Երևանն ու Մոսկվան հուսալի դաշնակիցներ են. Սարգյանն ու Պուտինը փոխանակվել են շնորհավորական ուղերձներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ փոխանակվել են շնորհավորական ուղերձներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի առթիվ: Անցած ժամանակահատվածը վստահորեն փաստում է, որ պայմանագիրը համապատասխանում է եղբայրական ժողովուրդների պատմական ավանդույթներին: Այն ամուր հիմք է ծառայում հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետևողական զարգացման համար, որն առանձնանում է բարձր մակարդակի ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական արդյունավետ համակարգմամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում հաջող համագործակցությամբ: Տարեցտարի ընդլայնվում է երկկողմ փոխշահավետ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, նորարարության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում, իրականացվում են հեռանկարային ներդրումային ծրագրեր, թափ են առնում միջտարածաշրջանային և հումանիտար կապերը: Մեր երկրների երկկողմ փոխգործակցության ռազմավարական բնույթը բազմապատկվում է միջազգային բազմակողմ և տարածաշրջանային հարթակներում կառուցողական գործընկերությամբ: Երևանն ու Մոսկվան ակտիվ մասնակիցներ և հուսալի դաշնակիցներ են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջմղման մասշտաբային խնդիրների լուծման և Հարավային Կովկասում ու ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանուն խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամրապնդման գործում: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում: Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ բազմաթիվ պայծառ էջեր կան գրանցված, և մենք բարձր ենք գնահատում այդ ընդհանուր ձեռքբերումը: Վստահ եմ, որ այս նշանակալի օրը և մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ամբողջ հոբելյանական տարին կնշանանավորվեն բոլոր ուղղություններով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համատեղ ջանքերով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի տառին ու ոգուն համապատասխան: Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն և բարգավաճում»:

Վլադիմիր Պուտինն իր շնորհավորական հեռագրում ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների հին ու հարուստ պատմությունը, որի հիմքում մշտապես եղել են երկու երկրի ժողովուրդներին կապող բարեկամության ու փոխադարձ հարգանքի ամուր կապերը: «1997 թվականի պայմանագիրը Ռուսաստանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբն է դրել: Նման կարևոր փաստաթղթի ստորագրումը պայմաններ է ստեղծել քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության որակական աճի համար»,- ընդգծել է ՌԴ նախագահը: Նա բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը, որոնք նախորդ երկու տասնամյակում դուրս են եկել դաշնակցային փոխգործակցության մակարդակի. Մոսկվան և Երևանը արդյունավետ կերպով համագործակցում են եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, կոորդինացնում են ջանքերը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման նպատակով: Ռուսաստանի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքները հայ-ռուսական կապերի ողջ համալիրի հետագա զարգացման համար՝ ի շահ եղբայրական երկու երկրի ժողովուրդների:




Լրահոս