Տավուշի մարզպետը, մարզի հոգսը թողած, զբաղված է պարգևատրումներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. հուլիսի 13-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրելու մասին: Այդ մասին որոշման մեջ նշված է, որ պարգեւատրումը կատարվում է 2017թ. առաջին կիսամյակի կատարողականի արդյունքներով, մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

Մարզպետը պարգեւատրման որոշման կատարումը հանձնարարել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանին: Տավուշի մարզպետի որոշման մեջ նշված է, որ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պարգեւատրումը կատարվում է՝ համաձայն որոշմանը կից հավելվածի, սակայն մարզպետարանի ինտերնետային կայքում որոշման հավելված ներկայացված չէ: Այդ հավելվածում նշված կլիներ, թե մարզպետարանի քաղաքացիական քանի ծառայող որքան գումարով է պարգեւատրվել, բայց չկա:

Նկատենք, որ Տավուշի մարզպետարանի աշխատակազմին տրված պետական դրամական պարգեւատրումները բյուջեից պարբերաբար բնույթ են կրում: Սահմանամերձ, հոգսաշատ Տավուշի մարզում բազում հիմնախնդիրներ կան, որոնք ֆինանսների սղության պատճառով չեն լուծվում, իսկ սոցիալապես ապահովված, ոչ ցածր աշխատավարձ ստացող Տավուշի մարզպետարանի աշխատողները պետական սուղ բյուջեի միջոցներից պարբերաբար պարգեւատրվում են: Երեւի սա է այն արդարությունը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը:




Լրահոս