում նախարարության ավտոմեքենաների տեխսպասարկումը. այս նպատակով պայմանագիր կնքվել է նաեւ «Ֆլեշ մոտորս» ընկերության հետ 5 մեքենայի համար եւ ծախսվել մոտ 1 մլն 300 հազար դրամ:
Բացի տեխսպասարկման աշխատանքներից՝ նախարարությունը գնել է նաեւ բենզին` ե՛ւ պրեմիում, ե՛ւ ռեգուլյար տեսակի: Այսպես՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընթացիկ տարվա համար «Սի Փի Էս օիլ» ընկերությունից գնվել է 1 մլն 509 հազար դրամի ռեգուլյար տեսակի բենզին, որի մեկ լիտրի դիմաց վճարվել է 330 դրամ: Նշված ընկերությունից այս գերատեսչությունը գնել է նաեւ 31 հազար 25 լիտր ռեգուլյար տեսակի բենզին եւ վճարել 10 մլն 238 հազար 250 դրամ: Այսինքն՝ ռեգուլյար տեսակի բենզինի համար ծախսվել է 11 մլն 747 հազար դրամ:
Իսկ պրեմիում տեսակի բենզինի համար պետական միջոցներից ծախսվել է 7 մլն 740 հազար դրամ: Այսինքն՝ գնվել է 22 հազար 494 լիտր պրեմիում տեսակի բենզին: Ասել է, թե սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին, ով մատը մատին չի խփում՝ իր ղեկավարած ոլորտում առկա խնդիրները լուծելու համար, վայել չէ ռեգուլյար տեսակի բենզինով լի մեքենայով երթեւեկելը: Ու տպավորություն է, որ ռեգուլյար տեսակի բենզինով նախարարը կարող է տեղ չհասնել:
Հավելենք, որ այս նախարարությունը համարվում է «աղքատների» նախարարություն տարիներ շարունակ: Սակայն նախարարը շքեղություններից չի հրաժարվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
«ԿՅԱՆՔԻ ՃԱՄՓԱՆ» ՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

Դատախազության համար փող կա, «կյանքի ճանապարհի» համար՝ ոչ: Այս պնդումն ամենեւին էլ անհիմն չէ: 2016թ. սեպտեմբերի 14-ից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը վերանորոգման նպատակով փակվել է, Վրաստանի սահմանից մինչեւ Երեւան ուղին խոշոր բեռնատարները անցնում են Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Արդյունքում ճանապարհի բեռնվածությունը մի քանի անգամ աճել է:

«Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ նշված ճանապարհի Ոսկեպար-Կիրանց 11 կիլոմետրանոց հատվածը շատ վատ վիճակում է: Ադրբեջանի հետ սահմանը շրջանցող Ոսկեպար-Կիրանց ճանապարհը այլընտրանք չունի, այն «կյանքի ճանապարհ» է: Բեռնված, մինչեւ 40 տոննա քաշով ֆուռերը իրենց ծանրությամբ քանդել են ասֆալտի ծածկը, Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհի վրա մոտ 30 տեղ խորը փոսեր, ճանապարհի իջվածքներ կան:
Տեղեկացնենք, որ այդ ճանապարհը սպասարկում է Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ն: Ընկերության աշխատակիցների ջանքերով միջպետական ավտոճանապարհով երթեւեկությունը երբեւէ չի փակվել, ճանապարհաշինական ընկերությունը պարբերաբար շրջանցիկ ավտոճանապարհի փոսային նորոգումներ է կատարում: Սակայն 15 տարի առաջ ոչ այնքան որակով կառուցված ավտոճանապարհի հողային հիմքը փխրուն է, ճանապարհի ծածկը բեռնատարների ծանրության տակ իջվածքներ է առաջացրել: Մի խոսքով, «Կյանքի ճանապարհը» ոչ թե փոսային նորոգումների, այլ հիմնանորոգման կարիք ունի: Սակայն պետական բյուջեից ֆինանսական հատկացում չի արվում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող, ռազմավարական նշանակություն ունեցող Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհի հիմնանորոգման համար: Սակայն դրան զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից վերջերս 150 միլիոն դրամ հատկացվեց՝ դատախազության աշխատակիցներին պարգեւատրելու համար:
Ու ստացվում է, որ դատախազության աշխատողներին պարգեւատրելու համար պետական բյուջեում փող կա, իսկ այլընտրանք չունեցող, ռազմավարական նշանակություն ունեցող շրջանցիկ ավտոճանապարհի հիմնանորոգման համար՝ ոչ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս