ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Տարոն Մարգարյանին` կողմնորոշվելու համար. ինչո՞ւ է անտեսում Աղվան Հովսեփյանի առաջարկը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Տարոն Մարգարյանին` կողմնորոշվելու համար. ինչո՞ւ է անտեսում Աղվան Հովսեփյանի առաջարկը

Հուլիսի 24-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Անցել է արդեն ավելի քան երկու շաբաթ. ArmLur.am-ը փորձեց փաստերով հասկանալ` ինչպիսին է պատկերը գերատեսչությունների համագործակցությունից հետո:

Նախ նշենք, որ 2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից:

Աղվան Հովսեփյանի միջնորդագրում ասվում էր, թե ինքնասպանության հակում ունեցող անձանց գործողությունները կարելի է կանխել՝ դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը և այլ տեխնիկական լուծումներ:

ՔԿ նախագահը, փաստորեն, լուծման տարբերակ է առաջարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Վերջինս էլ խոստացել է այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկել: Պատասխանել է, թե ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նշված հարցը անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ քննարկելու, ինչպես նաև միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով:

Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա: Հուլիսի 27-ին ևս նույն վայրում քաղաքացու դի էր հայտնաբերվել:

Փաստորեն, կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքերը չեն նվազում անգամ այն դեպքում, երբ հնարավոր է միջոցներ ձեռնարկել` դրանք կանխելու ուղղությամբ:

Երկու շաբաթը բավարար չէ՞ պաշտպանիչ ցանցեր տեղադրելու համար:

Տաթև Հարությունյան