Ինչո՞ւ է դատախազությունն «ընկել ընտրակեղծարարների» ետևից. իշխանությունը ԵՄ-ին բա՞ն ունի ցույց տալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրությունների օրը ընտրակեղծարարության դիմած անձինք հայտնվել են տխուր իրավիճակում: Մի քանի գործով մեղադրող դատախազները դիմել են վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը, եւ որ նրանք իրենց պատիժը կրեն քրեակատարողական հիմնարկներում: Ի՞նչ նպատակ է հետապնդում այս քայլը:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ապրիլի 2-ին Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանը 16/3 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ էր արել: Ըստ Արմավիրում տարածված լուրերի՝ Կաղզվանցյանը ՀՀԿ անդամ է, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի կնոջ ազգականը, եւ չի բացառվում, որ հենց ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար էր նա կրկնակի քվեարկության փորձ արել:

Ամեն դեպքում նա այս արարքի համար դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն դատարանը պայմանականորեն նրա պատիժը չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով: Եւ ահա մեղադրող դատախազ Արամ Դոլինյանը հուլիսի 10-ին բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ ընտրակեղծարարը պատժվի եւ կատարած արարքի համար 2 տարի ազատազրկման մեջ գտնվի:

Այսպիսի խիստ վերաբերմունքի է արժանացել նաեւ Վանաձորի բնակիչ Արտյոմ Հովհաննիսյանը: Մեղադրող դատախազ Ռուդիկ Մինասյանը միջնորդել է դարձյալ կրկնակի քվեարկության փորձ արած ընտրակեղծարար Արտյոմ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված պայմանական պատիժը վերացվի, եւ նա 2 տարի մնա կալանքի տակ:

Նկատենք, որ մեղադրող դատախազները նման խիստ հետապնդում չիրականացրին 2015 թվականի դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ընտրակեղծարարության դիմած անձանց նկատմամբ:

Օրինակ՝ Նիկոլայ Մոսինյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, լինելով թիվ 4/20 տեղամասային հանձնաժողովի նախագահ, կազմված ընտրական փաստաթղթերում եւ արձանագրություններում ակնհայտ սխալ տվյալներ էր ներկայացրել՝ այս կերպ կեղծելով քվեարկության արդյունքները: Սակայն այդ արարքի համար դատարանը ազատազրկման դատապարտեց 3 տարի ժամկետով, եւ դարձյալ պատիժը պայմանականորեն չկիրառվեց:

Իսկ, օրինակ, Սամվել Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, լինելով Երեւան քաղաքի 4/12 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, քվեարկել էր այլ քաղաքացիների փոխարեն: Բայց դրա համար նա տուգանվեց ընդամենը 600 հազար դրամով:

Այս եւ շատ այլ դեպքերում մեղադրող դատախազները չբողոքարկեցին նրանց մասով կայացված որոշումները: Միգուցե արդարության վերականգման մղում չունե՞ին, կամ համապատասխան քաղաքական հրահանգը չկա՞ր:

Ընդ որում, նկատենք, որ հանրաքվեի օրը ընտրակեղծարարներն իրենց հանցանքը մինչեւ վերջ ավարտին էին հասցրել, իսկ ահա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության դիմած անձինք չէին հասցրել իրենց գործը մինչեւ վերջ, քանի որ նույնականացման սարքի կողմից հնչել էր համապատասխան ազդանշանը, եւ «բռնվել էին» տեղում:

Ստացվում է, որ ընտրակեղծարարության գործընթացը ավարտին հասցրած անձինք առավել մեղմ պատժի են արժանացել, քան այն անձինք, որոնք փորձել էին գնալ ընտրակեղծարարության, բայց ձախողվել էին:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարների նկատմամբ դատախազները որոշել են խիստ լինել: Ինչո՞վ է այս արդարադատությունը պայմանավորված:

-Ճիշտն ասած, ո՛չ պրոցեսին եմ տեղյակ, ո՛չ էլ դրանով պետք է զբաղվեմ, քանի որ դա իմ ոլորտը չէ: Իմ կարծիքով, պետք է դիմեք դատախազություն:

-Դուք՝ որպես արդարադատության նախարար, ինչպե՞ս եք գնահատում այն իրավիճակը, երբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրակեղծիք կատարած անձինք, որոնք իրենց հանցանքը ավարտին էին հասցրել, պատժվեցին ընդամենը տուգանքով, իսկ խորհրդարանական ընտրություններին հանցափորձ կատարած անձանց պահանջում են կալանավորել:

-Դուք ճիշտ հասցեատիրոջը չեք դիմում, ես սրանով ո՛չ զբաղվում եմ, ո՛չ ի պաշտոնե պետք է զբաղվեմ:

-Բայց որպես արդարադատության նախարար տեղեկություն չունե՞ք՝ ընտրովի արդարադատությունը քաղաքակա՞ն որոշման հետեւանք է, թե՞ անտրամաբանական զուգադիպությունը:

Կարծիք կա, որ ՀՀ իշխանությունները ընտրակեղծարարների դեմ պայքարի իմիտացիա են ստեղծում, որը պայմանավորված է ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկի հայտնի հայտարարության հետ:

-Դուք Ձեր հարցի պատասխանը լսեցիք, շնորհակալությո՛ւն:

Ինչեւէ, ընտրակեղծարարների նկատմամբ իշխանությունների աննախադեպ խիստ պահվածքը, թերեւս, պատահական չէ: Ակնհայտ է, որ դատախազների նմանօրինակ մոտեցումը քաղաքական որոշման հետեւանք է:

Դատախազների կողմից այս մոտեցումը ցույց տալով՝ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն միջազգային հանրության, մասնավորապես ԵՄ-ի մոտ ցույց տալ, թե հետամուտ են ընտրակեղծարարներին խիստ պատժի արժանացնելու հարցում եւ անողոք են նման հանցագործություն կատարողների նկատմամբ: Իսկ թե ինչ որոշում կիրականացնի ՀՀ վերաքննիչ դատարանը, թերեւս դժվար չէ կանխատեսել:

Քնար Մանուկյան




Լրահոս