Մայրը երեխային է խեղդում, երեխան հորն է սպանում. հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է. Սուրեն Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրված սպանությունները խիստ մտահոգության տեղիք են տալիս: Անհանդուրժողականության, անպատժելիության հետեւանքները շարունակում են ծանր դրսեւորումներ ունենալ: Մարդիկ իրենց առաջ ծառացած խնդիրները լուծում են՝ ինքնադատաստան տեսնելով: Մի դեպքում որդին հոր մահվան համար սպանում է մեկ այլ երիտասարդի, տարիներ շարունակ բռնության ենթարկված կինը կացնահարում է ամուսնուն, պարտքի շուրջ առաջացած տարաձայնությունների արդյունքում սգո սրահում սպանվում են 4 հոգի, եւ այսպես շարունակ:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրված սպանությունները, կրակոցները, դանակահարությունները ցույց են տալիս, որ մարդիկ խնդիրները լուծում են՝ ինքնադատաստան տեսնելով: Ինչի՞ հետեւանք է սա:

-Բավականին ակտուալ եւ բարդ հարց եք տալիս: Ցավոք սրտի, իմ կարգի մարդիկ սիրողական գնահատականներ չեն կարող տալ: Օբյեկտիվ եւ ճիշտ գնահատական տալու համար պետք է տիրապետես հանցագործության ստատիստիկային, դինամիկային գոնե երկու-երեք տարվա ընթացքում:

-Վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրված դեպքերը արդեն մտահոգիչ են:

-Ուրեմն մեկընդմիշտ հիշե՛ք՝ հանցագործությունները բոլորը անխտիր սոցիալական երեւույթ են հասարակության մեջ, եւ հանցագործության հիմնական պատասխանատուն ոչ թե փոքրիկ կամ մեծ ոստիկանական կառույցն է, այլ գործող իշխանությունն է: Կոնկրետ հանցագործությունների բացահայտման ողջ պատասխանատվությունը ոստիկանության վրա է, հանցագործների հետախուզման ձերբակալման ամբողջ գործողությունները ոստիկանների պատասխանատվությունն է, բայց կրկնում եմ՝ ամբողջ հանցագործության աճը, տեսակը, դինամիկան գործող իշխանությունների պատասխանատվության խնդիրն է:

-Կոնկրետ ինչո՞վ են պատասխանատու իշխանությունները ստեղծված իրավիճակի համար:

-Ցավոք սրտի, ամենալավ գրված օրենքները քիչ են՝ հասարակության գործողությունները, ապրելակերպը կարգավորելու համար, քանի որ գործող օրենքներից բացի՝ գոյություն ունի հասարակության արժեհամակարգ: Ամենապրիմիտիվ ձեւով բացատրեմ. ինչպես ասել է Մայակովսկին՝ «Ինչ բան է լավ, ինչ բան է վատ»: Ցավոք սրտի, հասարակության արժեհամակարգի փոփոխությունների հետ կապված չկարողացան նորը ստեղծել, այդ ուղղությամբ գործողություններ չկատարվեցին, ինքնահոսի թողեցին, հիմա երբեմն ֆիզիկայի կանոններին համապատասխան՝ մեր հասարակության մեջ որոշակի հարաբերությունները Բրոունյան շարժումն են դարձել իրենց ամենայլանդակ, բռի դրսեւորումներով: Տարրական բան. շաբաթը երեք անգամ Կիեւյան կամրջից ինքնասպանության փորձեր են լինում, եւ ոստիկանական հսկողություն դնելով՝ խնդիրը չեն լուծի: Նորից եմ կրկնում՝ ընդամենը սոցիալական վիճակը մի քիչ լավանա, այդ ոստիկանների կարիքը այնտեղ չի լինի: Մեկ է՝ 10 ոստիկան էլ դնեն, միեւնույն է՝ սոցիալական դեգրադացիան հասարակությանը սպանում է, սոսկալի հիվանդություն է:

-Ի՞նչ անել՝ հիվանդությունը կանխելու համար:

-Դա լուծելու համար հասարակությանը պետք է բուժես, ոչ թե ոստիկաններին կանգնեցնես կամրջի տակ: Ոստիկանությանը այնքան հարցերի մեջ կարող եք մեղադրել, բայց այս երեւույթների համար ոստիկանությանը մեղադրելը սխալ է, ինքը այդ լծակները չունի: Հիմա բացատրեմ իրավիճակ, մարդը նստել է, դուրս է եկել, նախկինում կարողանում էին սոցիալական ադապտացիայի հարց լուծել, շատ արագ տեղավորում էին աշխատանքի, ցավոք սրտի, հիմա ոստիկանությունը այդ հնարավորությունը չունի: Կոպիտ ասած՝ երկուսից մեկը այսօր չի աշխատում: Այսինքն՝ իշխանությունը անտերի նման թողնում է մարդուն, որը իր օգնության կարիքն ունի: Հասկանում եք՝ հատակի տիղմը բարձրացել է հասարակության վերեւ, ամեն ինչ խառնվել է իրար:

-Բայց իշխանությունները լռում են:

-Այո՛, ցավոք սրտի, այդ կարեւոր հարցի վերաբերյալ ես լուրջ գիտական քննարկումներ չեմ տեսնում ո՛չ կառավարության մակարդակով, ո՛չ Ազգային ժողովի մակարդակով: Ձեր անհանգստությունը կիսում եմ, սոսկալի բան է, հային ոչ բնորոշ դրսեւորումներ` մայրը երեխային է խեղդում, երեխան հորն է սպանում, սկեսրայրը՝ հարսին, դա մեր վարքագծի, մեր բարոյական նորմերի մեջ չտեղավորվող բաներ են: Ահազանգ պետք է հնչեցնեն, կառավարությունում մի ամբողջ նիստ պետք է նվիրեն սրան, թե որոշակի ինչ լուծումներ պետք է անել:

-Դուք մի քանի լուծում կնշե՞ք:

-Քիչ է մնում՝ այսպես ասեմ, տվե՛ք ինձ հենման կետ, եւ ես աշխարհը շուռ կտամ: Տվե՛ք ինձ իշխանություն, եւ ես այս հարցի լուծումը կտամ, սա, իհարկե, կատակ: Խելոք մասնագետներ կան, այս խնդիրը երկրորդ պլան չպետք է մղվի, որպեսզի կարողանան հասարակությանը առողջացնելու լուրջ ծրագիր իրականացնել: Այն, որ իբր ուզում են՝ տնտեսությունը զարգացնեն, այս ոլորտն էլ առաջին անհրաժեշտության ոլորտ պետք է լինի: Դրան գումարած մեր հասարակության մոտ արատավոր պրակտիկան պետք է արմատախիլ անել, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր… անպատժելիության մթնոլորտը, իրավապահ համակարգի նկատմամբ հասարակության անվստահությունը:

Ասում են՝ սուտ մատնության համար հանցագործությունների թվի աճ կա, ասենք՝ քաղաքացին հայտնում է՝ իր նկատմամբ սեռական բռնություն են կատարել, հետո գնում, ասում է, թե նման բան չկա: Այս բոլորը ոչ թե այդ անձի մեջ է, այլ այս բոլորը ունի սոցիալական արմատներ, փողը տվել են, ինչ ուզում, անում են, բոլորը շահի խնդիր է, այսինքն՝ բարոյական նորմեր չկան, ինքը թքած ունի հասարակական կարծիքի վրա, դրա համար այսօր սա կասի, վաղը այլ բան: Կան զարմանալի դեպքեր. ով ում տեղը ուզեք, գնում, հանցանքը վերցնում է իր վրա, հասկանո՞ւմ եք՝ այս բոլորը սոսկալի հետեւանքներ են ունենում, դրա համար բոլորդ միահամուռ այս ոլորտի հետ կապված պետք է ահազանգեք իշխանություններին: Կարելի է խնդիրը լուծել, իրոք, ժողովուրդը մեղք է:

Քնար Մանուկյան




Լրահոս