ՀԱՅ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՓԵՍԱՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան մամուլը շարունակում է փոթորկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա նախընտրական թիմի ռուսական կապերի թեմայով: Այս անգամ էլ նոր առիթ է գտնվել հանձին նախագահի որդու ու ռուս իրավա-լոբբիստական շրջանակների հանդիպումների ու քաղաքական քննարկումների բացահայտման: Կարծիք կա, որ Թրամփի որդու հետ կապված պատմությունը ջրի երես է դուրս եկել` փրկելու համար նախագահի փեսայի քաղաքական կարիերան, որի կապերը ռուսական շրջանակների հետ, ըստ մամուլի ենթադրության, շատ ավելի մտերիմ են եղել:

Շաբաթներ առաջ մամուլում հայտնվեցին առաջին տեղեկություններն այն մասին, որ Թրամփի որդի կրտսեր Դոնալդը նախընտրական շրջանում հանդիպումներ էր ունեցել ռուս լոբբիստական մի շարք ներկայացուցիչների հետ: Պարզվում է, որ Հիլարի Քլինթոնի դեմ կոմպրոմատներ ձեռք բերելու համար Թրամփի թիմը փորձել է օգտվել ռուսական կառավարության ունեցած գաղտնի տվյալներից: Մինչ այս խոսվում էր սոսկ դիվանագիտական հանդիպումների ու խորհրդատվական քննարկումների մասին, սակայն այսօր արդեն հստակ է, որ նախագահի որդին փորձել է օգտվել ռուսական կառավարության ծառայություններից` վարկաբեկելու համար Քլինթոնին եւ ազդելու ընտրությունների ելքի վրա: Ամերիկյան պարբերականները օրեցօր նորանոր տեղեկություններ էին բացահայտում այնքան ժամանակ, մինչեւ Դոնալդ կրտսերը ստիպված եղավ հրապարակել իր նամակագրությունը ռուս իրավաբան-լոբբիստների հետ: Դրա ուսումնասիրությունն էլ մասնագետներին թույլ տվեց պնդել, որ նախագահի որդին, ըստ էության, անմիջականորեն ներգրավված է եղել ընտրությունների վրա ազդելու ռուսական գծում:
ԱՄՆ առաջին ընտանիքը փորձեց բոլոր ուղղություններով հակահարձակման անցնել` արդարացնելու համար կրտսեր Դոնալդի գործողությունները: Թրամփի փաստաբանը հրապարակավ անգամ հարց բարձրացրեց, որ եթե իր պաշտպանյալը հանդիպել է ոչ օրինավոր մարդկանց հետ, ապա ինչպես է ամերիկյան Գաղտնի ծառայությունը (պետական պաշտոնյաների անվտանգության ծառայություն) թույլատրել նման հանդիպումը: Սակայն Գաղտնի ծառայությունը շտապել էր արձագանքել փաստաբանին` հայտարարելով, որ Դոնալդ կրտսերն այդժամ դեռ չէր օգտվում պետական հատուկ պաշտպանության ծառայությունից: Ի դեպ, որդուն իր աջակցությունն է հայտնել նաեւ նախագահ Թրամփը` կրկին շեղվելով թեմայից: Նա հիշեցրել է, որ Հիլարի Քլինթոնը կարող էր կանխավ ապօրինաբար ձեռք բերել բանավեճերի հարցերը եւ վերացնել 33 հազար էլեկտրոնային նամակները, մինչդեռ ԶԼՄ-ներն ընկել են իր որդու ետեւից:
Ըստ արդեն իսկ հայտնի տեղեկությունների` բացի Դոնալդ կրտսերից՝ հանդիպմանը մասնակցել էին նաեւ 7 մարդ, այդ թվում` Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Սակայն մինչ այդ բացահայտումը, նախագահի փեսան չէր խոսել հանդիպման մասին ու երբեւէ չէր տեղեկացրել, որ նման բան տեղի էր ունեցել, իսկ ինքն էլ մասնակից էր եղել դրան: Դրա հետ մեկտեղ, Քուշները մի քանի անգամ արդեն իսկ հասցրել է հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, երբ ստիպված է եղել անընդհատ բացատրություններ տալ մի շարք գաղտնի հանդիպումների առթիվ հայտնի դարձած նորանոր տեղեկությունների մասին, որոնք նա նախկինում չէր բացահայտել` ի հեճուկս հետեւողականորեն արված հարցումների: Սրանով պայմանավորված` ամերիկյան լրատվականները կարծում են, որ Թրամփի որդու` վերոնշյալ հանդիպման մասին տեղեկատվությունն արհեստականորեն ուռճացվել է` նպատակ ունենալով ուշադրությունը շեղել Քուշների վրայից, որի շուրջ օղակն աստիճանաբար սեղմվում է: Ամերիկյան ԶԼՄ-ները կարծես ընկել են Քուշների հետքի վրա, որը Թրամփի թիմի թերեւս ամենաառանցքային ներկայացուցիչն է եւ հարյուրավոր դիվանագիտական հանդիպումներ է ունեցել նախընտրական շրջանում: Քուշները Թրամփի վարչակազմում առանձնահատուկ դեր ունի, որին անչափ վստահում է նախագահը: Այս փաստը հաշվի առնելով` հազիվ թե որեւէ այլ մեկը ներգրավված լիներ ռուսական կառավարության հետ հարաբերություններում, եթե ոչ Քուշները: ԱՄՆ դեմոկրատներն էլ անհանգստություն են հայտնում իրավիճակի առթիվ` անհնար համարելով, որ Քուշներն ու Դոնալդ կրտսերը նախագահին զեկուցած չլինեին իրենց «ռուսական» գործունեության եւ մասնավորապես վերոնշյալ հանդիպման մասին: Ավելին` մի քանի սենատորներ նույնիսկ հայտարարել են, որ պետք է օր առաջ չեղարկել Քուշների` ամերիկյան գաղտնի տեղեկություններին ծանոթանալու արտոնությունը, որ նա վայելում է ի պաշտոնե:
Նախագահների փեսաների ներգրավվածությունը նախընտրական քարոզարշավում ծանոթ երեւույթ է նաեւ մեզանում: Սերժ Սարգսյանի փեսա, այսօր Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը 2008թ. ակտիվորեն ներգրավված էր իր աներոջ ընտրարշավում: Անգամ պահպանվել է ամերիկյան դիվանագիտական խորհրդապահական մի զեկուցագիր, որի համաձայն` Մինասյանը ԱՄՆ գործերի արդեն նախկին ժամանակավոր հավատարմատար Փենինգտոնի հետ քննարկում էր Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը` փորձելով դրական լույսի ներքո ներկայացնել Սերժ Սարգսյանին` համեմատ Ռոբերտ Քոչարյանի: Մինասյանը ամերիկացի դիվանագետների առաջ պնդում էր, որ երկրի բոլոր դժբախտությունների պատճառը «չար բոյարներն են»` նկատի ունենալով օլիգարխներին: Այդ պատճառով նա ակնկալում էր արեւմուտքի աջակցությունը` ակնարկելով, որ վերջինիս առկայության դեպքում Սերժ Սարգսյանը ստիպված չի լինի իր իշխանությունը կառուցել օլիգարխների աջակցության վրա, եւ երկրի ներսում բարեփոխումների մեծ արշավ կսկսի: Գործող դեսպանի այդ խոստումները ակնհայտորեն փուչ դուրս եկան 9 տարի անց, երբ Սերժ Սարգսյանը ինքն է օլիգարխներին դարձրել իր ձեռքի խաղալիքը` այդպես էլ երկրում իրական փոփոխություններ չանելով: Փոխարենը Մինասյանը ստացավ բավականին պատկառելի մի պաշտոն եւ 2018թ. Սերժ Սարգսյանի վարչապետության օպերացիայի հաջողությունից հետո թերեւս ավելի ակտիվորեն կխառնվի ներհայաստանյան քաղաքական գործընթացներին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՎԱՐՈՐԴ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ «ԳԾԻՑ» ՀՐԱԺԱՐՎԵԼ է

