Գետի հունի արհեստական բարձրացումն ու դրա հետևանքները. Դեբեդում ջրահեղձման դեպքերի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզում հուլիսի 16-ին Դեբեդ գետում կնոջ խեղդվելու դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հատկանիշներով:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ հիշյալ օրը ժամը 13:30-ի սահմաններում, ՍՊ ընկերությանը պատկանող, Դեբեդ գետի վրա տեղակայված Շնողի ջրատար հանգույցի դարպասի բացման արդյունքում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձի կողմից դրանց խախտելու հետևանքով տեղի է ունեցել ջրի հունի բարձրացում, որի ընթացքում վերը նշված հանգույցից շուրջ 800 մետր հեռավորության վրա` Լոռու մարզի Շնող-Քարկոփ գյուղերի միջանկյալ հատվածով հոսող Դեբեդ գետն անցնելիս՝ Սեդա Վարդանյանին և նրա մորը` Ռոզա Վերմիշյանին, գետը քշել է, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործով Ռոզա Վերմիշյանը ճանաչվել է տուժող:

ArmLur.am-ի Լոռու թղթակցի հետ զրույցում դեպքի հաջորդ օրը «Այրում ՀԷԿ»-ի ՀԷԿ-ի տնօրեն Լևոն Հոբոսյանը հաստատել էր, որ իրենք ՀԷԿ-ից ջուր են բաց թողել: Միևնույն ժամանակ հերքել, թե ողբերգական դեպքը կապված է ՀԷԿ-ից ջուր բաց թողնելու հետ. «Հեռախոսագրում էլ է նշված, որ ջուրը բաց է թողնվել 13:30-ի սահմաններում, իսկ դեպքը տեղի է ունեցել 15:30-ի սահմաններում»,- ասել էր նա` նշելով, որ ՀԷԿ-ից ջուր բաց են թողնում շլյուզները մաքրելու նպատակով, ինչպես նաև՝ ողջ ջուրը չօգտագործելու:

Իսկ ահա քննչական մարմինը, փաստորեն, տվյալներ ու ապացույցներ է ձեռք բերել, որ գետը վարարել է ՀԷԿ-ից բաղ թողնված ջրի պատճառով:

Հատկանշական է, որ այն հատվածով, որտեղով մայր ու աղջիկ անցել են գետը, կարող էին անցնել նաև երեխաները, քանի որ գետը տվյալ հատվածում պատված է քարերով: Այս մասին պատմում էին նաև տեղացիները: Ստացվում է` կանայք անցել են գետը, մշակել իրենց այգին ու վերադարձել. ընթացքում գետի ջուրը միանգամից բարձրացել ու քշել է մորը, իսկ աղջիկը հազիվ է կարողացել փրկվել:

Ի դեպ, ՀԷԿ-երի՝ նման գործունեությունը նորություն չէ, տարիներ առաջ էլ ձկնորսներ էին ագելափակվել Դեբեդում: Ըստ տեղեկությունների՝ որոշ դեպքեր ավարտվել են ողերգությամբ, երբ ջրի հունի արհեստական բարձրացման պատճառով կամ գետում լողացողներին է գետը քշել, կամ ձկնորսներին, կամ էլ՝ գետի ափին զբոսնող ու հանգստացողներին:

Այս առումով քայլեր պետք է ձեռնարկվեն՝ բնակչությանը ջրի հունի բարձրացման ժամերի մասին տեղեկացնելու ու անվտանգության միջոցառումների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս