«Ուլիս-Երևան» ակումբի գլխավոր մարզիչների կողմից կաշառք ստանալու գործով ուշագրավ զարգացումներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուլիս-Երեւան» ակումբի գլխավոր մարզիչների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումները շարունակվում են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ուլիս-2» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին որոշել են մեկուսացնել եւ ուղարկել հարկադիր բուժման:
Ակումբի մարզիչները ցուցմունք չեն տալիս

Ինչպես հայտնի է՝ 2016 թվականին ԱԱԾ-ն բացահայտել էր հայկական ֆուտբոլային «Ուլիս- Երեւան» ակումբի գլխավոր մարզիչների կողմից կաշառք ստանալու դեպք: Ըստ այդմ, 2015թ. նոյեմբերին հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս-2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները` ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխել են միմյանց, առաձին ֆուտբոլիստների միջեւ: Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարզիկներին, մրցավարներին, մարզիչներին ապօրինի կաշառք տալը պատժվում է առավելագույնը ազատազրկմամբ երեք տարի ժամկետով:

Գրել էինք, որ նախաքննության ընթացքում որոշում էր կայացվել այս գործով մեղադրյալ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանի գործը առանձին քննել եւ ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, քանի որ նա անմեղսունակ էր ճանաչվել:
Հիմա սկսվել է դատաքննությունը, որտեղ գործով անցնող մեղադրյալները հրաժարվել են ցուցմունք տալուց: Օրինակ՝ «Ուլիս-2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը դատարանում ցուցմունք է տվել, որ ճանաչում է Ռուբեն Առուշանյանին, վերջինիս հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ, սակայն օգտվելով մեղադրյալի դատավարական իրավունքներից՝ հրաժարվում է ցուցմունք տալուց եւ դատավորի հարցերին պատասխանելուց:

Ակումբի պաշտպան Հայկ Հունանյանը եւս դատարանում հայտնել է, որ ճանաչում է ամբաստանյալ Ռուբեն Առուշանյանին, սակայն հրաժարվում է ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց: Արդյունքում դատավոր Մեսրոպ Մակյանը՝ տեսնելով, որ «Ուլիս-2» ակումբի «խաղը վաճառողները» հրաժարվում են ցուցմունք տալուց, որոշել է հրապարակել նրանց՝ նախաքննության ընթացքում իրավապահներին տրված ցուցմունքները, որտեղ ըստ էության գործով մեղադրյալները չեն ընդունում, որ առհասարակ կաշառք են վերցրել եւ խաղը վաճառել:

Բանը հասավ վկաներին

Պարզեցինք, որ աղմկահարույց այս գործով դատարան են հրավիրվել վկաներ, որոնք ակումբի դարպասապահներն են եղել, սակայն վերջիններս եւս հրապարակավ հայտարարել են, որ երբեւէ պայմանավորված խաղ չեն իրականացրել:
Ու թեեւ գործով վկաները կամ մեղադրյալները նախաքննության ընթացքում միաբերան կրկնել են, որ խաղի ելքի հետ կապված որեւէ պայմանավորվածություն չեն ունեցել եւ չեն ազդել խաղի ելքի վրա, նախաքննության եւ դատաքննության փուլում ինչ-ինչ հանգամանքներում ապացուցվել է, որ խաղի ընթացքի մասով մանիպուլիացիաներն են իրականացվել:

Մեղադրյալին մեկուսացնում են

Սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, «Ուլիս-2» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանի մասով գործը փակուղի է մտել, քանի որ դատաքննությունը չի կարող շարունակվել նրա առողջական վիճակից ելնելով:

Պարզվում է, որ նրան դատաբժշկական փորձաքննություններ են նշանակել, ու վերջին փորձաքննությամբ պարզվել է, որ ունի առողջական խնդիրներ: Այս հանգամանքից ելնելով՝ հուլիսի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը որոշել է Ռուբեն Առուշանյանին ազատել պատժից ու նրան հարկադիր բուժման ուղարկել հոգեբուժարան:

Քնար Մանուկյան




Լրահոս