Ամերիկացիները պնդում են, որ ՀՀ-ն համաձայնվել է ԼՂ հակամարտության կարգավորման վեց սկզբունքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին հայտարարություններին անդրադարձել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում: Եւ դեսպանի հայտարարություններն իրենց մեջ բավական ուշագրավ ակնարկներ են պարունակում: «Այո, դեսպան Հոգլանդը երեկ խոսել է և վերահաստատել տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, որ մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որպես ԱՄՆ կառավարություն ասել ենք՝ դրանք հիմք կհանդիսանային Լեռնային Ղարաբաղի հակամարտության որևէ կարգավորման համար: Երկու կետ կնշեմ դեսպան Հոգլանդի մեկնաբանությունների վերաբերյալ:

Առաջին՝ սա տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքների մասին կրկին արված հայտարարություն է, որի մասին նշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքը 2014-ին: Վեց սկզբունքները, որոնք նա հրապարակեց, արտահայտում են տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, որոնք վերահաստատվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ Հայաստանի կառավարությունը նույնպես դրանք ընդունել է որպես հակամարտության կարգավորման բանակցությունների հիմք: Ես նաև կվերահաստատեի, որ սկզբունքները ամբողջական են… բոլոր այդ սկզբունքները բանակցությունների առարկա են, մեկը մյուսից ավելի կարևոր չէ, որևէ նշան չկա, որ մեկը ավելի շուտ է կյանքի կոչվելու, քան մյուսը: Այդ բոլորը մի փաթեթի մաս են, և սխալ կլինի կենտրոնանալ մեկ սկզբունքի վրա, երբ դիտարկում եք կարգավորման համար անհրաժեշտ այս առանցքային սկզբունքները»,- նշել է նա:

Այլ կերպ ասած, դեսպան Միլզը շատ պարզ հայտարարել է, որ հակամարտության կարգավորման վեց սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելուն համաձայն է նաեւ ՀՀ իշխանությունները: Այսպես նա հասկացրել է, որ իշխանական որոշ ներկայացուցիչները ԵԱՀԿ ՄԽ համանախագահին քննադատելու փոխարեն նախ եւ առաջ պետք է հաշվետվություն պահանջեն ՀՀ իշխանություններից, որոնք համաձայնվել են բանակցությունների հիմքում ընդունել այդ սկզբունքները, եւ այստեղ ոչ համանախագահները, ոչ էլ այդ թեմայով կարծիք հայտնողներն անելիք չունեն: Ի դեպ, դեսպանի այս հայտարարությունն ուշագրավ է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին հարցազրույցի ֆոնին, երբ նա նշել էր, թե Հոգլանդն իր մեկնաբանության մեջ «թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ»: Ասել է, թե դեսպանն անուղղակի հակադարձում է իշխանություններին ու հիշեցնում, որ այդ սկզբունքներն ամբողջական փաթեթի մաս են ու ՀՀ-ն համաձայնվել է դրանց:




Լրահոս