Սերժ Սարգսյանը ՀՀ-ի շահի ու վարչապետության երկընտրանքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի մեկնարկել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի շրջագայությունը Արեւելյան Եվրոպա, որի շրջանակներում նա այցելեց Վրաստան, Էստոնիա եւ Մոնտենեգրո։ Երեք պետություններն էլ աշխարհագրորեն գտնվում են Ռուսաստանի ազդեցության գոտում, եւ բնական է, որ ԱՄՆ փոխնախագահի այցը առաջին հերթին պիտի դիտարկվի ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, որտեղ որոշակիորեն իր դերն ունի եւ Հայաստանը։

Փենսի այցելությունը տրամաբանական շարունակությունն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսի սկզբին իրականացրած շրջագայության, որն ընդգրկել էր Լեհաստանն ու Գերմանիան։ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմամբ մտահոգված՝ Թրամփի վարչակազմը Վարշավայում խոսեց Լեհաստանի ու ԱՄՆ-ի դաշնակցության մասին։ Դարերով կոփված բարդույթի ուժով Ռուսաստանը չափազանց զգայուն է Լեհաստանի հարցում եւ այս երկրին սատարող ցանկացած հայտարարություն ընկալում է իր շահերի դեմ, առավել եւս որ լեհերն էլ բարեկամաբար չեն տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Եվ ահա Լեհաստան այցելելու ու այդ երկրին ամերիկյան աջակցությունը խոստանալու՝ Թրամփի քայլը ակնհայտորեն միտված էր Ռուսաստանի հետ հարաբերությունների ճշգրտմանը։ Եվ եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Թրամփը Վարշավայից հետո հանգրվանեց Համբուրգում եւ Մեծ 20-յակի շրջանակներում հանդիպեց Պուտինին, ավելի հստակ է դառնում ամերիկյան գործողությունների տրամաբանությունը։ Ինչպես ամիսներ առաջ ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնին Մոսկվա ճանապարհելու անմիջապես նախօրյակին Թրամփը հրթիռակոծեց Սիրիան՝ Կրեմլում դժվարին սակարկություններից առաջ ամրացնելու համար հողը սեփական ոտքերի տակ, այնպես էլ նա այցելեց Լեհաստան, ապա հանդիպեց Պուտինին։ Ի դեպ, մինչ այդ էլ Թրամփը ընդունել էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, ինչը կրկին ազդակ էր Պուտինին:

Եվ ահա այժմ ռուսական քաղաքականության հետաքրքրության գոտի ժամանելով՝ ԱՄՆ փոխնախագահ Փենսը հայտարարում է իր երկրի աջակցությունը Վրաստանին, Էստոնիային եւ Մոնտենեգրոյին։ Վերջինս նոր է անդամագրվել ՆԱՏՕ-ին, եւ ակնհայտ է, որ Փենսի այցելությունն այդ առումով ինքնըստինքյան հանդիսանում է աջակցություն ՆԱՏՕ-ին ու վերջինիս անդամակցող երկրներին։ Փենսի այցելությունը մեսիջ է առ այն, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը շարունակում է մնալ ԱՄՆ արտաքին քաղաքականության հետաքրքրությունների ոլորտում։ Իսկ այդպիսի ազդակը բնականորեն պիտի բախվի ռուսական շահերին, որոնք ամեն անգամ դողէրոցքի մեջ են հայտնվում ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման թեմայից։ Մինչդեռ Էստոնիան, հանդիսանալով մերձբալթյան երկրներից մեկը, նույնպես ՌԴ-ին հղվող ամերիկյան ակնարկի առանցքային բաղադրիչն է։ Պուտինը ժամանակին ակնարկել էր, որ ռուսական զորքը կարճ ժամանակում ի վիճակի էր անարգել մտնել Մերձբալթիկա՝ հուշելով, որ Եվրոպան պետք է զգույշ լինի ՌԴ-ին վերաբերող գործողություններում։ Եվ ահա հիմա Փենսի այցը Մերձբալթյան երկիր պատասխան հուշում է Պուտինին, որ ԱՄՆ պաշտպանական հովանոցը չի վերանալու Եվրոպայի գլխից, ուստի Պուտինն իր ռազմատենչ նկրտումներում պետք է հաշվի առնի ամերիկյան գործոնին բախվելու տխուր հեռանկարը։ Եվ ահա այդ ամենի հանգույն՝ Փենսը եղավ նաեւ հարեւան Վրաստանում, որի հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակում են լարված մնալ։

Վրաստանում Փենսը անթաքույց կերպով արտահայտել է Թրամփի վարչակազմի աջակցությունը այս երկրի հետապնդած նպատակներին։ Փոխնախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սատարում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի քաղաքականությանը։ Այսպիսի ձեւակերպմամբ ԱՄՆ փոխնախագահը ցույց է տալիս, որ իր պետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները չեն փոխվել եւ չեն փոխվելու։ Որքան էլ Թրամփի վարչակազմը լարախաղացի պես թռչկոտի ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման պարանի վրա, Ռուսաստանը մեկուսացնելու ամերիկյան հիմնական նպատակները շարունակում են կենսունակ մնալ։ Թրամփի վարչակազմը մի կողմից ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց մյուս կողմից բախվում է ԱՄՆ արտաքին քաղաքական նպատակներին, որոնք պարզապես հակասության մեջ են ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու հետ։ Նախընտրական շրջանում Թրամփը սա չէր հասկանում, սակայն այժմ կարելի է վստահաբար պնդել, որ նա գիտակցում է քաղաքականության կոնկրետ գծի առավելությունը մյուսների նկատմամբ։ Այսինքն՝ Ռուսաստանը թուլացնելու քաղաքականությունը չի կարող հաղթահարվել այդ երկրի ղեկավարության հետ գործընկերային հարաբերություններ հաստատելով, որքան էլ այդ ցանկությունը մեծ լինի։

Այսպիսի նուրբ իրավիճակում, երբ ԱՄՆ նախագահը ցանկանում է բարելավել հարաբերությունները, սակայն նրա ձեռքերը կապված են, արտաքին քաղաքականության մեջ էլ ավելի է կարեւորվում շրջահայացությունը։ Սա առաջին հերթին վերաբերում է Հայաստանին, որի իշխանությունը բավականին մեծ կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից։ Երբ ԱՄՆ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականությունը, պարզ է, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների իրական բարելավման մասին խոսք լինել չի կարող։ Իսկ ինչպես ժամանակին բավականին դիպուկ նկատում էր հենց Սերժ Սարգսյանը, Հայաստանը կարող է մեծապես տուժել, եթե ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում հերթական լարվածությունն արձանագրվի։

Ուստի այս պահին Հայաստանից ակնկալվում է գերզգուշավոր քաղաքական ճկունություն՝ չփչացնելով որեւէ կողմի հետ հարաբերությունների բարեկամական մակարդակը։ Իսկ դա չափազանց դժվար է լինելու անել, քանզի Հայաստանում իշխանությունը լեգիտիմության ճգնաժամի մեջ է՝ որեւէ կողմին «ոչ» ասելու բնատուր անկարողությամբ։ Արդ, ԵՄ-ի հետ աշնանը սպասվող քաղաքական պայմանագրի կնքումը կարող է իսկական փորձություն լինել Հայաստանի համար, որովհետեւ ԱՄՆ-ՌԴ նոր լարվածության պայմաններում վերջինը կիրառելու է 2013թ սեպտեմբերի 3-ի «գիշերվա» մեթոդը՝ Սերժ Սարգսյանին մեն-մենակ թողնելով Հայաստանի շահի ու 2018թ ապրիլին վարչապետի պաշտոնին բազմելու երազանքի երկընտրանքում։

Ն. Հովսեփյան




Լրահոս