ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կրակի վրա ցեմենտ լցնելը հակացուցված է». բնապահպանները մտահոգված են Խոսրովի անտառների հրդեհը ցեմենտով հանգցնելու փաստով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորում եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օրեր շարունակվող հրդեհները մարելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փորձեց նաեւ ստեղծված իրավիճակը մեղմել ցեմենտով: Մասնավորապես, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ մասնագիտական խումբը կրակը մեկուսացնելու նպատակով ուղղաթիռից ցեմենտի պարկեր է նետել: Սա բնապահպանների մոտ մտահոգություն լուրջ առիթ է հանդիսացել:

Բնապահպան Սիլվա Ադամյանը ArmLur.am-ի հետ զրույցում անթույլատրելի համարեց այդ մեթոդը: «Իրենք կարող էին ուղղակի հող, ավազ լցնել, որը իրականում կհանգցներ կրակը, դա ընդունված մեթոդ է, բայց ոչ ցեմենտ: Պարզ է, որ ցեմենտի վրա ջուր լցվելու դեպքում այն կքարանա, կդառնա բետոն»:

Ստացվում է, որ Վայոց Ձորի անտառների եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մի մասը հրդեհից հետո դառնալու են բետոնապատ տարածքներ:
«Իրենք ցայտնոտնի մեջ էին ընկել, դրա համար էլ կրակը հանգցնելու համար այդ միջոցներին են դիմել: Բայց պետք է հասկանալ, որ բետոնից ազատվելը շատ դժվար կլինի, եթե ոչ՝ անհնար: Բետոնապատ տարածքում ոչինչ չի աճի: Ցավոք, մենք ունենք շատ կորուստներ եւ դեռ պարզ չէ, թե քանի տեսակի կենդանի ենք կորցրել. քանի առանձնյակ է այրվել կամ վնասվել»,- մեծ ափսոսանքով նկատեց բնապահպանը:

Իսկ ահա Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս խնդրին, արձագանքեց. «Իմ տեղեկություններով բաց թողնված ցեմենտի ոչ բոլոր պարկերն են բացվել: Դրանց մի մասն ուղղակի չի պատռվել: Դա անիմաստ փորձ է եղել, ես չգիտեմ, թե դա որքանով է արդյունավետ հրդեհի դեմ պայքարում: Բայց մտահագությունը տեղին է, որովհետեւ ցեմենտը քարացման բնույթ ունի»:
Զրույցի ընթացքում Վերմիշյանը ցավով նկատեց նաեւ, որ համապատասխան պետական կառույցների արձագանքը համարժեք չի եղել, քանի որ չեն կարողացել կանխարգելել հրդեհը: «Մենք չկարողացանք ուղղակի ճիշտ եւ ժամանակին արձագանքել: Ես ինքս Վեդու կողմից եմ եղել մոտ 200 հոգով էինք, բայց չգիտեինք ինչ անել, ձեռքներիս ջրի տարաներ էին, բահեր, բայց այրվող գիհիների դեմ դրանք ուղղակի խաղալիք էին: Հրդեհի դեմ պայքարում միակ տարբերակը այս ինքնաթիռն էր, որը չգիտեմ ինչու որոշվեց, որ այսօր պետք է թռիչք անի»,- ներկայացրեց Վերմիշյանը:

Տեղեկացնենք, որ այսօր ժամը 12:00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:




Լրահոս