ԱՌԱՋԱՆՑԻԿ ՏԵՄՊԵՐՈՎ ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ առիթը բաց չթողեց՝ «ամբիցիոզ» որակելու իրենց կազմած հերթական փաստաթուղթը:

«Ծրագրով բավականին ամբիցիոզ սեփական եկամուտների մուտքերի աճ եւ շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում: Նախատեսում ենք տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ: Բավականին դժվար իրագործելի հայտանիշեր ենք դնում՝ հարկ-ՀՆԱ հարաբերակցության, արտաքին պարտքի կայունության, դեֆիցիտի վերաբերյալ: Բոլորիցս պահանջվելու է մաքսիմալ համակարգված աշխատանք»,- հայտարարեց նա: Փաստաթուղթը, որում նշված է կառավարության առաջիկա երեք տարիների հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները, իրոք ամբիցիոզ է: Սա մեկ պարզ պատճառով. ցուցանիշները, որոնք դրված են այս ծրագրի հենքում, Հայաստանի տնտեսության հնարավորությունների սահմանից վեր են: Բացի այդ՝ Հայաստանում ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական դաշտում այնպիսի փոփոխություններ չեն եղել, որոնց հիման վրա կարելի է առաջընթաց սպասել: Իշխանության ղեկին նույն քաղաքական ուժն է, որը վերջին քսան տարիների ընթացքում երկիրը տարել է միանգամայն հակառակ հունով, շարունակում են գործել խաղի հին կանոնները, որոնք արդեն իսկ իրենց բացասական հետեւանքներն են թողել: Էլ չենք խոսում արտաքին ռիսկերի մասին, որոնք թվարկված են նաեւ կառավարության ներկայացրած փաստաթղթում եւ որոնք շատ ռեալ են:
Ըստ այդմ, 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում շեշտված է, որ Հայաստանը, որպես փոքր տնտեսություն ունեցող երկիր, արագ է արձագանքում համաշխարհային տնտեսական զարգացումներին՝ աշխարհաքաղաքական իրավիճակ, այդ թվում՝ տարածաշրջանային ռազմական հակամարտություններ, ներքաղաքական անկայունություններ, ինչպես նաեւ հարեւան պետությունների հետ քաղաքական հակադրություններ, Ռուսաստանի տնտեսական խնդիրներ եւ այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարաձգում, միջազգային ապրանքային շուկաներում գների անկայունություն եւ այսպես շարունակ: Հետեւաբար նման պայմաններում ակնկալել լուրջ աճ, բյուջեի եկամուտների կտրուկ ավելացում, բյուջեի պակասուրդի կրճատում այնքան էլ իրատեսական չէ:
Դատեք ինքներդ. նախորդ տարվա 0.2 տոկոս աճից հետո այս տարվա համար, օրինակ, կառավարությունը նախատեսում է տնտեսական աճը հասցնել 3.3 տոկոսի, 2018-ին՝ 4.7 տոկոսի, 2019-ին՝ 5.4 տոկոսի, 2020-ին՝ 5.7 տոկոսի: Աճի նման տեմպերով Հայաստանը լուրջ մարտահրավեր է նետել ամբողջ աշխարհին, քանի որ նախատեսված տեմպերով զիջում ենք միայն Չինաստանին, որը վերջին տարիներին ամենամյա 6.5 տոկոս աճ է գրանցել ու առաջիկայում եւս պահպանելու է նույն տեմպերը: Իսկ ահա ԵՄ երկրներում աճը հազիվ 1.8 տոկոս կարող է լինել, ԱՄՆ-ում՝ 1.5-ից ոչ ավելի, իսկ ՌԴ-ում հազիվ 1.4 տոկոս: Կարճ ասած, մենք ենք ու Չինաստանը, եւ այսպես շարունակվելու դեպքում իրոք կարող ենք ցնցել աշխարհը: Ափսոս միայն, որ բացարձակ թվային արտահայտությամբ Հայաստանում կանխատեսվող աճը այնքան էլ մեծ չէ, եւ իրականում այդ աճը դեռ չի ապահովում լուրջ զարգացում: Եւ հետո՝ այս իրավիճակում տարեկան ավելի քան 5 տոկոս աճ խոստանալն իրատեսական չէ թեկուզ եւ այն առումով, որ իշխանությունները նախատեսում են աճն ապահովել արդյունաբերության եւ շինարարության ոլորտների հաշվին, այսինքն՝ ոլորտներ, որտեղ մեծ է արտաքին ազդեցությունը:
