Նաիրի Սահակյանը բուհ է ընդունվել 36 տարեկանում. բազմապրոֆիլ պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրի Սահակյանը 48 տարեկան հասակում արդեն հասցրել է իրեն փորձել ամենատարբեր ոլորտներում: 1987 թվականին ավարտելով Երեւանի Մարշալ Բաբաջանյանի անվան հատուկ զինվորական դպրոցը, ապա 1989թ. Կազանի հրթիռային բարձրագույն զինվորական ուսումնարանը՝ 1990 թվականից կտրուկ անցում է կատարում դեպի բիզնես ոլորտ եւ մինչ 94թ. ՌԴ Յակուտսկ քաղաքում գործարարությամբ է զբաղվել: Ընդ որում, զինվորական կրթություն ստացած Սահակյանը Ռուսաստանում գործարարությամբ է զբաղվել հենց այն տարիներին, երբ Հայաստանը ծանր պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ:

Սա, համաձայնեք, մի տեսակ տարօրինակ է հնչում, դեռ ավելին՝ միանգամայն այլ ենթադրությունների տեղիք տալիս, մասնավորապես Սահակյանը պատերազմի տարիներին Հայաստանից ուղղակի փախած է եղել: Պաշտոնական կենսագրության մեջ բացարձակապես տեղեկություն չկա, թե ինչով է նա զբաղվել նաեւ Հայաստանում պատերազմի ավարտից հետո՝ 1994-2001 թվականներին: Եւ միայն դրանից հետո է նա վերսկսել գործարարությամբ զբաղվել, բայց արդեն Մոսկվայում: Իսկ 2005 թվականին թողնելով այդ ամենը՝ նա վերադարձել է:

36 տարեկան հասակում Թալինի բնակիչ Նաիրի Սահակյանն ընդունվել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավագիտության բաժին՝ ավարտելով այն 40 տարեկանում: 2006 թվականին հիմնել է «Ես եւ Նա» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հանրային սննդի սպասարկմամբ եւ շինարարությամբ, իսկ 2007թ. էլ «Հայդուկն» ազգային հասարակական կազմակերպությունը: Այս ամենից հետո նա այժմ իրեն փորձում է արդեն խորհրդարանում. բազմապրոֆիլ պատգամավոր է Նաիրի Սահակյանը՝ զինվորական, իրավաբան, ՍՊԸ-ների ղեկավար եւ պատգամավոր:




Լրահոս