Դոնալդ Թրամփը կերազեր աշխատել ՀՀ ԱԺ-ի հետ. ԱՄՆ նախագահը այժմ էլ նոր հակառակորդ է գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի կառավարման համակարգը բովանդակում է թերեւս լավագույն հակակշիռների մեխանիզմները՝ թույլ չտալով օրենսդիր ու գործադիր մարմիններին տարրալուծվել կամ էլ սահմանադրության թելադրած շրջանակներից դուրս ազդել միմյանց վրա: Դա, սակայն, չեն հասկանում այն գործիչները, որոնք պետկառավարման փորձ չունենալով՝ զրկված են նաեւ պետական ինստիտուտների աշխատանքի մասին պատկերացումներից: Այդպիսի լավագույն օրինակը հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմն է, որը այժմ էլ նոր հակառակորդ է գտել՝ հանձինս Կոնգրեսի մեծամասնության ու դրա ղեկավարի:

ԱՄՆ-ում այժմ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ունի թե՛ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում: Այդ հանգամանքը մեծ հույսեր էր տվել նրան՝ կարծելու, որ եթե իշխանության բոլոր մարմինները միեւնույն կուսակցության վերահսկողության ներքո են, ապա մեծ թվով հարցեր հնարավոր կլինի լուծել առանց դեմոկրատների լուրջ դիմադրության: Սակայն Թրամփն անգամ իր իսկ կուսակցության ներսում չկարողացավ գործակցային միջավայր ստեղծել, եւ այսօր, ըստ էության, հանրապետականների քաղաքական գերակայությունը որեւէ գործնական հաջողություն չի ապահովում: Օրինակ՝ Օբամայի նախագահության օրերին, երբ վերջինս հանդես էր գալիս որեւէ նախաձեռնությամբ, եւ խորհրդարանում էլ մեծամասնությունը պատկանում էր դեմոկրատներին, փոխզիջումային եղանակով այն հաջողությամբ էր պսակվում: Սակայն այն պահից, երբ հանրապետականները մեծամասնություն ստացան Կոնգրեսի երկու պալատներում, արհեստական խոչընդոտներով անընդհատ կասեցնում էին նախագահի ձեռնարկները: Այս նախադեպը աչքի առաջ ունենալով՝ Թրամփը հավատացած էր, որ քանի դեռ խորհրդարանում տեղաշարժեր տեղի չեն ունեցել, կկարողանար իր նախաձեռնությունները իրականություն դարձնել: Բայց պարզվեց, որ նրա իսկ կուսակիցներն են տորպեդահարում իր գործունեությունը՝ Կոնգրեսում այդպես էլ ընթացք չտալով նախագահական առաջարկներին:

Եվ ահա Թրամփը ստեղծված իրավիճակի համար գտավ նոր թիրախ՝ Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավար Միտչ ՄըքՔոնելին մեղադրելով դիտավորյալ չաշխատելու մեջ: Թրամփը կարծում է, որ ՄըքՔոնելը բավարար չափով ճնշումներ չի գործադրում հանրապետականների վրա նախագահի առաջարկներին ընթացք տալու համար: Նա նաեւ չի բացառում, որ ՄըքՔոնելը դիտավորյալ է այդպես վարվում՝ ցանկանալով խանգարել իր նախագահությանը: Նրանց միջեւ հակադրության հերթական ալիքը բարձրացավ Օբամայի ներդրած առողջության ապահովագրության համակարգի վերանայման հարցում Սենատի աննախանձախնդիր պահվածքի պատճառով, երբ երեք հանրապետական սենատորներ հրաժարվեցին կողմ քվեարկել Թրամփի պաշտպանած օրինագծին: Արդյունքում տապալվեց ամիսներ շարունակ նախապատրաստված գործընթացը, եւ Թրամփը չկարողացավ իր համար սկզբունքային այդ հարցում առաջընթաց արձանագրել:

Նա իր թվիթերի էջում հրապարակավ կոչ էր արել ՄըքՔոնելին շուտափույթ ձեռնամուխ լինել աշխատանքի՝ հիշեցնելով, որ սենատորը 7 տարի շարունակ քննադատել է առողջության ապահովագրության համակարգը, մինչդեռ ներկայումս, մեծամասնություն ունենալով հանդերձ, չի կարողանում սկսել դրա վերափոխման գործընթացը: ՄըքՔոննելն էլ իր հերթին է թեժացրել հեռակա բանավեճը՝ նկատելով, որ Թրամփը չափազանցված ակնկալիքներ ունի այն մասին, թե ինչ արագությամբ են լուծվում հարցերը ժողովրդավարության պայմաններում: Մամուլում անգամ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Թրամփը ավելի վաղ զանգահարել էր ՄըքՔոնելին ու բավականին կոշտ խոսակցություն ունեցել նրա հետ: ԶԼՄ-ները հայտնել են, որ երկու գործիչների զրույցը այն աստիճան լարված ընթացք է ունեցել, որ վերջում բաժանվել են գերվրդովված՝ այլեւս միմյանց հետ չխոսելու տրամադրվածությամբ: Այդպիսի մանրամասների հրապարակումից հետո Սպիտակ տունը ստիպված էր պարզաբանումներ ներկայացնել՝ բավարարվելով, սակայն, հռչակագրային ձեւակերպումներով առ այն, որ Հանրապետական կուսակցության առաջնորդները հակված են աշխատել միմյանց հետ: Նշվում էր, որ Թրամփն ու ՄըքՔոնելը գուցե հանդիպեն սեպտեմբերին, երբ Կոնգրեսը վերադարձած կլինի արձակուրդից:

Հայաստանում նախագահի եւ խորհրդարանական մեծամասնության ու նրա ղեկավարի միջեւ հակասությունների օրինակները եզակի են: Այդպիսի մի հակասություն արձանագրվեց 1997թ. զինապարտության մասին օրենքի քննարկումների ժամանակ, երբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտպանում էր Պնախարար Վազգեն Սարգսյանի տեսակետը՝ հակառակ ԱԺ-ի մեծամասնության ու ԱԺ խոսնակ Բաբկեն Արարքցյանի: Վերջինս անգամ հրաժարական էր տվել այդ ժամանակ, սակայն խորհրդարանը չէր ընդունել թեեւ, ի վերջո, օրենքի հարցում փոխզիջումային տարբերակով սրված իրավիճակը հանգուցալուծվեց: 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո առավել լարված էին Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող «Միասնություն» դաշինքի հարաբերությունները: Վերջինիս ղեկավարները հրապարակավ պահանջներ էին դնում Քոչարյանի առաջ, մասնակցում վերջինիս անարգանքի սյունին գամող ԵԿՄ համագումարներին ու նիստերին:

2000թ. սկզբին անգամ «Միասնություն» դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը հրապարակավ պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Սակայն կարճ ժամանակում Քոչարյանը հաջողեցրեց կազմաքանդել հակառակորդների ճամբարը եւ ոչնչացնել խորհրդարանական մեծամասնության ըմբոստությունը: Անդրանիկ Մարգարյանը ստացավ վարչապետի պաշտոնը, իսկ մի քանի տարի անց իր կուսակցությունը սկուտեղի վրա մատուցեց նույն Սերժ Սարգսյանին: Դրանից հետո Քոչարյանն այլեւս երբեք խնդիրներ չունեցավ ԱԺ մեծամասնության հետ՝ այդ փառապանծ ավանդույթը փոխանցելով Սերժ Սարգսյանին: Վերջինս էլ ԱԺ-ը 3 անգամ կազմավորեց իր սրտի ուզածի պես՝ խորհրդարանը վերջնականորեն վերածելով ամորֆ մարմնի: Ահա այսպիսի մեծագույն «նվաճում» ունեցավ Հայաստանը պառլամենտարիզմի բնագավառում՝ ստեղծելով այնպիսի խորհրդարան, որի հետ, օրինակ, մեծ հաճույքով կաշխատեր Թրամփը:

Ն. Հովսեփյան




Լրահոս