Ինչով են զբաղված ընտրություններում ձախողված ուժերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին 9 քաղաքական ուժերից նախընտրական շեմը հաղթահարեցին միայն 4-ը: Իսկ ընտրություններում ձախողված ուժերն էլ հենց դրանից հետո, կարծես, անհետացան, և միայն առանձին գործիչներ էին ակտիվ, մյուսները փորձում էին ստվերում մնալ:

Առջևում աշուն է, որը մշտապես քաղաքական դաշտում ակտիվացումների հետ է ասոցացվել և չի բացառվում, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերն ակտիվանան: Օրինակ, այդպիսի նշաններ արդեն իսկ ցույց է տալիս «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը աշնան սկզբին պատրաստվում է համագումար անել:

Ընտրություններում ձախողված Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից ամենաակտիվը «Ժառանգություն» կուսկացությունն էր, որը վերջերս համագումար արեց, իսկ կուսակցականներն էլ պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցների էջերին: Սակայն «Համախմբում» կուսակցության անդամները, ինչպես նաև Սեյրան Օհանյանը շարունակում են մնալ ստվերում:

Պասիվ են նաև նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսկացության անդամները: Թերևս, ընտրություններում այդքան քիչ ձայն հավաքելը նրանց համար իսկական շոկ էր, որից թերևս չեն կարողանում դուրս գալ: Ինչպես հայտնի է՝ Հեղինե Բիշարյանը հանդիսանում է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր և մեզ հետ զրույցում նշեց, թե մինչ սեպտեմբեր զբաղված է նոր ուսումնական տարվա հարցերով և չի կարող ժամանակ գտնել հարցերին պատասխանելու համար:

«Հայ Ազգային Կոնգրես»-ը ևս պասիվ է. նրանք նույնպես հետընտրական դեպրեսիան հաղթահարելու փուլում են և դեռևս որոշում են իրենց հետագա անելիքները:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրություններից հետո խորհրդարան անցավ չորս ուժ՝ ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս