Tax free. Օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ԱԱՀ-ն շուրջ 57 տոկոսով ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է շուրջ 277 միլիոն դրամ, ինչն ավելի քան 100 միլիոն դրամով կամ շուրջ 57 տոկոսով գերազանցել է 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Tax free հաշիվներով վերադարձված գումարների աճը հիմնականում պայմանավորված է տարեսկզբին ԱԱՀ-ի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի շեմի կրկնակի նվազեցմամբ», – նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը՝ հիշեցնելով, որ կառավարության որոշմամբ 2017-ի հունվարի 1-ից օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ԱԱՀ-ն) շեմը 100 հազար դրամի փոխարեն սահմանվել է 50 հազար դրամ: Միրզոյանի խոսքով՝ վերադարձված գումարների աճին նպաստել է նաև ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճը:

ՊԵԿ-ը իր հաղորդագրությունում նշում է նաև, որ Tax free համակարգի ներդրման ժամանակահատվածից՝ 2014 թվականից մինչ օրս արտոնությունից օգտվողներին է վերադարձվել ավելի քան 1 միլիարդ 245 միլիոն դրամ գումար: Հայաստանում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվում երկրից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային մյուս անցակետերում:




Լրահոս