Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ուղարկել Տարոն Մարգարյանին. քաղաքապետարանը գործընթաց է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը, քննարկելով ՀՀ ՔԿ-ի միջնորդագիրը, կուսումնասիրի կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջազգային փորձը։

Ամփոփելով Երևանի կամուրջներից կատարված ինքնասպանությունների դեպքերը՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրում մասնավորապես ասվում է՝
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում կատարվել են ուսումնասիրություններ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքերի վերաբերյալ։

Պարզվել է, որ 2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից:

Ինքնասպանություն գործած 30 անձից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝մինչև 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր: Նշված անձանցից 4-ը տառապել է հոգեկան հիվանդությամբ:

Հիշյալ կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած անձանց թիվը կարող էր բազմապատկվել, եթե բազմաթիվ ինքնասպանության փորձեր չկանխվեին առանձին քաղաքացիների կամ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Ինքնասպանության դեպքերի առթիվ կատարված նախաքննությամբ հիմնականում բացահայտվում են այն պատճառներն ու պայմանները, որի արդյունքում անձինք դիմում են նման քայյի, և, որպես կանոն, այդ դեպքերը տեղի են ունենում կենցաղային դրդապատճառներով: Այդ պայմանների վերհանումը դեռևս բավարար չէ և չի կարող ինքնասպանության դեպքերի կանխման համար անհրաժեշտ կանխարգելիչ ազդեցություն ունենալ:

Միաժամանակ, փորձը ցույց է տալիս, որ այն դեպքերում, երբ կանխվում է ինքնասպանությունը, որպես կանոն, այդ անձը կրկին ինքնասպանության չի դիմում:
Բացի այդ, արձանագրվել է նաև դժբախտ պատահար՝ Դավթաշենի կամրջից վայր է ընկել և մահացել 13 տարեկան անչափահասը: Այդ փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանության հակում ունեցող անձանց գործողությունները կարելի է կանխել՝ դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը և այլ տեխնիկական լուծումներ»:
Ուստի, կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերը, ինչպես նաև դժբախտ պատահարները կանխելու նպատակով՝ ՀՀ քննչական կոմիտեն միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Ի պատասխան միջնորդագրի՝ Երևանի քաղաքապետարանից ստացվել է պատասխան, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նշված հարցը անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ քննարկելու, ինչպես նաև միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով:




Լրահոս