«Գողական ռազբորկաներ», քաղաքական վրեժխնդրություն… դատավարական արատավոր ավանդույթները շարունակվում են. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ե՛ւ «Սասնա ծռեր» զինված խմբավորման, ե՛ւ Ժիրայր Սէֆիլյանի, ե՛ւ Վահան Շիրխանյանի դատավարությունների ժամանակ հատկապես դատավորների պահվածքից մեկ եզրակացություն կարելի է անել. իրենք ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ զբաղված են քաղաքական վրեժխնդրության փորձերով:

Ասվածի վկայությունը ոչ միայն մեղադրյալների, այլեւ անգամ նրանց փաստաբանների նկատմամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ առանց հիմնավոր պատճառի կիրառած սանկցիաներն են:

Երեկ բանն այնտեղ հասավ, որ սանկցիաների հերթական շարանից հետո փաստաբանների պալատի նախագահը նամակ է ուղարկել ՄԻՊ-ին՝ խնդրելով դատարանների նախագահների խորհրդից պարզաբանումներ ստանալ փաստաբանների նկատմամբ կայացված որոշումների հիմնավորվածության վերաբերյալ:

Նույնքան ցցուն է նաեւ դատավոր Բեշիկթաշյանի` Վահան Շիրխանյանի հետ «գողական ռազբորկաներ» հիշեցնող պարզաբանումները, առանց նրա համաձայնության փաստաբան Ալումյանին հանրային պաշտպանով փոխարինելը:

Կարճ ասած, տպավորություն է, թե դատավորները մտել են դահիճի կերպարի մեջ եւ փորձում են ամբաստանյալների համար անմարդկային պայմաններ ստեղծել եւ ամենաբռի կերպով խախտել դատաքննության ժամանակ պաշտպանության իրավունքը: Ամենամիամիտ մարդն անգամ չի հավատա, որ դատավորներն այս քայլին գնացել են ինքնագլուխ, առանց Բաղրամյան 26-ի հետ համաձայնեցնելու:

Հայաստանում գործնականում սա բացառված է: Եւ ուրեմն, է՛լ ավելի հիմնավոր են դառնում կասկածները, որ գործ ունենք քաղաքական հերթական պատվերի հետ:
Միայն թե քաղաքական պատվերներ իջեցնելուց եւ այդ պատվերները կատարելուց առաջ իշխանություններին չէր խանգարի հիշել անցյալի դառը փորձը, երբ Հայաստանում արդարադատություն չգտնելով՝ տասնյակ մարդիկ դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու հաղթել:

Հիմա, փաստորեն, դատավորների պահվածքի պատճառով լրացուցիչ հիմքեր են ստեղծում քրեական գործերը ՄԻԵԴ-ում բողոքարկելու եւ շահելու համար: Ընդ որում, իշխանությունները դեռ չեն մարսել 2008թ. մարտի 1-ի գործերը. ՄԻԵԴ-ում դեռ ընթանում է այս գործերի քննությունը եւ, ամենայն հավանականությամբ, հօգուտ դիմող կողմի:

Մեկ ուշագրավ փաստ էլ. վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել էր, թե դատախազներն ու քննիչերն այսուհետ պատասխանատվության կենթարկվեն, եթե պարզվի, որ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումների համար նաեւ նրանք են մեղավոր:

Ու հիմա, եթե անգամ դատախազներն ու քննիչներն այսուհետ փորձեն ավելի «ձգված» աշխատել, ապա դատավորներին նման «հրահանգ» չի տրվել, ուստի վերջիններս շարունակում են արատավոր ավանդույթները՝ հայտնի վերջաբանով: Եւ այս ամենի հետեւանքով տուժում է պետությունը:




Լրահոս