Մի շարք շինարարական ընկերություններ պակասեցրել են հարկային վճարումները. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ օրը Հայաստանում մեծ շուքով նշվեց շինարարի օրը: Հեռուստաեթերը ողողված էր ոլորտի զարգացման մասին տարաբնույթ հայտարարություններով ու բարձրաձայնումներով, նույնիսկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգեւատրեց մի շարք շինարարների:

Իսկ իրական կյանքում, պարզվում է, Հայաստանում շինարարության ծավալների նվազման հետեւանքով շինարարական մի շարք ընկերություններ պակասեցրել են հարկային վճարումները: Սակայն շինարարության ոլորտի առյուծի բաժինը հասել է շուկայում հայտնի խոշոր «Սահակյանշին» ընկերությանը: Ինչի արդյունքում նշված ընկերությունն է միայն, որ այս տարվա երկրորդ եռամսյակում կտրուկ ավելացրել է հարկային վճարումները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած «Սահակյանշին» ընկերությունը այս տարվա երկրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 694 մլն 340 հազար դրամ: Մինչդեռ այս ընկերությունը անցած տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե կատարել է մոտ 54.9 մլն դրամի չափով հարկային վճարումներ: Ինչը շատ տարօրինակ է, քանի որ այդպես էլ անհայտ է, թե ինչպես է ընկերությունը հաջողացրել մոտ 640 մլն դրամով ավելացնել հարկերը: «Ժողովուրդ»-ի հարցին` ի՞նչն է հարկերի կտրուկ ավելացման պատճառը, ընկերությունից հրաժարվեցին պատասխանել:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին, իսկ հիմնադիրը հայտնի գործարար Սուրեն Սահակյանն է: Ի դեպ, «Սահակյանշին»-ը այն ընկերությունն է, որն իրականացրեց ՊԵԿ-ի՝ Դիլիջանի գերթանկարժեք ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները: Սա դեռ ամենը չէ: Բանն այն է, որ «Սահակյանշին»-ի նկատմամբ մեր իշխանությունները առանձնահատուկ վերաբերմունք ունեն: Այսպես՝ հայտնի է, որ Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները եւս «Սահակյանշին»-ն է իրականացնում: Այս ընկերությունը կառուցել է նաեւ «Մոնթե Մելքոնյան» ճանապարհային հանգույցը, Մարմարիկի ջրամբարը, Արզնի-Շամիրամ կանալը, «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղին եւ այլն: Ենթադրվում է, որ իշխանությունների հենց այս վերաբերմունքն է ընկերության հարկերի ավելացման, առաջ գնալու պատճառը, քանի որ խոշոր շինարարական աշխատանք լինելու դեպքում անմիջապես այն հանձնվում է «Սահակյանշին» ընկերությանը:

Շինարարական աշխատանքներով զբաղվող մյուս ընկերությունը` «Ագաթ 777»-ը, այս տարվա երկրորդ եռամսյակում պետբյուջե վճարել է ավելի քան 335 մլն դրամ հարկ: Բայց անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 421 մլն 787 հազար դրամ: Այս ընկերությունը մեկ տարվա ընթացքում ավելի քան 86 մլն դրամով նվազեցրել է հարկերը: Նկատենք, որ այս ընկերությունը հիմնականում մասնակցում է պետական գնումների գործընթացներին եւ բացի շինարարական աշխատանքներից՝ այն նաեւ լսողական ապարատներ է մատակարարում եւ այլն: Բացի այս՝ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ագաթ 777» ընկերությունը առնչություն ունի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ընտանիքի հետ: Ավելին՝ հենց այս ընկերությունն է իրականացրել ՔԿ-ի շենքի շինարարությունն ու կահավորումը:

Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանի (գեներալ Մանվել) ընտանիքին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ընկերությունը, որը նույնպես զբաղվում է շինարարական աշխատանքներով, այս տարվա երկրորդ եռամսյակում տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: Իսկ անցած տարվա երկրորդ եռամսյակում կատարել է մոտ 55 մլն դրամի հարկային վճարումներ:

Մյուս հայտնի՝ «Ղարաբաղցյան շին» ընկերությունը այս տարվա երկրորդ եռամսյակում պետական բյուջե կատարել է 98.8 մլն դրամի չափով հարկային վճարումներ: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության վճարած հարկերն ու տուրքերը կազմել են 180 մլն 368 հազար դրամ: Ինչպես նախորդ ընկերությունը, այնպես էլ «Ղարաբաղցյանշին»-ը ավելի քան 81.5 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:

Նույն կարգավիճակում է նաեւ «Բաղրամյանշին» ընկերությունը: Այս տարվա երկրորդ եռամսյակում վճարել է 63 մլն 157 հազար դրամ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 64.5 մլն դրամ: Նշենք, որ «Բաղրամյանշին» ԲԲԸ-ն, որի սեփականատերը լավ հարաբերություններ ունի թե՛ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, թե՛ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, խոշոր պայմանագրեր է կնքում Արմավիրի մարզպետարանի հետ: Իսկ ավելի շատ այս ընկերությանն են վստահում մարզի դպրոցաշինական ծրագրերը:

Սակայն ոլորտի մասնագետների համոզմամբ՝ այս ամենի պատճառը տնտեսության կարեւոր ճյուղի` շինարարության ծավալների նվազումն է: Օրինակ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա վեց ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 12 տոկոսով նվազել են: Մի կողմից շինարարության ծավալների նվազումն է, իսկ մյուս կողմից՝ ոլորտը իրար մեջ բաժանելը:

Պետական բյուջեի միջոցներից ամեն տարի կառավարությունը հսկայական գումարներ է հատկացնում, որոնք ուղղվում են հիմնականում ճանապարհաշինական եւ դպրոցաշինական ծրագրերին: Բայց կառավարության որոշմամբ բոլոր կապալառու կազմակերպություններն ընտրվում են բանակցային ընթացակարգով` առանց նախապես հայտարարություն տարածելու: Իսկ ընտրված ընկերությունների թիկունքում կանգնած են պաշտոնյաները կամ նրանց ազգականները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս