Շռայլ ծախսերի համար գումար կա, ինքնասպանությունները կանխելու համար՝ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Երեւանի քաղաքապետարանը փորձում է հատուկ խումբ ստեղծել կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն կատարելու դեպքերը կանխելու ուղղությամբ, նման դեպքերն ավելի հաճախակի են դառնում: Ինչպես հայտնի է՝ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

«Ժողովուրդը» Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց, թե այս ընթացքում ինչ է արել աշխատանքային խումբը, եւ երբ հստակ արդյունքներ կունենանք: Ի պատասխան՝ Գեւորգյանը դժվարացել է աշխատանքների ավարտի հստակ ժամկետ նշել՝ ասելով, թե այն կարճ ժամանակում կատարվող չէ, եւ նաեւ ֆինանսական ծախսեր են պահանջում: «Աշխատանքային խմբում պետք է ներգրավվեն համապատասխան մասնագետներ, պետք է ուսումնասիրվի միջազգային փորձը, որի արդյունքում էլ պետք է որոշվի, թե ո՞րն է առավել նախընտրելի տարբերակը, որից հետո էլ կարող է նախաձեռնվել պաշտպանիչ ցանցերի կառուցումը, ինչը, բնականաբար նաև ենթադրելու է ծախսեր: Եթե տվյալ ծախսերը պետք է կատարվեն համայնքային բյուջեից, դրա համար բնականաբար անհրաժեշտ է լինելու տվյալ ծախսերն իրականացնելու Երևանի ավագանու համաձայնությունը», – նշել է նա:

Կարող ենք եզրակացնել, որ մոտ ապագայում այս առումով առաջընթաց չենք կարող արձանագրել: Հետաքրքիր է՝ Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքապետարանը թանկարժեք կոնյակների ու այլ շռայլ ծախսերի գումար ունի, իսկ կամուրջները պաշտպանելով՝ կյանքեր փրկելու համար՝ ոչ:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում կատարվել են ուսումնասիրություններ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքերի վերաբերյալ։ Պարզվել է, որ 2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից:

Ինքնասպանություն գործած 30 անձից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝մինչև 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր: Նշված անձանցից 4-ը տառապել է հոգեկան հիվանդությամբ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս