Սերժ Սարգսյանի արձակուրդը գաղտնի թող մնա. ինչո՞ւ նա չի սիրում Հայաստանում հանգստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռան ամենաշոգ ամիսն է, եւ ինչպես բոլորը, նախագահները նույնպես արձակուրդ են գնում՝ ուժերը վերականգնելու ու պետական գործերին թարմությամբ լծվելու մտադրությամբ։ Իրենց արձակուրդներն են այս օրերին վայելում նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որոնք շարունակում են մնալ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ի դեպ, արձակուրդում է նաեւ Սերժ Սարգսյանը, որի հանգիստը պատված է գերգաղտնիության քողով:

ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփը 17-օրյա արձակուրդի է մեկնել ուրբաթ օրվանից: Հայտնի է, որ նա իր հանգիստն անցկացնելու է Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթերի շրջանում, որտեղ գտնվում է նրան իսկ պատկանող գոլֆի ակումբը: Հետաքրքիր է, որ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ 2013-14թթ. Թրամփը մեկ անգամ չէ, որ նախագահ Օբամային քննադատել էր արձակուրդ գնալու, ինչպես նաեւ չափից շատ գոլֆ խաղալու համար:

Թրամփը անգամ նախընտրական քարոզչության շրջանում հայտարարել էր, որ Օբաման ծուլության պատճառով է արձակուրդ գնում: Դեռեւս թեկնածու Թրամփը խոստանում էր նախագահ ընտրվելու դեպքում երբեք արձակուրդ չգնալ, քանի որ պետական աշխատանքը այնքան տարողունակ է, որ հանգստի ժամանակ էլ չի թողնի: Սակայն ինչպես խիստ հաճախակի պատահում է Թրամփի հետ, անգամ այս հարցում նա չի պահպանել իր նախընտրական խոստումը եւ նախընտրել է հանգստանալ 6-ամյսա ծանրաբեռնված աշխատանքից հետո:

Թրամփի՝ արձակուրդ մեկնելը բավականին խելամիտ որոշում է, եւ ենթադրվում է, որ նրան դրանում համոզել են իր խորհրդականները՝ մեղմելու համար նախագահական լիազորությունները ստանձնելուց հետո ամենօրյա ռեժիմով ընթացող քաղաքական սկանդալների ընթացքը: Թրամփը գրեթե ամեն օր ստիպված էր լինում պատասխանել ամերիկյան պարբերականների էջերում իր ու իր վարչակազմի մասին հերթական սկանդալային բացահայտմանը կամ անձամբ հայտնվել սենսացիոն նորությունների կենտրոնում: Եվ վարչակազմի գործունեության բնականոն ընթացքը այդօրինակ ծայրահեղ լարվածության պայմաններում անխուսափելիորեն խաթարվում էր՝ վտանգելով պետական համակարգի աշխատանքը:

Մինչդեռ ասպարեզից առժամանակ հեռանալով՝ Թրամփը թույլ է տալիս, որ կրքերը հանդարտվեն, իսկ իր անձի շուրջ փոթորկվող լարվածությունը որոշակիորեն մեղմվի: Միաժամանակ կարճաժամկետ դադարը կարող է օգտակար լինել նաեւ անձամբ նախագահի առողջության համար, որը հաստատապես ընտրվելիս այդքան լարված կյանք չէր ակնկալում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես մեկնել է հանգստի, որն անցկացնում է իր երկրի ներսում: Պուտինը շրջագայություն էր իրականացնում ՌԴ ծայրարեւելյան դաշնային շրջանում՝ լինելով հարավային Սիբիրում, Ամուրյան շրջանում, Տուվայում եւ այլուր: Այստեղ նա շրջել էր Տայգայով, ձուկ էր որսացել, ինչպես նաեւ զբաղվել էր ստորջրյա որսով: Հատկանշական է, որ ՌԴ նախագահի արձակուրդի մասին մանրամասն տեղեկատվություն է տալիս նախագահի մամուլի ծառայությունը:

Նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատրաստակամորեն պատասխանում էր լրագրողների հարցերին՝ տեղեկացնելով, թե նախագահը որտեղ է նախատեսում հանգրվանել, ինչով է զբաղվում եւ այլն: Եվ նման հրապարակայնությունն էլ ապահովվում է Կրեմլի՝ փակ ու գաղտնի գործելակերպի սիրահար գործիչների կողմից: Անշուշտ այստեղ գործ ունենք քարոզչական տակտիկայի հետ, սակայն այդ հանգամանքը բնավ չի նսեմացնում հրապարակայնության այսպիսի գովելի դրսեւորումը:

Սակայն եթե համաշխարհային առաջնորդները համաքաղաքացիներին հավուր պատշաճի տեղյակ են պահում իրենց արձակուրդի ժամկետների եւ գտնվելու վայրի մասին, ապա արեւելյան խանություններին բնորոշ երկրներում այդ տեղեկատվությունը փակ կողպեքի տակ է: Դժբախտաբար, այդպիսի բացառություն չէ նաեւ Հայաստանը, որտեղ իշխանության բարձրագույն ներկայացուցիչ Սերժ Սարգսյանի արձակուրդների մասին երբեւէ հստակ տեղեկատվություն չի տրվել:

Պարզ է միայն, որ նա չի սիրում իր արձակուրդը Հայաստանում անցկացնել՝ նախընտրելով արտերկիրը: 2017թ. ամռանը Սերժ Սարգսյանի «կարճատեւ» հռչակված արձակուրդի մասին նախագահականը ծանուցել է հուլիսի 24-ին՝ տեղեկացնելով, որ նրա արձակուրդը կընդմիջվի Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար: Սակայն ոչ մի տեղեկատվություն, թե Սարգսյանը որտեղ պիտի հանգստանա, ինչով պիտի զբաղվի եւ այլն:

Հասարակական շրջանակներում ամեն տարի խոսվում է, որ նա նախընտրում է իր արձակուրդն անցկացնել եվրոպական երկրների լավագույն հանգստավայրերում, ինչպես օրինակ՝ Բադեն Բադենում, Մոնակոյում եւ այլն: Այս քաղաքները, ի դեպ, հայտնի են նաեւ որպես խաղատների «մայրաքաղաքներ»: Դրանով են պայմանավորված նաեւ ավելի քան մեկ տասնամյակ տարածվող ասեկոսեներն այն մասին, որ Սերժ Սարգսյանը սիրում է այդ խաղատներում «ռուլետկա» խաղալ, ինչը նա հերքել էր դեռ 2008թ.:

Մեկ անգամ էլ այդ հարցի առնչությամբ Սարգսյանը անհարմար դրության մեջ էր հայտնվել ԵԽԽՎ-ում, որտեղ Զարուհի Փոստանջյանը նրան հրապարակային հարց էր ուղղել, թե արդյոք ճիշտ է, որ Սարգսյանը Մոնակոյի խաղատներում պարտվել էր 70 միլիոն եվրո: Եթե անգամ Սերժ Սարգսյանը խաղատներ այցելելու բացասական սովորություն չունի եւ տանուլ չի տալիս այդպիսի հսկայական գումարներ, հասարակության շրջանում այդ կասկածները չեն վերանում՝ առաջին հերթին նրա արձակուրդի շուրջ ստեղծված մշուշապատ քողի պատճառով:

Այս օրերին մամուլում հրապարակում եղավ, որ Սարգսյանը Բադեն Բադենից հետո այցելել է Շվեյցարիա եւ հանգստանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ: Թե որքանով է արժանահավատ սույն տեղեկությունը, այդպես էլ գաղտնի կմնա, որովհետեւ նախագահական նստավայրը հաստատապես չի բացահայտի Սարգսյանի արաձակուրդի մանրամասները: Այդ դեպքում ստիպված կլինի նաեւ պարզաբանել, թե այդ ինչ գումարներով է Սարգսյանը այցելում նման թանկարժեք քաղաքներ:

Ն. Հովսեփյան




Լրահոս