Հարց քաղաքացիներից` ի՞նչ սկզբունքով է 2-րդ կարգի հաշմանդամությունը փոխվում 3-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես արդեն 7 տարի է՝ ունեմ 2-րդ կարգի հաշմանդամություն: Ձեռքս 6 անգամ վիրահատել եմ: Հերթական անգամ ներկայացել եմ բժշկասոցիալական փորձաքննության, որպեսզի ձեռք բերեմ անժամկետ հաշմանդամություն: Իհարկե, ԲՍՓ-ն ինձ տրամադրեց անժամկետ հաշմանդամություն, սակայն 2-րդ կարգը դարձրեց 3-րդ կարգ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչո՞ւ է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը նման կերպ վարվում: Գնացի նախարարություն, ասացին՝ էլ չեմ կարող ոչինչ անել, վերջ:

Արտավազդ Անտոնյան (Դավիթաշեն, 5-րդ փողոց, 8-րդ տուն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե Ա. Անտոնյանը համաձայն չէ իր նկատմամբ կայացրած փորձաքննական որոշումների հետ, ապա «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ այդ որոշումները կարող է բողոքարկել դատական կարգով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 02.03.2006թ. N 276-Ն որոշմամբ հաստատված բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի 29-րդ կետի դրույթների համաձայն՝ առողջական վիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո բժշկասոցիալական վերափորձաքննության նպատակով Արտավազդ Անտոնյանը կրկին կարող է դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ ներկայացնելով առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթեր: ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1527-Ն որոշման համաձայն՝ փորձաքննությանը քաղաքացին կարող է որպես ներկայացուցիչ մասնակից դարձնել նաեւ իր կողմից ընտրած բուժող բժշկին կամ այլ բժիշկ մասնագետի:

Լրացուցիչ տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ է ներկայացնել Արտավազդ Վոլոդյայի Անտոնյանի դիմումը կամ նրա կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես պատասխանում է նշված, Ա. Անտոնյանը կրկին կարող է դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ ներկայացնելով առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթեր: Բայց երբ նա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում համապատասխան դիմում է գրել, տեղեկացել է, որ ամեն դեպքում իրավունք չունի նորից դիմել ԲՍՓ եւ վերափորձաքննություն անցնել:

Ստացվում է, որ սոցապ նախարարությունը մեզ այլ պատասխան է ուղարկում, իսկ քաղաքացուն տեղում այլ պատասխան են տալիս՝ շրջանցելով օրենքը: Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը հետեւողական է լինելու՝ պարզելու, թե ինչ ճակատագրի է արժանանալու խմբագրություն դիմած քաղաքացու խնդիրը:

Ընդգծենք, որ նախարարությունը պարտավոր է քաղաքացի Արտավազդ Անտոնյանին վերստին հրավիրել՝ պարզելու, թե ով է «գլխից ցրել» ՀՀ քաղաքացուն՝ անօրինական իր գործունեությամբ եւ պատժել գրասենյակային առնետի հոգեբանություն ունեցող այդ աշխատակցին:




Լրահոս