Երեւանի քաղաքապետարանը ներքաղաքային միկրոավտոբուսային թիվ 22 երթուղու համար «Իսավ» ընկերության հետ կնքած պայմանագիրը լուծել է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերությունը հրաժարվել է երթուղուց: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Իսավ»-ի տնօրեն Պատվական Միհրանյանի հետ:

-Պարո՛ն Միհրանյան, բազմաթիվ քաղաքացիներ հետաքրքրվում են, թե ինչու չի գործում թիվ 22 երթուղին:
-Թիվ 22 երթուղին այլեւս մերը չէ: Մենք նման երթուղի չունենք:
-Բայց թիվ 22 երթուղին շահագործել է «Իսավ» ընկերությունը…
-Մոտ մեկ ամիս է, ինչ մեզ չի պատկանում: Նախկինում մերն է եղել, բայց մենք նորից հետ ենք տվել քաղաքապետարանին: Հրաժարվել ենք:
-Ի՞նչն էր հրաժարվելու պատճառը: Ձեռնտո՞ւ չէր…
-Ձեռնտու լիներ, ինչո՞ւ էինք հրաժարվում:
-Ձեռնտու կլիներ, երբ ուղեվարձի սակագինը բարձրանա՞ր…
-Միայն ուղեվարձը չէ խնդիրը: Հազար խնդիր կա. վարորդ չունենք, մեքենաները պարկում կանգնած` վարորդ չունենք: Ինչպե՞ս աշխատացնեինք ու հարկ ու տուրք վճարեինք: Խնդիրն ազգի մեջ է. բոլորը թողնում, գնում են այստեղից:
-Գուցե վարորդ չունենալու պատճառը ցածր աշխատավա՞րձն է…
-Տարբեր մարդիկ տարբեր պատճառաբանություններ ունեն:
-Հիմնականում ի՞նչ պատճառաբանությամբ են հրաժարվում վարորդ աշխատել:
-Հիմնական պատճառը ասում են՝ չեմ ուզում միկրոավտոբուս, ավտոբուս քշել: Չեմ ուզում այդ աշխատանքը կատարել, դա լավը չէ, ավելի լավ աշխատանք եմ ուզում:
-Այժմ Ձեր ընկերությունը երթուղի շահագործո՞ւմ է:
-Ունենք 39, 71 միկրոավտոբուսային երթուղիները: Մենք թիվ 22 երթուղուց հրաժարվել ենք, որպեսզի կարողանանք գոնե սրանց պահել:
-Պարո՛ն Միհրանյան, Դուք այն ուղեւորափոխադրողներից էիք, երբ 2013թ. պահանջեցիք հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացում…
-Մենք այն ժամանակ գոռում էինք, որ տրանսպորտի վիճակը լավ չէ: Խնդրում էինք անդրադառնալ, ասում էին` գերշահույթ եք ստանում: Հիմա նվեր ենք տալիս: Իսկ հիմա միայն 22-ը չէ, բազմաթիվ երթուղիներ են փակվում: Ոչ շահութաբեր լինելու պատճառով են փակվում, տուն-տեղ գրավադրել են, գնացել ավտոբուսներ են բերել, բայց շահույթ չեն ստանում: Բա ի՞նչ անեն այդ մարդիկ: Մի ելք ասեք, այդ մարդը ո՞նց աշխատի: Կմնան մի վրանի տակ, տունն էլ ձեռքներից կվերցնեն:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ
2017թ. հուլիսի 13-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրելու մասին: Այդ մասին որոշման մեջ նշված է, որ պարգեւատրումը կատարվում է 2017թ. առաջին կիսամյակի կատարողականի արդյունքներով, մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին: Մարզպետը պարգեւատրման որոշման կատարումը հանձնարարել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանին: Տավուշի մարզպետի որոշման մեջ նշված է, որ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պարգեւատրումը կատարվում է՝ համաձայն որոշմանը կից հավելվածի, սակայն մարզպետարանի ինտերնետային կայքում որոշման հավելված ներկայացված չէ: Այդ հավելվածում նշված կլիներ, թե մարզպետարանի քաղաքացիական քանի ծառայող որքան գումարով է պարգեւատրվել, բայց չկա:
Նկատենք, որ Տավուշի մարզպետարանի աշխատակազմին տրված պետական դրամական պարգեւատրումները բյուջեից պարբերաբար բնույթ են կրում: Սահմանամերձ, հոգսաշատ Տավուշի մարզում բազում հիմնախնդիրներ կան, որոնք ֆինանսների սղության պատճառով չեն լուծվում, իսկ սոցիալապես ապահովված, ոչ ցածր աշխատավարձ ստացող Տավուշի մարզպետարանի աշխատողները պետական սուղ բյուջեի միջոցներից պարբերաբար պարգեւատրվում են: Երեւի սա է այն արդարությունը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը:

 

 

ԱՐՏԱԳԱՂԹԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Հունիսի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այցելել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան եւ Կոթի գյուղեր: Այդ այցի ժամանակ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարվել են փաստահավաք աշխատանքներ գյուղերի խաղաղ բնակիչների, այդ թվում երեխաների, կանանց եւ տարեցների կյանքի համար վտանգավոր գնդակոծությունների մասին: Գյուղերում հանդիպումների ժամանակ բնակիչները Արման Թաթոյանին ներկայացրել են իրենց համայնքներին հուզող խնդիրներ: Ոսկեպարի բնակիչները Արման Թաթոյանին հայտնել են, որ գյուղում պետք է ստեղծվեր ԱԻՆ արագ արձագանքման ուժերի ջոկատ, որն այդպես էլ չի ստեղծվել: Ոսկեպարցիները ՄԻՊ-ին հայտնել են, որ սահմանամերձ գյուղի բնակիչները մեծ հույսեր էին կապում այդ ջոկատի ստեղծման հետ, որպեսզի դրանում ընդգրկվեին: Այդ կերպ կկանխվեր Ոսկեպարից երիտասարդների արտագաղթը:
Նկատենք, որ Հայաստանի անկախացումից հետո Ոսկեպարից մեծ արտագաղթ է եղել Ռուսաստան, հատկապես Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաք, որին ոսկեպարցիները կատակով Նովի Ոսկեպար են կոչում: Արման Թաթոյանը խոստացել է այդ հարցով զբաղվել: ՄԻՊ-ի այցից գրեթե մեկ ամիս է անցել, Ոսկեպարում նշված ջոկատը չի ստեղծվել, իսկ սահմանամերձ գյուղից երիտասարդների արտագաղթը շարունակվելու է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս