ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՊՈՐՏԱՊԱՐԻ ՇՈՐԵՐՈՎ ԵՐԳԵԼ «ՊԻՏԻ ԳՆԱՄ ՎԱՂ, ԹԵ ՈՒՇ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ժողովրդական երգիչ, վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրոյի) հետ զրուցել է նրա առաջիկա ծրագրերի եւ ազգային երգ-երաժշտության անհրաժեշտության պահպանման մասին:

-Պարո՛ն Գրիգորյան, Դուք հանձն եք առել ազգային երգն ու պարը ժողովրդի մեջ տարածելու կարեւոր գործառույթը եւ հասցրել եք այս տարվա ընթացքում այցելել Հայաստանի տարբեր շրջաններ: Կպատմե՛ք՝ երգ ու պարի ո՞ր խմբերն են Ձեզ միացել:
– Տարիներ շարունակ իմ զբաղմունքը եղել է ազգային երգն ու երաժշտությունը տարածելը, համատարած դարձնելը հասարակության մեջ: Մենք այս տարի մայիսին կարողացանք մեր բոլոր ոչ պետական խմբերը պետական ծրագրով ուղարկել Արցախ, որպեսզի մենք մայիսի 9-ը տոնենք ոչ միայն Ստեփանակերտում կամ Շուշիում, այլ բոլոր շրջաններում՝ Քաշաթաղ, Քարվաճառ, Հադրութ, Մարտունի եւ այլն: Դահլիճից դուրս համերգներ ենք իրականացրել նաեւ Երեւանի տարբեր համայնքներում: Այս ծրագրերը շարունակական են լինելու, եւ բեմ հանելուց զատ մենք փորձում ենք բեմից իջնել դեպի ժողովուրդը, փորձենք վերադարձնել այն, ինչը ժողովուրդն է ստեղծել, դրա հետ միասին սկսել ենք Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում իրականացնել այդ ծրագիրը, որպեսզի յուրաքանչյուր շրջան ունենա իր երգի-պարի խումբը: Ունենք նախնական պայմանավորվածություն Արտաշատում, Եղվարդում ստեղծելու խումբ, պարուսույցը Սերոբն է Վարդանյան, ով նվազագույն պայմաններով պատրաստ է այդ գործով զբաղվել: Շուտով կայցելենք Բերդավան, այսինքն՝ այն շրջանները, որոնք ավելի սահմանամերձ են: Իմ նպատակն է, որ ազգային երգն ու պարը թղթի վրա չմնան, այլ համատարած լինի: Սա նույնն է, ինչը մենք խոսում ենք լեզվի մասին:
-Նշեցիք, որ Երեւանի տարբեր համայնքներում եք եղել: Ձեր տպավորությամբ ինչպիսի՞ն է այսօրվա երիտասարդության ընկալողականությունը ազգայինի նկատմամբ:
-Հակառակ եմ այն կարծիքին, որ տարածված է մեզանում, թե երիտասարդներն ավելի շատ օտարամոլ են: Սա ասում են իմ սերնդակիցները, ովքեր փորձում են պատասխանատվությունից խուսափել: Այսօր ունենք տաղանդավոր, քաջ, խիզախ երիտասարդություն: Քառօրյա պատերազմը հիշենք. անկախության սերնդի երիտասարդները տեր կանգնեցին մեր անկախությանը: Նույն էլ մշակույթի մեջ է. մենք պետք է օգնենք, ոչ թե խանգարենք: Մեր հենարանը մեր երիտասարդությունն է: Ես համաձայն չեմ, որ մեր երիտասարդներն անտարբեր են մեր ազգային գաղափարախոսության, ինքնության նկատմամբ:
-Դուք նշել էիք, որ ծրագիրն իրականացնելու համար գումար է պետք հայթայթել: Այդ հարցում մշակույթի նախարարությունն իր աջակցությունն ունեցա՞վ: Ինչպե՞ս հայթայթեցիք գումարը:
-Գումարների հայթայթումն անհրաժեշտ էր՝ նվազագույն պայմանները ստեղծելու համար: Մեզ ոչ միայն երգ ու պարի մասնագետներ են հարկավոր, այլ նաեւ քանդակագործության, թատերական խմբակներ ստեղծելու համար: Դա մշակույթի նախարարությունն է անելու, եւ նախարարի հետ միասին լուծելու ենք այդ հարցը:
-Մոտ մեկ ամսից ավել է, ինչ նշանակվել եք ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական: Այս հանգամանքը ինչպե՞ս է ազդում Ձեր գործունեության վրա:
-Խորհրդական նշանակվելը ոչ թե նպաստում է իմ գործունեությանը, այլ ազգային երգարվեստի, երաժշտության բոլոր գաղափարներն ի կատար ածելուն: Սա այն նշանակումը չէ, որ պետք է նշանակեն: Տեսնելով իմ գործունեությունը՝ հրավիրեց եւ ասաց, որ կարող են պաշտոնական տեսք տալ: Ազգագրական երգի-պարի ոլորտում 4-5 տարվա ընթացքում բավականին մեծ խնդիրներ լուծեցինք «Գութան» փառատոնով, որը ես եմ իմ խմբի հետ միասին ստեղծել: Հուլիսի 16-ին կլինի շքեղ համերգ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Թաթուլ Ալթունյանի անվան հեղինակային խմբի կատարմամբ: Միշտ ասել եմ՝ բրենդն ունենք, բայց դա պետք է աշխատացնենք, գործածության, համակարգելու խնդիր ունենք:
-Ի՞նչ խնդիրներ եք այսօր տեսնում մեր մշակույթի ոլորտում, որոնք լուծում չեն գտել:
-Խնդիրներ շատ ունենք, իմ պատկերացմամբ մշակույթի ոլորտում ամենակարեւորը ազգայինի համատարած լինելն է: Մեր հիմնական խնդիրն այն է, որ մեր աշխատանքները մնում են թղթի վրա: Այսօր հնարավորություն ունենք, որ կարողանանք ազգային մշակույթն իր բոլոր ճյուղերով տարածել: Պետական խմբերում աշխատողները մտածում են՝ պետությունը մեզ ինչ է տալիս, որ ինչ անենք, դա սխալ է: Պետություն, կառավարություն տարբեր բաներ են, ես խոսում եմ պետության մասին: Մեր պետականության տերը մենք պետք է լինենք, մենք պետք է մտածենք՝ 100 տարի հետո ինչ է լինելու մեր գալիք սերունդի հետ:
-Բայց տեսակետ կա, որ այսօր պահանջված է ժողովրդական երգի նորովի գործիքավորումն ու մատուցումը: Նկատե՞լ եք:
-Ովքե՞ր են ասողները, ովքե՞ր են զբաղվողները, ես դեմ չեմ: Մենք կարող ենք հայկական երգը պահել անաղարտ եւ տալ ժամանակի շունչն առանց վնասելու, առանց երգի բուն էությունը փոխելու, ինչո՞ւ չանենք: Բայց երբ երգն օգտագործվում է անձնական շահերի համար, դա անընդունելի է: Այս խնդիրը շատ լուրջ է, ավելի լուրջ է, քան նոր երգ ստեղծելը, որովհետեւ նոր երգի տերը դու ես, իսկ ազգային երգի տերը ժողովուրդն է, եւ դու շատ «պուճուր» ես, իսկ այդ երգը՝ շատ մեծ: Դու պետք է ծառայես երգին, ոչ թե երգը ծառայեցնես քեզ: Ինչպես կարելի է պորտապարի շորեր հագած երգել «Պիտի գնամ վաղ, թե ուշ», կամ մուղամաթ, նամազ դարձնել:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ արաբական ոճով հագնված՝ հայրենասիրական երգը կատարել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 
ԻՆՉՈՒ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ՉԵՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐԸ

Հայաստանի ազգային պատկերասրահում չեն ցուցադրվում 1960-70-ական թվականների նկարիչների գործերը: Մինչդեռ այդ շրջանը Հայաստանի կերպարվեստի պատմության մեջ իր ուրույն դերակատարությունն ունի. այդ ընթացքում ունեցել ենք նկարիչներ, որոնք, առանց չափազանցնելու, համաշխարհային ճանաչում են վայելում:
«Ժողովուրդ»-ն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի հետ:

«Մինաս Ավետիսյանը մեր մեծագույն նկարիչներից է, բայց ոչ ամենամեծագույնը: Մենք ունենք Թադեւոսյան, Թերլեմեզյան, Բաշինջաղյան, Սուրենյան, որոնց կտավներն այս պահին չեն ցուցադրվում: Այդ ցուցասրահներում վերանորոգում ենք կատարել Այվազովսկու 200-ամյակի առթիվ: Նշված սրահներում շուրջ 5 ամիս ցուցադրելու ենք միայն Այվազովսկու կտավները, իսկ նրա ցուցադրությունից հետո վերադարձնելու ենք մշտական ցուցադրությունները»,-ասաց նա:
Արման Ծատուրյանի խոսքով՝ Ազգային պատկերասրահն ունի շուրջ 40 հազար ցուցանմուշ, որից ցուցադրվում է ընդամենը 3500-ը. « Պատկերասրահն ուղղակի հնարավորություն չունի մեծ վարպետի կտավները ցուցադրելու, դա մեր բաղձալի երազանքներից մեկն է»:
2018 թվականին լրանում է Մինաս Ավետիսյանի 90-ամյակը, ինչպե՞ս եք պատրաստվում տոնելու այն: Մեր հարցմանն ի պատասխան՝ Ազգային պատկերասրահի տնօրենն ասաց. «Ընտանիքի անդամների հետ խոսել ենք, բայց դեռեւս նրանք ցանկություն չունեն մեծ շուքով տոնելու»:
Հարցին, թե Ազգային պատկերասրահի շենքը չի համապատասխանում ժամանակակից պատկերասրահների պահանջներին, վերջինս նշեց, որ այդ առումով աշխատանքներ տարվում են, իսկ շենքը վաճառելու կամ տեղափոխելու մասին խոսակցությունները պարզապես հերյուրանք են:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս