Տրանսպորտային անուրջների մշուշոտ ապագան. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ օրերս կայացած հանդիպման ժամանակ քննարկված թեմաներից մեկն էլ վերաբերել է երկու երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցությանը, մասնավորապես Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային ու տարանցիկ ուղիների օգտագործման կարեւորությանը: Հայաստանի ու Իրանի ղեկավարների՝ վերջին բոլոր հանդիպումների ժամանակ կարեւորվել է նման ծրագրի իրականացումը: Բայց չնայած սրան՝ Իրան-Հայաստան տրանսպորտային տարանցիկ հաղորդակցության հեռանկարները դեռեւս մշուշոտ են, եւ պարզ չէ, թե ինչպես է Հայաստանը տեղավորվելու այդ ծրագրում:

Սկսենք նրանից, որ մի կողմից իշխանությունները բարձր մակարդակով խոսում են Իրանի հետ տրանսպորտային տարանցիկ ուղիների օգտագործման վերաբերյալ, սակայն կառավարության գործունեության հնգամյա ծրագրում որեւէ խոսք չկա այդ մասին: Միայն նշված է Իրանի ու Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների խորացման, նաեւ Իրանի հետ էներգետիկ համագործակցության ծրագրերի մասին:

Բացի այդ՝ Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող տրանսպորտային տարանցիկ ուղիների մեջ է մտնում նաեւ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին: Շինարարական աշխատանքները սկսվել են դեռ 2009 թվականից, բայց այս 8 տարիների ընթացքում 500 կմ ճանապարհից կառուցվել է մոտ 40 կմ-ն, ու ավարտը այդպես էլ չի ուրվագծվում: Ավելին՝ ե՛ւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը պարբերաբար քննադատել են մայրուղու շինարարության ընթացքը՝ դժգոհելով տեմպերի դանդաղությունից, աշխատանքի որակից: Բայց դրանից հետո անգամ իրավիճակն առանձնապես չի փոխվել, եւ հայտնի չեն Հյուսիս-հարավի ավարտի ժամկետները: Այնպես որ, Պարսից ծոցը Սեւ ծովին Հայաստանի տարածքով կապելու ծրագիրը որքան էլ գրավիչ է թվում, որքան էլ հավակնոտ է հնչում, բայց դեռ իրատեսական չէ:

Եւ հետո, նկատենք, որ Իրան-Հայաստան տրանսպորտային հաղորդակցության հեռանկարների մասին շատ-շատ է խոսվել: Եթե հիշում եք, դեռ 2008թ. հոկտեմբերին ԱԺ ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարել էր Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի մասին՝ նշելով, որ այն կմեկնարկի առաջիկա տարիներին: Եթե Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը թեեւ դանդաղ տեմպերով, բայց ընթանում է, նույնը չես ասի Իրան-Հայաստան երկաթուղու մասին:

Ս.Սարգսյանի հայտարարությունից անցել է ինը տարի, բայց շինարարությունը չի էլ սկսվել: Պատահական չէ, որ վերջին հանդիպման ժամանակ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հասան Ռոհանին չեն անդրադարձել երկաթուղու թեմային՝ ամենայն հավանականությամբ այն համարելով անիմաստ: Այս մասին խոսել է միայն ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը` օրերս Ս. Սարգսյանի` Իրան այցից հետո: Մարտիրոսյանը հայտարարել է, թե իրենք մեկ քայլ առաջ են գնացել Իրան-Հայաստան երկաթուղու շուրջ ներդրողների հետ բանակցություններում:

Նա տեղեկացրել է, որ վերջին շրջանում նախարարությունը կրկին բանակցություններ է վարել Դուբայում տեղակայված «Расиа» ФЗЭ ընկերության հետ, բայց բովանդակության մանրամասների մասին ոչ մի խոսք չի հայտնել: Բայց սա դեռ չի նշանակում, թե երկաթուղու կառուցման հարցում լուրջ տեղաշարժ կլինի: Բանն այն է, որ դեռ 2013-ի հունվարին Հայաստանի կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության միջեւ ստորագրվեց կոնցեսիոն պայմանագիր, համաձայն որի՝ ընկերությունը պարտավորվել է իր միջոցներով ուսումնասիրել հայ-իրանական երկաթգծի կառուցման հնարավորությունը, կառուցել այն, որի ավարտից հետո նրան կվերապահվի 30 տարի երկաթգիծը շահագործելու իրավունքը:

Արդեն 2015թ. հունվարին ՀՀ եւ Իրանի ԱԳ նախարարների մակարդակով հայտարարվեց, որ հայ-իրանական երկաթգծի կառուցման վերաբերյալ «եռակողմ լավ որոշումներ են կայացվել», եւ հույս կա, որ նախագծի իրականացումը արագ առաջ կընթանա: Անգամ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրակության այցի ժամանակ Իրանում նախաստորագրվել էր համաձայնագիր, ըստ որի՝ Հայաստանում երկաթգծի շինարարության առնվազն 30 տոկոսի ավարտից հետո Իրանը պարտավորվել է 400 միլիոն դոլար հատկացնել մինչեւ Հայաստանի սահման երկաթուղի կառուցելու համար, իսկ երրորդ կողմը «Ռասիա ՖԶԷ» ընկերությունն է, որի հետ Հայաստանի կառավարությունը կոնցեսիոն պայմանագիր է կնքել: Հետո հայտարարվեց, որ մինչեւ 2016-ի մարտ ամիսը «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ներկայացնելու է երկաթգծի կառուցման վերջնական նախագիծը: Բայց, փաստորեն, դեռեւս պայմանավորվածություններ են ձեռք բերվում եւ ոչինչ ավելի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս