Սերժ Սարգսյանի ինչի՞ն են պետք քաղաքական խորհուրդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես ազատվեց գլխացավանք դարձած իր գլխավոր խորհրդականից: Ազգայնականի համարում ունեցող Սթիվ Բեննոնի հեռացումը շատերը կապում են ԱՄՆ-ում ռասսայական հողի վրա վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետ, սակայն դա շատ ավելի խորը պատճառներ ուներ: Առայժմ անհայտ է, թե ով է փոխարինելու նրան, եւ անգամ վարկածներ են շրջանառվում, որ հաստիքը գուցե եւ վերացվի կամ տեւական ժամանակ թափուր մնա, ինչպես, ի դեպ, ժամանակին տեղի ունեցավ Հայաստանում։

Փաստ է, որ Բեննոնը վաղուց էր հայտնվել Թրամփի թիրախում եւ շաբաթներ շարունակ ԶԼՄ-ները թմբկահարում էին նրա մոտալուտ հեռացումը: Վիրջինիա նահանգում տեղի ունեցած արյունալի բախումները կարծես արագացրին Բեննոնի պաշտոնանկությունը, սակայն Թրամփը այս հարցում վաղուց էր վճռական տրամադրված: Ամերիկյան պարբերականները բազմիցս տեղեկություններ էին տարածում, որ Թրամփը հիասթափվել էր Բեննոնից եւ այդ առումով հիշարժան էր Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Բեննոնի հակամարտությունը, որը խաթարում էր ինչպես վարչակազմի աշխատանքը, այնպես էլ նոր խնդիրներ առաջացնում նախագահի համար: Բնական է, որ այդ հակամարտության մեջ Թրամփի պես անձնավորությունը հազիվ թե զոհաբերեր իր սիրասուն փեսային, հետեւաբար ավելի հավանական էր դառնում Բեննոնի հեռացումը:

Ըստ էության, Թրամփը հրաժարվեց նախագահությունը ստանձնելիս արված իր բոլոր նշանակումներից: Աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Փրայբուսը նրա առաջին նշանակումն էր, որին հաջորդել էր Բեննոնի նշանակումը, ապա անվտանգության գծով հատուկ խորհրդական Ֆլինը, մամուլի խոսնակ Սփայսերը եւ այլն: Բոլոր այս պաշտոնյաները այլեւս հեռացված են Սպիտակ տնից:

Ստացվում է, որ նախագահը մեծագույն վրիպումներ է թույլ տվել իր համար թիմ ընտրելիս: Իսկապես, մեծ բանի մասին է խոսում, երբ նախագահի առաջին նշանակումները 6 ամիս անց դառնում են անպետք ու սխալական: Սա առաջին հերթին նախագահի ոչ կոմպետենտության վկայությունն է:

Թրամփը ի սկզբանե Բեննոնին մեծ տեղ էր տալիս եւ երբ հայտարարել էր նրան իր գլխավոր ռազմավար նշանակելու մասին, հայտնել էր, որ նա աշխատելու էր աշխատակազմի ղեկավարի հետ որպես հավասար գործընկերներ: Այդպես նա ընդգծել էր Բեննոնի կարեւորությունը՝ վարչակազմի ներսում լրջորեն ուժեղացնելով վերջինիս դիրքերը: Դատելով Սպիտակ տանը հաստատված բարքերից՝ կարծելի է, որ ստեղծված քաոսի հիմնական պատճառներից մեկը պաշտոնյաների հիերարխիայի խախտումն է, երբ, օրինակ, գլխավոր խորհրդականը աշխատակազմի ղեկավարի հետ հավասար ազդեցություն ունի:

Իրավական տեսանկյունից այդպես չի կարող լինել, եւ ահա երբ իրավական պետությունում կամ համակարգում խզում է առաջանում իրականության եւ իրավական ընթացակարգերի միջեւ, դա անխուսափելիորեն պիտի խնդիրներ առաջացնի: Սա թերեւս ամենից լավ հասկացավ նախագահի աշխատակազմի նոր ղեկավար, գեներալ Ջոն Քելլին, ուստի եւ ամեն ինչ արեց Թրամփին համոզելու աշխատանքից հեռացնել իրենց սահմանները չճանաչողներին, ինչպիսիք էին գլխավոր խորհրդական Բեննոնը, տեղեկատվության բաժնի նորանշանակ ղեկավար Սքարամուչին եւ այլն:

Թրամփը Բեննոնի ուղղությամբ առաջին հարվածները տեղացել էր Քելլիի նշանակումից անմիջապես հետո, երբ հրապարակավ հայտարարել էր, որ Բեննոնը իր քարոզարշավում շրջադարձային դերակատարություն չէր ունեցել: Այսօր արդեն անգամ կասկածի տակ է այդ հաստիքի գոյությունն ընդհանրապես, քանի որ Թրամփը անթաքույց պնդել է, որ ինքն է իր գլխավոր ռազմավարը:

Այս հայտարարությունը թույլ է տվել վերլուծաբաններին կարծելու, որ գուցե ոչ ոք էլ չփոխարինի Բեննոնին: Թրամփն արդեն իսկ իրեն շրջապատել է նախընտրելի գեներալներով, նրա կողքին են որդին, դուստրն ու փեսան, եւ էլ ի՞նչ է հարկավոր «խելամտորեն» կառավարելու համար։

Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդականներից ամենահայտնին թերեւս Ժիրայր Լիպարիտյանն էր, որը Արցախի հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ կողմնակիցներից էր: Լիպարիտյանն էր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման հիմնական ճարտարապետն ու բանակցողը:

Սակայն 1997թ. սեպտեմբերին նա հրաժարական տվեց՝ իր հեռացումը մեկնաբանելով անձնական պատճառներով: Նրա հեռանալը էականորեն թուլացրեց նախագահի թիկունքը՝ իշխանության մեջ նրա տեսակետը չկիսող գործիչների դիրքերի ամրապնդմանը զուգահեռ: Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ պաշտոնի նշանակությունը զգալիորեն նվազեցվեց, որովհետեւ Քոչարյանն էլ էր Թրամփի պես ինքն իր ռազմավարը:

Այդ պաշտոնում հիշարժան է Վահրամ Ներսիսյանցի գործունեությունը, որը մասնագիտությամբ տնտեսագետ էր եւ աշխատելով համաշխարհային ֆինանսական կենտրոններում՝ այդ ոլորտում լուրջ փորձ ուներ: Նա Սերժ Սարգսյանի օրոք պահպանեց այդ պաշտոնը մոտ 2 տարի՝ 2010թ. նշանակվելով Համահայկական բանկի խորհրդի նախագահ: Այսօր Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը Արամ Ղարիբյանն է՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին փոխնախարար, ինչպես նաեւ ՀՀԿ անդամ: Թե ինչ խորհուրդներ է տալիս Ղարիբյանը Սարգսյանին, գուցե կպարզվի նրանցից գոնե մեկի ապագա հուշերում, սակայն հաշվի առնելով մեր երկրի՝ տասնամյակ ձգվող տնտեսական ծանր դրությունը՝ հազիվ թե դրանք ծառայեն իրենց նպատակին:

Ինչեւէ, ակնհայտ է, որ ԱՄՆ-ում նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում են քաղաքական դեմքերը, ինչպիսին էր Հայաստանում մինչեւ 1997թ., իսկ դրանից հետո նախագահի պաշտոնը զբաղեցրած գործիչներին քաղաքական խորհուրդներ տվողներ հավանաբար պետք չէին: Եվ, իսկապես, ինչ քաղաքական խորհրդի կարիք ունեին Քոչարյանն ու Սարգսյանը, երբ իրենք էլ փայլուն գիտեին, թե ինչպես կարելի է հաշվեհարդար տեսնել քաղաքական հակառակորդների հետ, ամայացնել քաղաքական դաշտը, ծաղրուծանակի վերածել ընտրական գործընթացները եւ չքաղաքականացնել քաղաքական հարցերը:

Ն. Հովսեփյան




Լրահոս