Նախկին վարչապետի բլեֆը. Հայաստանը դարձել է ավտոմեքենաների գերեզմանոց

Նախկին վարչապետի բլեֆը. Հայաստանը դարձել է ավտոմեքենաների գերեզմանոց

Այն, որ Հայաստանը համարվում է ավտոմեքենաների գերեզմանոց, վաղուց արդեն նորություն չէ: Աշխարհի ամենատարբեր երկրներում «դուրս գրված» ավտոմեքենաները ներկրվում են Հայաստան, աղտոտում մեր օդը եւ տարիներ անց դառնում անպիտան մետաղաջարդոններ:

Օրենք կփոխվի

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ավտոմեքենաներ ներկրող ընկերությունները այս առիթով դիմել են Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին: Ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերություններից, այդ թվում եւ «Կարկոմավտո»-ից տեղեկացանք, որ իրենք այս առիթով հանդիպել են տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ եւ քննարկել հնացած ավտոպարկին առնչվող խնդիրները, այդ թվում նաեւ երթեւեկության անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցեր:

«Կարկոմավտո»-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ մեքենաների 90 տոկոսից ավելիի առք ու վաճառքի գործարքները կատարվում են ֆիզիկական անձանց միջոցով: Իսկ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներկրվող մեքենաների գերակշիռ մասը 10-ը տարուց ավելի հին արտադրության են, որոնց արտանետումները բնապահպանական տեսանկյունից շատ են: Ստեղծվել է երկկողմանի աշխատանքային խումբ, որը մշակում է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ:

Նախկին վարչապետի բլեֆը

Իսկ ո՞րն է խնդիրը: Իհարկե, մեքենա վարել բոլորն են ուզում, այն հեշտացնում է մարդու կենցաղը: Եւ սոցիալապես անապահով պայմաններում ապրող ՀՀ քաղաքացիները ձգտում են հնարավորինս էժան մեքենա ձեռք բերել: Այս իրողությունը հաշվի առնելով՝ յուրաքանչյուր նորելուկ առեւտրական ջանում է էժան մեքենա ներկրել Հայաստան, վաճառել եւ եկամուտ ստանալ:

Իսկ ո՞վ է վերահսկում այդ ավտոմեքենայի անսարքությունը. միայն ներկրման ժամանակ մաքսատանը բնապահպանական վճար է գանձվում, իսկ անսարքության խնդիրը մեր երկրում ամբողջովին թողնված է վարորդների բարեխղճության հույսին: ՀՀ նախկին վարչապետ, տխրահռչակ Տիգրան Սարգսյանը փողամոլության իր հակումներով վերացրեց մեքենաների տարեկան պարտադիր տեխզննումը՝ բոլորին ուղղորդելով բանկեր: Եւ հիմա վարորդները պարզապես բանկից գնում են տեխզննման կտրոն ու վերջ: Իսկ թե մեքենան քանի տեսակի թունավոր նյութեր է արտանետում, տեխնիկապես ինչ վիճակում է, մեր երկրում որեւէ մեկի չի հետաքրքրում: Ու այսպես հեշտացնելով մեր կենցաղը՝ մենք միաժամանակ վտանգում ենք հենց մեր առողջությունը:

Թունավորվում ենք

Նկատենք, որ արտանետումների խնդրի մասին միայն մի քանի բնապահպաններ են ահազանգել՝ պնդելով, թե հատկապես մայրաքաղաքում մեքենաների թիվը շատ է, օդը ախտոտվում է: Մինչդեռ շատ մասնագետներ պնդում են, որ քաղցկեղով հիվանդության դեպքերի հաճախակիությունը մեր երկրում հենց ախտոտված օդի գործոնով է պայմանավորված: Բայց այս հարցը կարծես թե այնքան էլ չի մտահոգում ՀՀ կառավարությանը:

ՀՀ բնապահպանության նախարարության կլիմայի փոփոխության եւ մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մեր երկրում առկա հին մեքենաները, որոնք շարժվելուց շարունակում են մեծ քանակությամբ արտանետումներ արձակել, այլ երկրներից են ներկրվում Հայաստան: Ու պարզվում է` շատ երկրներում արգելվում է որոշ ավտոմեքենաների արտադրությունը եւ օգտագործումը, քանի որ դրանք վտանգավոր են առողջության համար: Օրինակ՝ Ֆրանսիայում արգելվում է, որ տաքսի ծառայության ավտոմեքենաները 5 տարի եւ ավել արտադրության լինեն: Սակայն Հայաստանում արգելք չկա:

Դրսում արգելում են

Բնապահպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ մինչեւ 1992 թվականը ԽՍՀՄ փլուզումը, մեքենաների արտադրության ոլորտում ընդհանրապես մեքենայի շարժիչի, վառելիքի հետ կապված գաղափար չի արծարծվել: Բայց 1960-ականների վերջից Եվրոպայում եւ ԱՄՆ-ում սկսել են մտահոգվել մթնոլորտը աղտոտող մեքենաների արտանետումների հարցի շուրջ: Ասյա Մուրադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեց, որ կոնկրետ 1992 թվականից սկսած Եվրոպան ու ԱՄՆ-ն օրենսդրական խիստ պահանջներ են առաջ քաշել եւ մեքենաներ արտադրող ընկերությունների դեմ խնդիրներ են դրել, որպեսզի դրանք ավելի կատարելագործեն ներքին այրման շարժիչը:

