ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՔԱՌՕՐՅԱՅԻՑ ՀԵՏՈ ԵՐԳԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հյուրընկալվել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանին: Երեւանի Կենտրոնում գտնվող 2 սենյականոց փոքր բնակարանում տան տիրուհին մեծ սրտով դիմավորեց մեզ:

-Տիկի՛ն Պետրոսյան, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ երբեք շոու-բիզնեսում չեք եղել եւ ներկայացնում եք փոփ երաժշտություն, հետեւաբար սխալ է ասելը, որ շոու-բիզնեսից եք գնում քաղաքականություն…
-Շոու-բիզնեսում չեմ եղել այնքանով, որ այն կոնկրետ պայմաններ ունի, կոնկրետ օրենքներ է թելադրում, որոնց ես երբեք չեմ հետեւել: Դա նշանակում է անընդհատ գովազդվել, դա նշանակում է քանակ, եւ միշտ չէ որակ, ինչը նշանակում է մարդկանց ճաշակի, զգացմունքների բթացում: Երգացանկս շատ-շատ է, բայց երբ համեմատում ես շոու-բիզնեսի «աստղերի» հետ, քիչ է, բայց բոլորը հիշվում են եւ սիրված են, կարծում եմ՝ դա ամենամեծ ձեռքբերումն է: Վերջերս ընկերներիցս մեկն ասաց, որ ամենաշատ հիթը ես եմ տվել, ինչի համար, իհարկե, շատ ուրախ եմ:
-Խոսեցիք որակի մասին, ի՞նչ որակ է այսօր գերիշխում:
-Ժամանակակիցներից շատերին չգիտեմ, բայց այն, ինչ-որ գիտեմ, սարսափելի է ինձ համար: Չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարելի է գնալ պրոդյուսերի մոտ, ասել, որ այս երգչի երգից եմ ուզում: Ինձ համար անհասկանալի են հնարավորինս շպարված, վուլգար, թուրքական, արաբական մոտիվները, որը ներկայացնում է այսօրվա մեր փոփ երաժշտությունը: Դա բոլորովին կապ չունի մեզ հետ, դա սարսափելի դավաճանություն է: Ինձ համար անընդունելի է մայիսի 26-ին ներկայացված մի զուգերգի տեսահոլովակ, որից ավելի թուրքական երգ իմ կյանքում չեմ լսել, այն էլ Քառօրյա պատերազմից հետո: Ո՞ւր է ձեր թասիբը:
-Մի առիթով ասել եք, որ Ձեզ համերգների չեն հրավիրում պատգամավոր դառնալուց հետո: Հիմա՞ էլ չեն հրավիրում, թե՞ հայտարարությունը ինչ-որ բան է փոխել:
-Հիմա առավել եւս. մեկ-երկու անգամ այդ հարցը բարձրացրեցի ու հասկացա, որ հատուկ չի արվում, իհարկե, իրենք ուրախ կլինեն, որ ես երգեմ, պարզապես իրենք մտածում են, որ ես փոխվել եմ, միանշանակ իրենց կմերժեմ: Այս վերջերս էլ մի այդպիսի խնդրի առաջ կանգնեցի. «Երեւան դրայվ» խաղ կա, որի ակունքներում ես եւ իմ ընկերներն ենք եղել, եւ իմ թիմը հավաքվում է առանց ինձ ասելու: Ասում եմ՝ ինչո՞ւ ինձ չեք ասել, ասում են՝ դե, մենք մտածեցինք՝ դու այնքան զբաղված կլինես, որ չես գա… Սա շատ սխալ մոտեցում է: Իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ովքեր որ փոխվել են, տգետ մարդիկ են:
-Այնուամենայնիվ, Ձեր երաժշտական դադարը գնալով ավելի է ամրապնդվում: Ավելի շատ պատգամավոր եք սկսում հիշվել, քան երգչուհի:
-Իրականում պատգամավորի տեսակը բոլորովին չի համապատասխանում այն պատկերացմանը, ինչը որ ունի ժողովուրդը: Մարդիկ ավելի խեղել են այդ տեսակը, գուցե մարդիկ են բոլորին միանշանակ մեկ գնահատական տվել, բայց ունենք փայլուն մտավորականներ, երկրի ցավով մտահոգ պատգամավորներ: Եթե ես պատգամավոր չլինեի, միեւնույնն է՝ չէի երգելու: Այսօր պահանջարկը այլ է, չկա փոփ երաժշտություն: Պետք է փոփ երաժշտությունն ապրի, քանի որ մենք փայլուն փոփ երաժշտություն ենք ունեցել: Իսկ այսօր նույնիսկ դահլիճ չունենք, բացի այդ՝ համերգներն են քիչ կազմակերպվում: Այսօր ունենք հրաշալի երաժիշտներ, ովքեր երգում են ակումբներում, իսկ ես ակումբներում երգող չեմ, ոչ թե դա վատ է, պարզապես իմ տեսակն է այդպիսին: Երգեմ «Երազ իմ երկիր», «Պատրանքի թեւով» եւ այլն, ու այդ երգերի տակ մեկը ուտի, մի քիչ ինձ համար անհասկանալի է: Թեպետ աշխատել եմ երկար տարիներ ջազ ակումբում, բայց այնտեղ ուրիշ վիճակ է, ջազ է: Այդ պատճառով է, որ չեմ երգում: Մեր սերնդից եկած երգչուհիները՝ Նունեն Եսայան, Էմման Պետրոսյան, իրենք էլ չեն երգում: Պետք է պայման ստեղծել մեր արվեստի համար, որպեսզի մարդիկ հայրենիքից չհեռանան:
-Տիկի՛ն Պետրոսյան, ամեն անգամ պատգամավոր ընտրվելուց առաջ ո՞ւմ հետ եք առաջինը կիսվում Ձեր ուրախությամբ:
-Մայրիկիս հետ, քանի որ ես երբեք ջանք չեմ թափել պատգամավոր ընտրվելու համար: Ես ունեմ աշխատանք: Ես որեւէ մեկին խնդրելու կամ ինչ-որ բաներ ապացուցելու կարիք չունեմ: Անկեղծ ասած՝ միակ ուրախությունս այն էր, որ չավարտված գործերս կարող եմ ավարտին հասցնել, ես այդպիսին եմ, ամենաշատը ծրագրերիս համար եմ ուրախացել:
-Ինչպե՞ս ընդունեց Ձեր ամուսինն այն փաստը, որ Դուք պատգամավոր եք եւ այսուհետ ավելի բազմազբաղ եք լինելու:
-Շատ հարցեր նա վերցրեց իր վրա… էլ չեմ ասում իմ հաճախակի բացակայելը դեպի սահմանամերձ շրջաններ:
-Ովքե՞ ր են խորհրդարանի Ձեր գործընկերուհիները: Կին պատգամավորների հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք:
-Բոլորի հետ շատ լավ են իմ հարաբերությունները: Կնոջ հետ առհասարակ դժվար է ընկերություն անելը, բայց ես ունեմ այնտեղ նորմալ ընկերներ, որոնց հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ:
-Շուրջ 6 տարի է՝ զբաղվում եք քաղաքականությամբ: Երբեւէ մտածե՞լ եք հեռանալու մասին:
-Եթե ես կարող եմ օգուտ բերել իմ երկրին, եթե կարող եմ աշխատել, ինչ-որ բան փոխել, ինչո՞ւ հեռանամ: Քաղաքականություն մտնելու առաջարկ ստացել եմ շատ վաղուց, բայց մերժել եմ, քանի որ պատրաստ չէի:
-Տիկի՛ն Պետրոսյան, ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ:
-Նա շատ վաղուց էր ինձ սիրահետում, ապա մոտ երեք ամիս նամակագրական կապ ունեցանք, հետո որոշեցինք ամուսնանալ: Ինձ համար շատ դժվար էր, քանի որ ես ունեի առաջին ամուսնությունից տղա, եւ ինձ համար գնահատելի էր նրա վերաբերմունքը զավակիս նկատմամբ: Այսօր էլ նրանք շատ լավ ընկերներ են:
-Ինչպիսի՞ նախասիրություններ ունեն նրանք:
-Մեծ տղաս շատ լավ նկարում է, իսկ փոքրս սիրում է մաթեմատիկա:
-Որտե՞ղ կարելի է ամենաշատը տեսնել Շուշան Պետրոսյանին:
-Արցախում:
-Ամառային արձակուրդներն արդեն սկսվել են, որտե՞ղ եք անցկացնելու Ձեր հանգիստը:
-Այս հինգ տարվա մեջ առաջին անգամ որոշել եմ նրանց տանել Փարիզ, քանի որ մեծ տղաս Թերլեմեզյանն ավարտեց լավ, իսկ փոքրս՝ դպրոցը: Կլինենք թանգարաններում, որպեսզի ծանոթանան մեծ արվեստին:
-Ինչքա՞ն գումար եք նախատեսել՝ հանգիստն անցկացնելու համար:
-Մինիմալ. երեք աստղանի հյուրանոց եւ ձեռքներիս՝ ծախսելու գումար:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ Շուշան Պետրոսյանը նկատի ուներ Լիլիթ Հովհաննիսյանի եւ Արման Հովհաննիսյանի` ապրիլյան պատերազմից հետո թողարկած «Իմ բաժին սերը» երգի տեսահոլովակը:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ




Լրահոս