ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Հուլիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրի 3-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 172 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 14 երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, Թուրքիայից, Աբխազիայից, Հորդանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Չեխիայից եւ Շվեդիայից: Ելույթ են ունեցել տարբեր երկրներից ծրագրին մասնակցելու եկած երեխաները, ասմունքել են ու երգել, այնուհետեւ շուրջպար են բռնել:

 

 

 
ՀԱՐՑ. Ես աշխատում եմ դպրոցում: Հիմա գտնվում եմ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: Ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք իրավունք ունեմ օգտվելու սոցիալական փաթեթի գումարից: Եվ կցանկանայի իմանալ՝ սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական իմ միջոցները ե՞րբ կարող եմ կանխիկացնել:

Լիաննա Պողոսյան (30 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցիալական փաթեթից, եթե նախքան հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ գնալը ունեցել են տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:
Հայտնում ենք նաեւ, որ սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու եւ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ո՞վ իրավունք ունի ստանալ կացության մշտական կարգավիճակի թույլտվություն:

Մարինե Մխիթարյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա՝
ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով եւ մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ
բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:




Լրահոս