Վաղուց հայտնի փաստ է, որ Հայաստանի արդյունաբերությունը գերազանցապես հենված է հանքահումքային արտադրանքի վրա, մինչդեռ համաշխարհային շուկայում կանխատեսվում է ծանր մետաղների գնի անկում: Իսկ թեթեւ արդյունաբերության ոլորտում աճը կանխատեսվում է՝ ի հաշիվ արտաքին շուկայի պահանջարկի: Բայց դեռ հստակ չէ, թե արտաքին շուկայում հայկական արտադրանքը երկարաժամկետ կտրվածքով որքանո՞վ է պահանջված լինելու: Շինարարության ծավալների աճի մասին խոսելն ավելորդ է, քանի որ սա էլ կառավարությունը պայմանավորել է ներդրումների աճով: Բայց ներդրումային ոլորտում էլ էական տեղաշարժ չկա, ընդհակառակը, Հայաստանի հիմնական գործընկեր երկրներն արտահանում են իրենց կապիտալը: Բացի այդ՝ նախորդ տարիներին այնքան մեծ է եղել այս ոլորտում անկումը, որ ցանկացած դրական տեղաշարժ տոկոսային հարաբերությամբ լավ է հնչում:
Այնպես որ, տնտեսական լուրջ առաջընթացի համար նախ եւ առաջ պետք են քաղաքական լուծումներ՝ խաղի կանոնների փոփոխություններ:
Հ.Գ. Ի դեպ, երեկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, պատասխանելով հարցին, թե մասնագետների կարծիքով 5 տոկոս տնտեսական աճը չի կարող Հայաստանին դուրս բերել աղքատությունից, ասել է. «Շատ դժվար է ասել՝ 5 տոկոսը քիչ է, թե շատ: Աշխարհում 5 տոկոսը բավական լուրջ ցուցանիշ է, բայց մեր տիպի երկրներում…»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԱԶԱՏԵԼ Է ՊԵՏԻՆ
Վահե Հակոբյանի՝ ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնին նշանակվելուց հետո մարզպետարանի աշխատակիցները ազատման դիմումներ են գրում: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ հունիսի 30-ին աշխատանքից ազատվել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը: Ըստ Սյունիքի մարզպետարանի` Հովիկ Ալեքսանյանը ազատվել է անձնական դիմումի համաձայն: Իսկ նրա պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է բաժնի պետ Հայկ Հարությունյանին: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ալեքսանյանը այնպես չէ, որ ինքնակամ ազատվել է աշխատանքից, այլ «պարտադրել են ազատվել սեփական դիմումի համաձայն»:
Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի Վահե Հակոբյանը աշխատանքից ազատեց նաեւ խորհրդական Միշա Հովհաննիսյանին, օգնականներ Զարզանդ Նիկողոսյանին, Վիկա Դավթյանին, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանին, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հ. Հովհաննիսյանին: Դեռ անցած տարվա վերջին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մարզպետի թիրախում է հայտնվել նաեւ կրթության վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, որին մտադիր է փոխարինել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի Կապանի մասնաճյուղի նախկին տնօրենով: Փաստորեն նրա ժամանակն էլ եկավ:

 

 

«ՀՐԱԶԴԱՆ» ՔԿՀ ՊԵՏԻ ՆԱՄԱԿԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հրազդան քրեակատարողական հիմնարկի» պետը նամակ է ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին՝ հայտնելով, որ դատարան չի կարող ներկայանալ, քանի որ շատ զբաղված է: Դատավորը հարգելի է համարել նրա ծանուցագիրը եւ հայտարարել, որ հուլիսի 17-ին պարտադիր պետք է ներկայանա՝ անկախ զբաղվածությունից, իսկ եթե չներկայանա, ապա բերման կենթարկեն: Նշենք, որ «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանին որպես վկա են հրավիրում դատարան, ՔԿՀ-ում կատարած աղմկահարույց (ՔԿՀ-ի պաշտոնատար անձը փորձել էր կալանավորից կաշառք վերցնել) քրեական գործով հարցաքննությանը մասնակցելու նպատակով:
Նշենք, որ արդեն երրորդ ծանուցագիրն է ուղարկվում ՔԿՀ պետին:

 

 

 

ԱՆԻՄԱՍՏ
Տեւական ժամանակ է, ինչ ԱԺ նոր պատգամավորները դժգոհում են Ազգային ժողովի վարչություններից: Նշենք, որ խորհրդարանում գործում է 9 վարչություն, սակայն, պատգամավորների խոսքով, դրանցից ոչ մեկ իրեն վերապահված գործառույթները չի կատարում: «Ժողովուրդ»-ը պատգամավորներից դժգոհություն ստացավ այն մասին, որ հատկապես արտերկրին առնչվող հարցերը, որոնք հստակ ժամկետներ են ենթադրում, վարչությունների աշխատակիցների անփությության պատճառով բաց են թողնվում: Ու շատ հաճախ պատգամավորներն իրենք են ստիպված կատարում վարչությունների աշխատակիցների պարտականությունները:

 

 

 
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ երեք տարվա ընթացքում Հայաստան դրամական փոխանցումները կրճատվել են 38.4%-ով կամ 830 մլն դոլարով: Առաջին հերթին դա կապված է 2014թ. կեսերից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներով եւ երկրի տնտեսական աճի դանդաղ տեմպերով: 2015թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 3.7%-ով, 2016-ին՝ 0.2%-ով: Տնտեսությունը պահպանելու համար Հայաստանն ավելացրել է արտաքին պարտքը: 2015 թվականին ՀՆԱ-ի հանդեպ բյուջեի դեֆիցիտը կազմել է 4.8%, 2016թ. արդյունքներով՝ 5.5%: Բայց 2017թ. նախատեսվում է այն կրճատել՝ հասցնելով 2.8%-ի, որպեսզի հնարավոր լինի լուծել պարտքերի խնդիրը:

 

 

 

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ ԱԳՆ-ն արդեն իր կարծիքն արտահայտել է այն կապակցությամբ, որ ադրբեջանցիները շահարկում են երեխայի մահը, այդ ուղղությամբ ինչ-որ պետք է, արվում է: Նախարարի խոսքով՝ դիվանագիտությունը մամուլի կամ հեռուստատեսության միջոցով չի վարվում. «Ինչքան կարող ենք իրազեկել, իրազեկում ենք»: Դիտարկմանը, թե տեղի ունեցած սադրանքից հետո հնարավո՞ր է՝ հետաձգվի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը պետք է լինի այս ամիս, Նալբանդյանը պատասխանեց. «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից՝ թե՛ ամենաբարձր, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով: Ինչպես ասել էի մի քանի օր առաջ՝ բացառված չէ, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում լինի հուլիսին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է արձագանքեն եւ արձագանքեցին այս դեպքերին»:

 

 

 

ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով հուլիսի 4-ին ԼՂ շփման գծում լարվածության սրացմանը, նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շփման գծում իրադրության կայունացման համար: Նա հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում ընդգծվում է բռնության դադարեցման եւ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Հուլիսի 4-ին Արցախի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

 

 

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Երեկ 86 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը: Արտաշես Հովսեփյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:




Լրահոս