Արդյո՞ք կվերակենդանացվեն հայ-թուրքական արձանագրությունները. նախագահականի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհար Զեյբեքչին օրերս հայտարարել էր իրենց երկրի՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու մտադրության մասին, ասելով. «Թուրքիան Եվրամիության հետ համաձայնագիր ունի Մաքսային Միության մասին, չխախտելով այն՝ Անկարան ուզում է համաձայնագիր կնքել նաեւ Եվրասիական տնտեսական միության հետ: Մենք Ռուսաստանի հետ համագործակցության հզոր ներուժ ունենք, որն այն համաձայնագրով է՛լ ավելի կընդարձակվի»:

Այս հայտարարությանն արձագանքել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ասելով. «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև7:

Մինչդեռ, նկատենք, որ ԵԱՏՄ մամուլի ծառայության ներկայացուցիչ Յուլյա Նազարովան armtimes.com-իի հարցմանն ի պատասխան ասել է, թե իրենք պատրաստ են երրորդ երկրների հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առայժմ Թուրքիայի Հանրապետության կողմից պաշտոնական դիմում չի ստացել:

ԵԱՏՄ-ն պատրաստ է երրորդ երկրների հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության եւ կարող է առաջարկել փոխգործակցության տարբեր ձեւաչափեր»: Նա նաեւ հավելել է, թե այդ բոլոր հնարավորությունները կարող են քննարկվել միայն այն բանից հետո, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողով կներկայացվի Թուրքիայի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների դիմումը:

Նկատենք, որ եթե ԵԱՏՄ-ն գնա Թուրքիայի հետ նման համագործակցության, սա կարող է առիթ հանդիսանալ՝ վերսկսելու հայ-թուրքական հաշտեցման գործընթացը. ի վերջո, Հայաստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է, Թուրքիայի անմիջական սահմանակիցը, եւ ազատ առեւտրի պայմանագրի դեպքում իրոք կարող է հայկական կողմից պայման դրվել՝ վերացնել ՀՀ-ի շրջափակումն ու բացել հայ-թուրքական սահմանը:

Ուստի, ArmLur.am-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանից ճշտել՝ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը նորից վերսկսի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը` ԱԺ ուղարկելով հայ-թուրքական առկախված արձանագրութունները, եւ ընդհանրապես, ՀՀ-ն կհամաձայնվի Թուրքիայի այդ առաջարկին: «Ձեր հարցադրումների վերաբերյալ ՀՀ արտգործնախարարությունն արտահայտել է իր դիրքորոշումը: Եթե նշված հարցի առնչությամբ լինեն նորություններ, հանրությունը կտեղեկացվի դրանց մասին»,,- նշված է նախագահի մամուլի խոսնակի պարզաբանման մեջ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս