Լևոն Մկրտչյանի «նվերը» ուսուցիչներին. օպտիմալացման հերթը հասավ դպրոցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ որոշել է «անակնկալ» անել ուսուցիչներին: ԿԳՆ-ն պատրաստվում է կառավարությանը ներկայացնել մի շարք դպրոցներ իրար միացնելու վերաբերյալ որոշման նախագիծ: Արդեն հայտնի է, թե նախարարությունը որ դպրոցներն է նախատեսում իրար միացնել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս ամենի արդյունքում մի քանի տասնյակից ավել ուսուցիչներ են կրճատվելու: Ինչն էլ բողոքի մեծ ալիք է առաջացնելու ուսուցիչների մոտ:

ԿԳՆ-ն նախատեսել է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցը միացնել նույն համայնքում գտնվող միջնակարգ դպրոցին: Երկու դպրոցների շենքերը գտնվում են գյուղի կենտրոնական մասում, իսկ իրենց միջեւ հեռավորությունը կազմում է 300 մետր: Այսպես, 2016-2017 ուսումնական տարում Փարաքարի միջնակարգ դպրոցում սովորում է 405 աշակերտ, իսկ հիմնական դպրոցում`190 աշակերտ: Փարաքարի միջնակարգ դպրոցը նախատեսված է 960 աշակերտների համար, իսկ հիմնական դպրոցը` 350:
Բացի Փարաքարից ԿԳՆ-ն մտադիր է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հ 8 հիմնական դպրոցը միացնել հ6 ավագ դպրոցին: Ավելին, այս դեպքում նույնիսկ հայտնի է, թե օպտիմալացման արդյունքում քանիսն են մնալու գործազուրկ` շուրջ 35 աշխատակից:

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարանը կմիանա Վայքի ավագ դպրոցին: Վայքի ավագ դպրոցում սովորում է 143 աշակերտ, իսկ քաղաքային վարժարանում` 50 աշակերտ: Տավուշի մարզի Բերդի վարժարանը նույնպես կօպտիմալացվի: Այն միացվելու է Բերդի ավագ դպրոցին: Գյումրու «Բալատոն» ավագ դպրոցը կմիացվի Վահան Թեքեյանի անվան Գյումրու հ2 ավագ դպրոցին: Գյումրու հ 23 հիմնական դպրոցը կմիանա հ 42 ավագ դպրոցին: 2016-2017 ուսումնական տարում Գյումրու հ 42 ավագ դպրոցում սովորողների թիվը կազմում է 41, իսկ հ23 հիմնական դպրոցում` 873 աշակերտ:
Ըստ ԿԳՆ-ի` դպրոցների միացման պատճառը` սովորողների կրճատումն է: Յուրաքանչյուր ուսումնական տարում նշված դպրոցներում կրճատվում է սովորողների թվաքանակը:




Լրահոս