Ինչ ծրագրեր է մշակում իրավապահ համակարգի երիտասարդ եռյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դատական համակարգը մի կողմից դիմադրում է եւ ինքնապաշտպանվում տարաբնույթ քրեական գործերի շրջանակներում, մյուս կողմից էլ՝ դատավորների մեծ մասը պայքար է սկսել դատախազների դեմ, որոնք հավակնում են դառնալ երկրում արդարադատություն իրականացնողները:
Եւ որպեսզի իրավիճակը հասկանալի լինի, սկսենք հերթով.

«Ժողովուրդ»-ը մի առիթով գրել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, 37-ամյա Վազգեն Ռշտունին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, որոնք մտերիմ ընկերներ են, ցանկանում են իրավապահ ողջ համակարգը իրենց բուռը հավաքել: Ու այդ առիթով տեւական ժամանակ է, ինչ դատարաններում հնաբնակների ու նորեկների պայքար է ընթանում:

Ռշտունին ձգտում է դատական համակարգը համալրել իր կադրերով: Դեռ 2016 թվականին մարզային մի քանի դատավորներ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավորի թափուր տեղի համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմում էին ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ եւ անցել էին բոլոր փուլերը ու պետք է Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվեին ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, բայց քանի որ շատերը Ռշտունու սրտով չէին, հրաժարվեցին իրենց դիմումներից՝ տեղը զիջելով ցանկալիներին:

Բացի այդ՝ «հին դատավորների» բոլոր այն վճիռները, որոնք տուժող կամ մեղադրող կողմի կողմից բողոքարկվում են ՀՀ վերաքննիչ դատարանում, անպայման բեկանվում են: Այդպես նախ պատրանք է ստեղծվում, թե արդարությունը վերաքննիչում հաղթեց, համ էլ դատավորները, որոնք անցանկալի են Ռշտունու համար, դրվում են հարվածի տակ:

Ու շատ դատավորներ վճիռ կայացնելիս սրտի թրթիռով սպասում են, որ բողոքարկում չլինի, իրենց կայացված վճիռը չբեկանվի: Իսկ բողոքարկման գործընթացին երբեմն մասնակից են լինում դատախազները: Այսինքն՝ անցանկալի դատարանների կամ դատավորի դեմ դուրս գալու համար, երբ կողմերից որեւէ մեկը վճիռը չի բողոքարկում, այդ գործառույթն իրականացնում են դատախազները:

Ու շատ դատավորներ դժգոհում են, որ այսօր դատական համակարգում իրենք որոշող չեն եւ դատարանների անկախություն ասվածը, որ գոնե ոչ քաղաքական գործերի ժամանակ հնարավոր էր լինում իրացնել, կամաց-կամաց անհնար է դառնում: Վճիռ կայացնելիս պետք է դատավորները հաշվարկեն, թե այն ինչքանով դուր կգա Ռշտունուն, դատախազներին, որպեսզի «անփորձանք ապրեն»: Պատահական չէ, որ դատավորների դեմ քրգործերը հիմնականում ՀՀ ԱԱԾ-ն է բացահայտում:

Նկատենք, որ այսպիսով երիտասարդ եռյակը խնդիր է դրել իր առջեւ դատական համակարգի հնաբնակ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ազդեցությունը զրոյացնել ու նրան ընդմիշտ հեռացնել համակարգից: Թեեւ ՀՀ սահմանադրական փոփոխություններից հետո կարճ ժամանակ է մնացել Մկրտումյանի պաշտոնավարմանը:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

-Պարո՛ն դատախազ, մենք ահազանգեր ենք ստանում այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, լինելով Ձեր մտերիմ ընկերը, օգտվելով այդ հանգամանքից, դատական համակարգում իր համար անցանկալի դատավորների դեմ քայլեր է իրականացնում: Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում:

-Իհարկե, չկա նման խնդիր, խորհուրդ չէի տա այդպիսի հարցերի անդրադառնալ, քանի որ որքան ես եմ անմնացորդ սիրում Հայաստանի Հանրապետությանը ու ժողովրդին, այդքան՝ Ռշտունի Վազգենը: Մենք ինչ-որ անձնական կապերով պայմանավորված՝ պետական խնդիրների մեջ երբեք մեզ բարոյական իրավունք թույլ չենք տա ներգործելու:

-Ամեն դեպքում, մենք բազում դատավորներից դժգոհություն ենք ստացել այն մասին, որ դատախազներն են արդարադատություն իրականացնում, այլ ոչ թե դատավորները: Վազգեն Ռշտունին դատախազներին օգտագործելով՝ դուրս է եկել դատավորների դեմ: Հաճախ ինքն է ուղղորդում դատախազներին, որ բողոքարկեն կայացված վճիռները: Դուք ի՞նչ խնդիր ունեք ՎԴ նախագահ Արման Մկրտումյանի հետ:

-Ոչ մեկին չի օգտագործում, եւ դատախազներն էլ երբեք չեն օգտագործվի ոչ մեկի կողմից:

-Իսկ Դուք ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի դեմ որեւէ բան ունե՞ք:

-Իհարկե, ոչ: Այսինքն՝ որեւէ բան՝ ի՞նչ, բացարձակ:

Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին դատախազներին օգտագործում է՝ իր նկրտումները պարպելու համար:

-Խնդրում եմ՝ այդպիսի արտահայտություն այլեւս մի՛ արեք: Որեւէ դատախազ երբեք որեւէ մեկի համար չի օգտագործվի:

Քնար Մանուկյան




Լրահոս