Նվազում ենք` ավելանալու խոստումներով. ռեկորդային ցածր թիվ է գրանցվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մշտական բնակչության թիվը պաշտոնական տվյալներով այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պակասել է 6 հազար 200-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 15 հազարով: Բայց Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին ահազանգող միակ ցուցանիշը չէ. շարունակում է նվազել ծնելիությունը՝ 6.7 տոկոսով, փոխարենը աճել է մահացությունների ցուցանիշը՝ 2.1 տոկոսով: Արդյունքում բնական հավելաճը, կարելի է ասել, հասել է ռեկորդային ցածր թվի՝ 2 հազար 460-ի:

Ու եթե այս պատկերին «գումարում ենք» Հայաստանից այս կես տարվա ընթացքում մեկնած ու չվերադարձածների թիվը՝ 75 հազար 625 ՀՀ քաղաքացի, պատկերն ավելի ողբերգական է դառնում: Օրեցօր խորացող Ժողովրդագրական այս բացասական ցուցանիշները, սակայն, ուշագրավ են մեկ այլ համատեքստում. ինչպես հիշում եք՝ Սերժ Սարգսյանն ԱԺ առաջին նիստում հայտարարել էր ժողովրդագրական իրավիճակի էական ու կտրուկ բարելավելու անհրաժեշտության մասին, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ իր ծրագրում էր ամրագրել նույն միտքը՝ խոստանալով արտագաղթի դադարեցման դեմ, ծնելիության բարձրացման, մահացությունների մակարդակի կրճատման համար եւ այս ոլորտի բարելավման ուղղությամբ միջոցառումներ իրականացնել:

Բայց իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում. չնայած իշխանությունների խոստումներին՝ ընդհուպ 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու պնդումներին, ժողովրդագրական վիճակը ոչ միայն որեւէ դրական տեղաշարժի չի ենթարկվում, այլեւ, ընդհակառակը, խորանում են բացասական միտումները՝ լուրջ սպառնալիք դառնալով պետության, ազգային անվտանգության համար»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս