Հանգստյան գոտում տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը այլ մարդիկ էլ են ներկա եղել. հոր մահվան վրեժը լուծած որդուն մեղադրանք առաջադրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին Սևանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով կասկածյալ Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հավելենք, որ Էդգար Հովհաննիսյանը ծեծկռտուքի հետևանքով մահացած 60-ամյա Աշոտ Հովհաննիսյանի որդին է:

ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհանիսյանի եւ Արգավանդ համայնքի բնակիչների միջեւ տհաճ խոսակցությունը սկսել է հենց նավի վրա, ու լուրեր են պտտվում, որ անձամբ Աշոտ Հովհանիսյանն է զանգահարել որդուն` Էդգար Հովհաննիսյանին, եւ հայտնել, որ խնդիրներ ունի, որից հետո որդին եկել է հանգստյան գոտի ու տեսել է հորը` մահացած:

Արդյունքում, Էդգար Հովհաննիսյանը հոր վրեժը լուծելու համար Երեւան-Սեւան ճանապարհին սպանել է Դավիթ Առաքելյանին: Սակայն նկատենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության` Աշոտ Հովահաննիսյանի հետ վիճաբանած Դավիթ Առաքելյանը մենակ չի եղել: Պարզեցինք, որ Դավիթ Առաքելյանի հետ միջադեպի օրը եղել են իր հորեղբոր տղաները, երկու ընկերները` Լյովան եւ Սամվելը, որոնք եւս Արգավանդ գյուղի բնակիչներ են:

Մեզ հայտնի դարձավ, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները Դավիթ Առաքելյանի հետ միջադեպին ներկա գտնված հորեղբոր տղաներին, ընկերներին իրավապահները տարել են հարցաքննության եւ մինչ այժմ վերջիններիս հարազատները այլ տեղեկություններ չունեն: Սակայն այս պատմության մեջ ևս մի ցավալի դրվագ. միջադեպին ականատես է եղել սպանված Դավիթ Առաքելյանի հորեղբոր 13-ամյա թոռը:

Մեզ լուրեր հասան, որ երեխան դեպքից հետո այն վիճակում է գտնվում, որ հարազատներն ամեն ինչ անում են նրան օգնելու համար, երեխան կակազելով է խոսում:

ArmLur.am-ին այսօր հաջողվեց պարզել նաև, որ երեկ ոստիկանություն հրավիրված անձիք, ովքեր մեր տեղեկություններով` ներկա են եղեկ միջադեպին, բաց են թողնվել: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների` Դավիթ Առաքելյանի հարազատները շրջապատում ասում են, թե սպանված Աշոտ Հովհաննիսյանը միայնակ չի եղել. 20 հոգով հարձակվել են 5 երիտասարդի վրա: Ըստ նույն լուրերի` հարազատները վստահ են, որ առաջին զոհ տված կողմը պետք է տուժող ճանաչվի:

Այդուհանդերձ, նկատենք, որ գինովցած և տաքարյուն երիտասարդների հետ տեղի ունեցած միջադեպը ողբերգական հետևանքներ են թողել:

Իսկ ո՞վ պետք է պատասխան տա Աշոտ Հովհաննիսյանի մահվան համար: Մնում է հուսալ, որ իրավապահներն օբյեկտիվ քննություն կիրականացնեն:




Լրահոս