«Հին մեքենաների շարժիչի մեջ այրման պրոցեսը ոչ կատարյալ է: Դրանք մեծ քանակությամբ շմոլ գազեր, ածխաջրածիններ, ցնդող օրգանական եւ այլ նյութեր են արտանետում»,-ներկայացրեց բնապահպանության նախարարության ներկայացուցիչը: Զրույցի ընթացքում մասնագետը մի հուսադրող բան, իհարկե, ասաց՝ հայտնելով, որ հին արտադրության մեքենաների համար ավելի մեծ հարկեր են դրված: «Որքան հին արտադրության ավտոմեքենա է ներկրվում, այնքան այն ներկրելիս բնապահպանական վճարը շատ է գանձվում: Բայց ես չեմ կարծում, որ դա ավելի լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ հին մեքենա ներկրելու դեպքում: Օրենքի ուժով մենք պետք է արգելենք հին արտադրության մեքենաների ներկրումը, որովհետեւ դա լուրջ խնդիր է: Բայց սոցիալական խնդիր չառաջացնելու համար մեր որոշումներն ու առաջարկները չեն անցել, հիմա նորից փորձում ենք: Մենք քայլ առ քայլ ենք ուզում դրան հասնել եւ սկզբում մտադիր ենք արգելել 15 տարվա վաղեմություն ունեցող մեքենաների մուտքը»,- ահազանգեց մասնագետը՝ միաժամանակ նկատելով, որ իրենք չեն կարող արգելել հանրապետության ներսում հին արտադրության մեքենաների օգտագործումը:

Բայց չնայած սրան` բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են հին արտադրության մեքենաներ ներկրել:

Որքան են վճարում

«Ժողովուրդ»-ը ներկայացնում է բնապահպանական վճարների սանդղակը, թե որ մեքենան ներկրելիս ներկրողները որքան գումար են վճարում:

Ըստ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի` 5 տարուց ավելի մինչեւ 10 տարի ներառյալ թողարկման տարեթիվ ունեցող ներմուծվող ավտոմեքենաների բնապահպանական վճարը մաքսային արժեքի նկատմամբ հաշվարկվում է 2 տոկոս, 10 տարուց ավել մինչեւ 15 տարի՝ ներառյալ 10 տոկոս: Իսկ ահա 15 տարուց ավել թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մաքսային արժեքի նկատմամբ բնապահպանական վճարը հաշվարկվում է 20 տոկոս:

Քանի մեքենա են բերել

«Ժողովուրդ»-ը պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում Վրաստանից Հայաստան է ներմուծվել 8689 հատ մեքենա, Ճապոնիայից` 3068, ԱՄՆ-ից` 1843, ԱՄԷ-ից՝ 995, Գերմանիայից` 450, Բելգիայից` 98, Ֆրանսիայից` 76, Նիդերլանդներից` 61, Չինաստանից` 60, այլ երկրներից` 259: Այսինքն՝ անցած տարվա ընթացքում ՀՀ ներկրվել է 15.599 մեքենա, որից 12 հազար 331-ը` 10 տարի եւ ավել արտադրության են եղել, այսինքն՝ հին մեքենաներ: Իսկ 67-ը` 2014 թվականի արտադրության, 113-ը` 2015 թվականի արտադրության, 810-ը` 2016 թվականի արտադրության:

Իսկ այս տարի ավելի շատ մեքենա է ներմուծվել Հայաստան: Միայն առաջին կիսամյակում ներմուծվել է 11 հազար 349 հատ մեքենա, որից 4210-ը` Վրաստանից, 3326-ը` Ճապոնիայից, 2596-ը` ԱՄՆ-ից, 677-ը` ԱՄԷ-ից, Գերմանիայի` 287, Բելգիայից` 75, այլ երկրներից` 178: Տեղեկացնենք, որ այս տարվա առաջին կիսամյակում ներմուծված 11 հազար 349 մեքենաներից 7873-ը հին մեքենաներ են, 147-ը` 2014 թվականի, 73-ը` 2015թ., 65-ը` 2016 թ.: Փաստորեն պաշտոնական վիճակագրությունն էլ է փաստում, որ Հայաստան մեծ թվով ներկրվում է հիմնականում 10 տարի եւ ավել արտադրության մեքենաներ:

Աղտոտված օդ

Բայց այստեղ բախվում ենք սոցիալական լուրջ խնդրի. մեր երկրում քաղաքացիները վճարունակ չեն, հետեւաբար թանկարժեք մեքենաների գնորդներ, մեղմ ասած, դժվար է գտնել: Մյուս կողմից էլ այս նուրբ հարցը կարող է լրջորեն շահարկվել, օգտագործվել ավտոմեքենաների խոշոր ներկրող ընկերությունների կողմից՝ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելու համար: Բայց կա նաեւ հարցի ամենակարեւոր մասը, որ անհերքելի է. Հայաստանը ողողված է հին մեքենաներով, որոնք ախտոտում են օդը՝ տարաբնույթ հիվանդությունների պատճառ դառնալով:

Սյունէ Համբարձումյան