Ըստ գյուղատնտեսության նախարարության` արձանագրվել է արտահանումների և մթերումների աճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2017 թվականի արտահանումների և մթերումների ընթացիկ արդյունքները, անդրադարձել գյուղոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեկնարկող մի շարք ծրագրերի:

Փոխնախարարի խոսքով` այս տարի ավելացել են ինչպես մթերումների, այնպես էլ արտահանումների ծավալները.

«Հուլիսի 26-ի դրությամբ վերամշակող ընկերությունները մթերել են 10500 տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը շուրջ 67 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Արտահանվել է 65000 տոննա պտուղ-բանջարեղեն, որից՝ 26000 տոննա ծիրան, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին 7 տարիների համար, ընդ որում, ծիրանի արտահանումը դեռ շարունակվում է` ի հաշիվ սառնարանային տնտեսություններում պահեստավորված մթերքի»,- ամփոփելով տվյալները` նշել է Ռոբերտ Մակարյանը:

Ռոբերտ Մակարյանը նաև հավելել է, որ այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շուրջ երկու անգամ ավել` 2500 տոննա ելակ է արտահանվել, իսկ կարտոֆիլի արտահանումը եռակի անգամ է ավելացել` կազմելով 5400 տոննա: Արտահանում իրականացվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 62000 տոննա, մնացածը՝ Վրաստան, ԱՄԷ, Բելառուսի Հանրապետություն և Ուկրաինա:

Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթ օրվանից կսկսի գործել Մաշտոցի պողոտայում տեղակայված գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը, քանի որ բերքի ծավալներն ավելացել են, և առկա է մեծ պահանջարկ: Նշենք, որ հունիսի 10-ից վերաբացվել է և յուրաքանչյուր շաբաթ- կիրակի օրերին գործում է նաև Կասյան փողոցին հարող հրապարակի գյուղմթերքի տոնավաճառը, գյուղացիական տնտեսությունների համար մասնակցությունն անվճար է:

Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ 2017 թվականի հուլիսի 26-ի դրությամբ վաճառվել է 65 միավոր գյուղտեխնիկա, որից՝ 29 միավոր տրակտոր և 36 միավոր այլ գյուղտեխնիկա: Այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը: Հիշեցնենք, որ այդ ծրագրով տեխնիկան տրամադրվում է 9 տոկոսով, որի 7 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ սուբսիդավորող գյուղվարկերը գյուղացիական տնտեսություններն արդեն հնարավորություն կունենան ձեռք բերել փաստացի 5, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների համար՝ 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Այս տարի նախատեսվում է տրամադրել շուրջ 7 մլրդ դրամի վարկեր, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 10 մլրդ դրամի: Նոր ծրագրով վարկերը կտրամադրվեն 3-10 մլն դրամի սահմաններում և կլինեն նպատակային: Ծրագրով նախատեսվում է նաև իրականացնել կարճաժամկետ դասընթացներ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղերի կողմից, որոնք ուղղված կլինեն ագրոտեխնիկայի կանոնների իմացության մակարդակի, ֆինանսական գրագիտության բարձրացմանը, որին մասնակցելուց և հավաստագիրը ստանալուց հետո, գյուղացիները, ֆերմերային տնտեսությունները հնարավորություն կունենան դիմել բանկերին կամ վարկային կազմակերպություններին՝ մատչելի տոկոսադրույքով վարկեր ստանալու համար:

Ներկայացնելով նոր ծրագրերը, փոխնախարարը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է իրականացնել հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիր, որի շրջանակում մատչելի վարկեր կտրամադրվեն շահառուներին:

Ռոբերտ Մակարյանը կոչ արեց բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, որոնք ոլորտում փորձառություն ունեն, առաջարկներ ներկայացնելու համար դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն (+37411) 523 411 հեսախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով մինչև օգոստոսի 8-ը` ժամը 18:00-ն ներառյալ:

Մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով շուտով կմեկնարկի մատչելի պայմաններով` 3 % տոկոսադրույքով, 1 տարի ժամկետով վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը: Փոխնախարարի պարզաբանմամբ` վարկի գումարը տրամադրվելու է անմիջապես գյուղացուն, որպեսզի վերամշակողներն այն այլ նպատակներով ծախսելու հնարավորություն չունենան:

Միջոցառման շրջանակում այսօր «Սուրեն-Անի» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Գալստյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը ստորագրել են պայմանագիր՝ Էլեկտրական չորանոցների իրացման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: Կողմերի համագործակցությունը նպատակ ունի աջակցել անհատ ձեռնարկատերերին և առևտրային իրավաբանական անձանց արտոնյալ պայմաններով էլեկտրական չորանոցներ ձեռք բերելու հարցում: Ըստ պայմանագրի՝ ֆինանսական վարձակալությամբ տրամադրվելու է գույքը՝ 1 տարի առավելագույն ժամկետով, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով և առնվազն լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս