ԲԱ ՈՐ ԲԼԵՖԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանաբար հիշում եք ներդրումների մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի խոստումը. «Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, եւ արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին»,- հայտարարել էր նա: Պարզվում է, սակայն, իշխանությունները հիմա վերախմբագրում են այս խոստումները. օրերս ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն ասել է, թե 2017թ. համար նախատեսված է մոտ 500 մլն դոլարի ներդրում, եւ առաջին կիսամյակի ընթացքում 220 մլն դոլարի ներդրումն արդեն իրականացվել է: Փաստորեն, չնայած վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2017թ. ընթացքում 830-850 մլն դոլարի ներդրում ապահովելու խոստմանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն իջեցրել է ցուցանիշը մոտ 30 տոկոսով, ու արդեն խոսում են 500 մլն դոլարի ներդրումների մասին:
Բայց սա դեռ ամբողջը չէ. «Ժողովուրդ» թերթը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից փորձել է պարզել, թե Կարեն Կարապետյանի պաշտոնավարման այս ամիսներին կոնկրետ ո՞ր ընկերությունը ո՞ր ոլորտում որքա՞ն ներդրում է իրականացրել: Բայց նախարարությունից հայտնել են, թե դա առեւտրային գաղտնիք է: Թե ինչու են իշխանություններն առեւտրային գաղտնիքի անվան տակ թաքցնում այս տեղեկությունները, դժվար չէ ենթադրել. տվյալների ավելի մանրամասն հրապարակմամբ հնարավորություն կստեղծվի ավելի հստակ պատկերացում կազմել ներդրումների իրական ծավալների մասին, եւ այդ դեպքում արդեն կբացահայտվի իշխանությունների բլեֆը. արդեն հնարավոր կլինի պարզել, թե կոնկրետ ո՞ր ընկերությունը ո՞ր ոլորտում է ներդրել իր գումարները, արդյո՞ք դրանք իսկապես օտարերկրյա կազմակերպություններ են, թե՞ արտերկրում գրանցված, բայց Հայաստանի իշխանություններին պատկանող ընկերություններ:

 

 

 

Հայ քաղաքապետերի մոտ նոր ախտանիշ է նկատվում՝ «աթոռամոլություն». նրանք գումարներ չեն խնայում ամենաճոխ աթոռը կամ բազկաթոռը ձեռք բերելու համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրինակ, ղեկավարի մեկ բազկաթոռ գնելու համար տեղական բյուջեից ծախսել է 300 հազար դրամ: Ղեկավարի բազկաթոռի համար նույնքան գումար է ծախսել նաեւ Սպիտակի քաղաքապետարանը: Այդպես է վարվել նաեւ ՀՀ կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչությունը, միայն թե Արման Սահակյանի ղեկավարած կառույցը գնել է միանգամից երկու բազկաթոռ՝ ծախսելով 600 հազար դրամ: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե աթոռը ձեռք են բերել նիստերի դահլիճի համար. «Դրա վրա միայն ես չեմ նստելու: Ես բազկաթոռ ունեմ»:

 

 

 

Իշխանություններն իբր «Ապահով Հայաստան» կառուցելու իրենց խոստումը հորով-մորով են արել, հիմա էլ անցել են «Կանաչ Հայաստան» սարքելուն, իսկ իրականում՝ այդ ճանապարհին հսկայական գումարներ գրպանելու գործին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանը առաջիկայում պատրաստվում է իրականացնել «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացներ: Այդ նպատակով մարզպետարանը պայմանագիր է կնքել Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ, ըստ որի՝ Չեխիան մոտ 4մլն 300 հազար դրամ կամ մոտ 9 հազար դոլար է նվիրաբերելու: Իսկ այդ գումարով մարզպետարանը բնակչության համար քարոզչական նյութեր է պատրաստելու եւ տարածելու: Ափսոս, որ պաշտոնական փաստաթղթերում նշված չէ, թե կոնկրետ ի՞նչ նյութեր են պատրաստելու, ասենք՝ «փնթի Սեթի» մասին հայտնի ոտանավո՞րն են տարածելու մաքրասիրություն քարոզելու համար, թե՞ սովորեցնելու են ինչպես ավլել փողոցը, հավաքել աղբը եւ, ընդհանրապես, ինչպես պահպանել քաղաքակրթության տարրական նորմերը: Մի խոսքով՝ փողերի մսխում:

 

 

 

 
Հայաստանի պետական բուհերի դիմորդների թիվը գնալով նվազում է: Եթե այս տարի բուհ է ընդունվել 8 հազար 266 դիմորդ, եւ դեռեւս թափուր է 11 հազար 375 տեղ, ապա նախորդ տարի բուհ ընդունվածների թիվը 17 հազար 649 էր: Այս իրավիճակը, թերեւս, պատահական չէ, այլ Հայաստանում օր օրի ահագնացող արտագաղթի դառը հետեւանքն է, երբ կրթական համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ այս ամենից բացի՝ մի շարք մասնագիտություններ Հայաստանում «մեռնում են» դիմորդներ չունենալու պատճառով: Օրինակ՝ ԵՊՀ-ում 58 մասնագիտություններից 38-ում մնացել է 902 թափուր տեղ, մինչդեռ մայր բուհում նախորդ տարի 523 թափուր տեղ էր: ԵՊՀ քիմիա մասնագիտությամբ դիմորդների քանակը տարեցտարի նվազել է, եւ այս տարի այնտեղ ընդունվելու համար դիմել է երկու հոգի, ֆիզիկա մասնագիտությամբ՝ երեք հոգի: Մեկ ուշագրավ փաստ էլ. չնայած դիմորդների թվի շեշտակի նվազմանը, տարեցտարի ավելացել է ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը. 2016-2017 թվականներին այն կազմել է 11 հազար 276, իսկ 2015-2016-ին` 11 հազար 197:

 

 

ԱՆՆԿԱՏ ՔԱՅԼԵՐՈՎ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս Ղարաբաղում ներկա է գտնվել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Մինչ այդ, սակայն, Ստեփանակերտում Նալբանդյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, եւ ինչպես նշված է պաշտոնական հաղորգարության մեջ. «Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Արցախի, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ»: Փաստորեն, Գանձասարի եկեղեցու օծման 777-ամյակի տոնական միջոցառումները Հայաստանի ԱԳ նախարարի համար Արցախ մեկնելու պատրվակ են եղել, իսկ իրական պատճառը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա վիճակն է:
Առաջին հայացքից տպավորություն է, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կանգ է առել: Առավել եւս, երբ Սերժ Սարգսյանն էլ իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե կողմերը, այնուամենայնիվ, անզիջում են սկզբունքային մոտեցումներում, եւ ինքն էլ առանձնապես սպասելիքներ չունի նախագահների հանդիպումից, թեեւ պատրաստ է մասնակցել աշնանը ծրագրավորվող հանդիմանը:
Իրականում, սակայն, Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում որոշակի պրոցեսներ ընթանում են: Պարզապես այդ պրոցեսներն ընթանում են, բայց ոչ թե հրապարակային դաշտում, այլ դիվանագիտական խողովակներով. համանախագահ երկրները, մասնավորապես Ռուսաստանը, այնուամենայնիվ, փորձում են առաջ մղել բանակցային գործընթացը՝ մոտեցնելով կողմերի դիրքորոշումը: Պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցներում գրվեց, թե Մոսկվան կդառնա Սարգսյան-Ալիեւ հանդիման գլխավոր կազմակերպիչը: Դրան զուգահեռ օրերս Սոչիում տեղի ունեցավ ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության (թեեւ առանց այն էլ պարզ է)՝ Պուտին-Ալիեւ քննարկումների թեմաներից մեկն էլ վերաբերել է տարածաշրջանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրին: Հավանաբար իր արձակուրդից հետո Սերժ Սարգսյանն էլ ինչ-որ պատրվակով կմեկնի Ռուսաստան՝ հանդիպելու Պուտինին:
Այնպես որ, արձակուրդային այս տրամադրություններն ամենեւին էլ չեն խանգարում հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ քայլեր անելու համար: Եւ հետո, Սերժ Սարգսյանի՝ որպես նախագահ պաշտոնավարման ավարտին բավական կարճ ժամանակ է մնացել, եւ հիմա, երբ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում չկան ընտրություններ, նույն Ռուսաստանը կարող է լարել ջանքերը՝ հակամարտության կարգավորման ընդհանուր շրջանակային փաստաթղթի տակ ստորագրություն «պոկելու» համար:




Լրահոս