Պոլսո պատրիարքի այլ թեկնածուներ էլ կարող են լինել, այդ թվում՝ Նավասարդ արք. Կճոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայձայն.am»-ը գրում . «Այս օրերին Հայաստանում է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը՝ մասնակցելու մի ձեռնադրության: «Հայ Ձայնը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Պոլսո պատրիարքական տեղապահին եւ զրուցեց պատրիարքական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին:

Գարեգին արք. Բեքչյանը հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքները հանգիստ հունով են ընթանում, մասնավորապես, անդրադառնալով վերջերս կազմված եւ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռարկ մարմնի գործունեությանը, նշեց, որ այդ կառույցի կազմավորումը դրական է գնահատում եւ տեսնում է, որ այնտեղ խելացի մարդիկ կան ընդգրկված:

Պոլսո պատրիարքական տեղապահն այս առումով ասաց. «Ինքս իրավունք ունեի անձամբ նշանակելու անդամներին, բայց ուզեցի, որ իրենք ընտրեն, որպեսզի հետո չքննարկվի՝ այս մեկին նախընտրեց, մյուսին չնախընտրեց»:

Պոլսո համայնքի նշանավոր գործիչներից Պետրոս Շիրինօղլուի հրաժարումը Նախաձեռնարկ մարմնի կազմից էլ բացատրեց նրանով, որ Շիրինօղլին այդ կառույցի աշխատանքն ավելի շատ տեխնիկական գործ է համարել՝ ցանկերի ճշտում եւ այլն եւ անհրաժեշտություն չի տեսել իր ներկայությունը, դուրս է եկել, սակայն տեղեկացրել է, որ ամեն ինչով պատրաստ է օգնել կառույցի աշխատանքներին:

Ինչ վերաբերում է համացանցում այդ առիթով ծավալված քննարկումներին, Գարեգին արք. Բեքչյանն ասաց, որ հայ ժողովրդի մեջ միշտ կան նման քննարկումներ, մարդիկ կան, որ առանց ետին քննարկումների չեն կարող. «Բոլորին էլ չենք կարող պատասխանել կամ լռեցնել, մարդիկ իրենց ազատությունը գտել են համացանցում, ինչ ուզում գրում են»,-ասաց Պոլսո պատրիարքական տեղապահը:

Գարեգին արք. Բեքչյանը, մեր հարցմանն ի պատասխան, թե համայնքում արդյոք դեռ կա՞ նախկին լարվածությունը՝ պատրիարքական հարցերի շուրջ, ասաց. «Ո՛չ, թուլացել է այդ լարվածությունը: Հանդարտ է իրավիճակը, քան՝ առաջ էր: Ես ինքս էլ հանդարտ մարդ եմ, այդ էլ է օգնում, որ իրավիճակը լարված չլինի: Աշխատում են: Ժողովները լավ անցան: Նախաձեռարկ մարմնի աշխատանքները շարունակվում են, ես չեմ մասնակցում, անհրաժեշտ չէ իմ ներկայությունը: Այլ հարցեր կան, որոնցով զբաղված եմ, հիմա այստեղ եկա, հետո գործով Ֆրանսիա պիտի գնամ»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս ընթացքով հավանաբար դեպտեմբերին տեղի կունենա պատրիարքի ընտրությունը: Ըստ նրա, ավելի շուտ հնարավոր չէ, քանի որ մինչեւ հոկտեմբեր հազիվ կարողանան ընտրական ցանկերը պատրաստել, որոնք խառն են, ժամանակ է պահանջվում, հետո պատրիարքարանը կորոշի ընտրության անցկացման օրը, կդիմի պետության հավանությունը ստանալու, պետությունն էլ կվավերացնի:

Խոսելով թեկնածուների մասին, Գարեգին արք. Բեքչյանն ասաց, որ մինչեւ հիմա շրջանառվող անուններին կրկին անուններ կարող են ավելանալ: «Թուրքիայում ծնված այլ եկեղեցականներ էլ կան, որոնք իրավունք ունեն մասնակցելու պատրիարքական ընտրությանը: Կարգը պահանջում է, որ մենք նամակ գրենք բոլորին եւ հարցնենք՝ թեկնածո՞ւ են, թե՞ ոչ: Եթե թեկնածու լինեն, պիտի հրավիրենք Պոլիս եւ ժողովրդին ծանոթացնենք նրանց:

Այդպիսի մի յոթ-ութ հոգի կան: Խաժակ Սրբազանը կարող է լինել, Նավասարդ Սրբազանի հայրն էլ պոլսեցի է, ծագման առումով ինքն էլ իրավունք ունի առաջադրվելու: Միքայել Սրբազանի հայրն էլ Թուրքիայում է ծնվել՝ Կիլիկիայում: Երուսաղեմի Սեւան Սրբազանի հայրն էլ Թուրքայում է ծնվել, էլի անուններ կան, թող գան, ես ոչ մի խնդիր չունեմ: Աստված թող տնօրինի»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր զրույցի ընթացքում Սրբազանը նաեւ հայտնեց, որ Պոլսո պատրիարքական ընտրության նախապատրաստական աշխատանքների ընթացքը ներկայացրել է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպմանը, վերջինս գոհ է աշխատանքներից. «Խաղաղությամբ լուծենք այս հարցը»,-ասաց Գարեգին արք. Բեքչյանը»:




Լրահոս