Ոսկեվազում մարդիկ իրենց հողերը մեկ ամիս է, ինչ չեն ջրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ կանգնած են ոռոգման ջրի խնդրի առաջ: ArmLur.am-ը Ոսկեվազի գյուղի բնակիչներից տեղեկացավ, որ գյուղում կան մարդիկ, ովքեր ջուր չունենալու պատճառով մեկ ամսով չեն ջրել իրենց հողատարածքները: Այս թեմայի շուրջ զրուցեցինք Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանի հետ: «Այս տարի շատ վատ վիճակ է` բարձր ջերմաստիճանի պատճառով: Մոտ 15 օր առաջ էներգետիկ վթարի պատճառով չորս օրով կտրեցին Արզնի-Շամիրամ ջրանցքը, ապա եւս 2 օրով կտրեցին: Իսկ ինչպես հայտնի է`հունիս ամսից գետերում ջուր չկա: Պատկերացնում եք այս ամենի արդյունքում գյուղի բնակիչների հողագործական աշխատանքները 20 օրով հետ են ընկել»,- վրդովված ներկայացրեց գյուղապետը:

Նա մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ոսկեվազցիները իրենց հողատարածքները ժամային գրաֆիկով են ոռոգում: «Բայց մինչեւ մեկը ջրում է իր հողատարածքը, մյուսի ջրած հողատարածքն է չորանում: Նույնիսկ առուները, որոնք բնական գետերով են սնվում, ջուր չունեն: Խայտառակ վիճակ է այս տարի: Մարդիկ կան, որ մեկ ամիս է, ինչ իրենց հողատարածքները չի ջրվել: Հինգ օր չջրեն չորանում է ու հավասարվում այն մեկ ամիս չջրածին»,- ավելացրեց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:

Զրույցի ավարտին գյուղապետը փոխանցեց նաեւ, որ եւ Արագածոտնի մարզպետարանը եւ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղյակ են խնդրին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս