Համաշխարհային ազգի համահայկական խորհուրդը. Սերժ Սարգսյանը սփյուռքի հաշվին հերթական PR-ն է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը հերթական համահայկական ծրագիրն է ներկայացրել: Այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ Ս.Սարգսյանը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի ձեւավորման նպատակների, անդամակցության չափանիշերի, 2018թ. կայանալիք առաջին նիստի օրակարգի եւ աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում: Միանգամից ասենք, որ հրաշալի գաղափար է, նույնիսկ՝ մի փոքր ուշացած:

Դե հայերս համաշխարհային ազգ ենք, ընդ որում՝ ամենահին ազգերից մեկը: Աշխարհում առաջին գիր-գրականություն ունեցող ազգերից մեկն ենք եղել: Առաջին քրիստոնյա երկիրը: Ավելին, առաջին ցեղասպանված ազգն ենք, որը մի տեսակ հպարտությամբ եւ խանդաղատանքով է կրում անցյալի վերքերը, դաժան կոտորածի դառը հուշերը: Ցավը կրում է այն աստիճան սիրով ու գորովանքով, որ ջարդերից հարյուր տարի անց էլ աշխատում ենք աշխարհին ներկայանալ մեր պատմության ողբերգական դրվագներով, փորձելով շարժել նրանց գութը եւ կարեկցանքը, եթե բախտերս բերի՝ նաեւ ողորմությունը, եւ ուրիշ ոչինչ: Ունեցել ենք ծովից ծով Հայստան: Ունեցել ենք պատմական, ու անդառնալի կորսված հայրենիք: Հարյուրամյակներ շարունակ մենք մեր իսկական հայրենիքը մաս-մաս դարձրել ենք պատմական հայրենիք, ու դրանից հետո էլ շարունակել ապրել անցյալի հիշողություններով, կապված կորուսյալ երկրի մշուշով: 10 միլիոնանոց ազգ ենք, որը սփռված է աշխարհով մեկ, ու ասում են՝ դրսում շատ ավելի հայ կա, քան բուն Հայաստանում, մեր այսօրվա իրական հայրենիքում:

Բայց սպասեք: Մի տեսակ սենտիմենտալ, էմոցիոնալ ստացվեց: Եւ հետո ինչպես մեր ժամանակների դասականը կասեր՝ «եկել, այստեղ դժգոհում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»: Այնպես որ, իրոք, թերահավատության ու դժգոհելու ժամանակը չէ: Պետք չի կոտրել պաթոսը: Այլ պետք է կանգնել, խրոխտ հայացք նետել դեպի Մասիս լեռն ու պահանջել՝ թեկուզ ուշացումով, բայց ունենալ նաեւ Համահայկական խորհուրդ: Միգուցե նաեւ՝ Համաշխարհային համահայկական խորհուրդ, Համատիեզերական համահայկական խորհուրդ: Կարծես՝ այդպես լավ է հնչում: Դե հետո էլ այդ խորհրդում կներգրավվենք սփյուռքի մեր հայրենակիցներին, ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին կհավաքվենք, թախանձագին սիրառատ խոսքեր կհնչեցնենք առ կորուսյալ հայրենիք /չմոռանալով ամեն անգամ հայհոյել ու անարգանքի սյունին քամել թուրք-թշնամուն/, հետո տարվա մեջ մի քանի հավաք էլ՝ Հայաստանում կամ Արցախում, ու կրկին՝ պատմական հայրենիքը ետ բերելու կոչերի ներքո:

Եթե սփյուռքահայ «մեծահարուստներուն մեջ» գտնվեն մեկ-երկու հոգի, ապա հայրենիքի կենացը խմելիս, սրբելով դեպի Մասիս հայառած աչքերի արցունքները, մեկ-երկու, միգուցե հինգ-տասը հազար դոլար կնվիրաբերեն՝ հայրենիքի շենացման գործին: Ու բոլորը գոհ կլինեն, երջանիկ: Չէ որ պատմական հայրենիքն ի տարբերություն իրականի, խնամք չի պահանջում, տուրք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի, եւ հետո այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Պարզապես, պետք է հեռվից սիրել, ու երբեմն-երբեմն արտասվել:

Մի փոքր ավելի իրատես մարդն, իհարկե, կծիծաղի Սերժ Սարգսյանի հերթական նոու-հաուի վրա, ասելով, թե սա լինելու է բացարձակ անիմաստ կառույց, որ կրելու է շատ խորհրդանշական բնույթ: Եւ հետո, ինչպես Սերժ Սարգսյանի մյուս ծրագրերը, այնպես էլ սա, հազիվ թե իրականություն դառնան: Ի վերջո, եթե չեք մոռացել, Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման սկզբում նույն խանդավառությամբ հայտարարել էր համահայկական բանկ ստեղծելու մասին (էլ չենք խոսում նրա խոստացած մյուս ծրագրերի մասին): Բայց այդ գաղափարն իրեն չարդարացրեց, ու չկարողացավ ըստ էության լիարժեք գործունեություն ծավալել, իր առաջ դրված խնդիրները լիարժեք իրագործել. սա՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Բայց դե կարեւորը ցանկությունն է: Եւ հետո, որպես համաշխարհային ազգ ենք, պարտավոր ենք ունենալ մեր Համահայկական խորհուրդը:

Հ.Գ. Այնուամենայնիվ, արձանագրենք. համահայկական խորհուրդ ստեղծելու մասին խոսում է նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը, որի իշխանավարման տարիներին պաշտոնական հաշվարկներով ՀՀ բակչությունը նվազել է 250 հազարով, իջնելով 3 միլիոնի սահմանագծից էլ ներքեւ: Իսկ մասնագետների պնդմամբ, այս ինը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է տարեկան 40-50 հազար ՀՀ քաղաքացի: ՈՒ տարեցտարի սփյուռքը «հարստացրած» Ս.Սարգսյանը հիմա էլ ուզում է նրանց հաշվին սեփական PR-ն անել, նման ծրագրեր ներկայացնելով, իրեն Համահայկական առաջնորդ կարգելով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս