Միայն դիվանագիտական ռեսուրսը բավարար չէ` խնդիրներ մարսելու համար. Հովհաննես Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ:

– Պարո′ն Մանուկյան, վերջին շրջանում բավական ակտիվ եք հայ-վրացական հարաբերությունների քաղաքացիական բևեռի ակտիվացման հարցում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Միջազգային հարաբերություններում ավելի ու ավելի է ակտիվանում հանրային դիվանագիտության դերակատարությունը որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ:

Ամերիկյան ծագման «Հանրային դիվանագիտություն» հասկացությունը ժամանակի ընթացքում ավելի ընդարձակվելով՝ կարողացավ ընդգրկել այնպիսի տարրեր, ինչպիսիք են հասարակական կազմակերպությունները, գիտակրթական և մշակութային կենտրոնները, քույր քաղաքների մակարդակով շփումները, հասարակական-քաղաքական միջոցառումները և այլն:

XXI դարը համարվում է հանրային դիվանագիտության դարաշրջան, ուստի և կհաղթեն և միջազգային ասպարեզում իրենց արժանապատիվ տեղը կամրապնդեն այն երկրները, որոնք հակառակորդներից ավելի արագ ու լիարժեք կկիրառեն դրա հնարքները։ Սա է պատճառը, որ մենք, նկատի ունեմ իմ հիմնած ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ կազմակերպությունը, կարևորում է ակտիվությունն այս ոլորտում և նաև շեշտադրում պետական ջանքերի կիրառման անհրաժեշտությունն այս բնագավառում։

-Վրաստանը բավական վերապահումներով է մոտենում իր քրիստոնյա հարևանին: Ժամանակին քայլեր արվե՛լ են դիվանագիտական ասպարեզում այդ վերապահումները շրջանցելու համար, թե այնուամենայնիվ մեր երկիրը դրա կարիքը չի զգում: Եթե տեղյակ եք, ինչպիսի՞ն է այսօր պետական մոտեցումը այդ երկրին:

-Որքան ջերմ ու ժամանակով թրծված են մեր հարաբերությունները, նույնքան փխրուն են և բարդ ազգային շահերի խաչմերուկներում և ժամանակակից մարտահրավերների համատեքստում։ Եվ մեր երկրի, և Վրաստանի կայունությունն ու զարգացման հեռանկարը կենսականորեն պայմանավորված են մեր երկկողմ հարաբերությունների որակով և մեզ բոլորիս է անհրաժեշտ բարձր որակի համագործակցություն։

Այս ընկալումն ի ուրախություն մեզ առկա է երկու երկրների քաղաքական էլիտաների մոտ և մինչ օրս մեր երկրներին հաջողվել է ամենածանր իրավիճակներն ու խնդիրները հարթել նվազագույն կորուստներով։ Մենք չենք կարող հաշվի չառնել, կամ մոռացության տալ, որ մեր ներմուծման և արտահանման հիմնական կոմունիկացիոն հնարավորությունները վրացական տարածքում են, որ մենք ունենք հարյուր հազարանոց հայ համայնք այս երկրում, որ տարածաշրջանում արժեհամակարգի տեսակետից մեզ ամենամոտ հասարակությունը վրաց հասարակությունն է։

Ըստ էության, թեև շատերը մեր էլիտաներում չեն ընկալում կամ համառորեն չեն ուզում դա ընդունել, բայց մենք Վրաստանի հետ բնական դաշնակիցներ ենք։

-Դուք եղել եք Վրաստանում Հայաստանի դեսպանը: Հնարավո՞ր է զուտ դիվանագիտական խողովակներով լուծել երկու երկրի կնճռոտ, այդ թվում տարածքային հարցերը, թե՞ դրա մասին խոսելը ուշ է և անդառնալի:

-Ըստ էության բոլոր հարաբերություները և շփումները միջպետական մակարդակում դիվանագիտություն են այդ հասկացության լայն իմաստով։ Բայց եթե դիտակենք այս երևույթը նեղ իմաստով, զուտ ԱԳՆ և դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակով, ապա բնականաբար այդ ռեսուրսի հնարավորությունները ահմանափակ են։ Ջանքեր կիրառվում են, թե՛ քաղաքական մակարդակով, թե՛ դիվանագիտական։

Սակայն ժամանակի մարտահրավերները, ռիսկային տարածաշրջանի առանձնահատկությունները, մեր արտաքին քաղաքական տարբերվող առաջնահերթությունները նորանոր օրակարգային խնդիրներ են առաջադրում, որոնք պահանջում են առավել մեծ ջանքեր և առավել մեծ ռեսուրսներ։ Դիվանագիտական արդյունավետ աշխատանքը հաճախ պարարտ հող է նախապատրաստում միջպետական համաձայնությունների ձևավորման համար։ Դիվանագիտությունն այստեղ կարևորագույն տարր է, բայց դիվանագիտական ռեսուրսը բավարար չէ նման խնդիրներ մարսելու համար։

– Ինչպիսի՞ն է Վրաստանի արտաքին քաղաքականությունը և դրա որ մասն է համընկնում մեր երկրի քաղաքականության և համընդհանուր շահին:

-Վրաստանի արտաքին քաղաքական նշանակությունը մեծապես հանգում է նրա տրանզիտային բարենպաստ կարգավիճակին։ Հիմնականում Վրաստանի տարածքով է իրականացվում ադրբեջանական աձխաջրատների տրանզիտը Թուրքիա և ԵՄ, իսկ Հայաստանը իր երկու՝ ոչ բարեկամական տրամադրվածությամբ հարևանների շրջափակման պատճառով ստիպված է Ռուսաստանի և Եվրոպայի հետ առևտուրն իրականացնել բացառապես Վրաստանի տարածքով։

Վրաստանով է անցնում նաև ԵՄ ապրանքաշրջանառությունը Չինաստանի հետ Ռուսաստանին շրջանցելու դեպքում։ Մեր հարևան երկրի արտաքին քաղաքական օրակարգը մեծապես պայմանավորված է Ռուսատանի հետ լարված հարաբերություններով։ Այդ իսկ պատճառով այս երկիրը ջերմ հարաբերություններ է պահպանում Ուկրաինայի և Ադրբեջանի հետ, որոնք հանդես են գալիս սահմանների անխախտելիության պահանջով։

Վրաստանը միակ երկիրն է, որ լքել է ԱՊՀ-ն։ Գլխավոր արտաքին քաղաքական ուղղություններից են եվրոինտեգրացիան, որտեղ Վրաստանը լուրջ առաջխաղացում է արձանագրել և, բնականաբար, երկկողմ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։

Ինչպես տեսնում եք, մեր արտաքին քաղաքական վեկտորներն ու առաջնահերթությունները ոչ միայն չեն համընկնում, այլև հաճախ հակադիր են։ Այս առումով, իրոք «ոսկերչական» ճշգրտության դիվանագիտություն է անհրաժեշտ մեր երկկողմ օրակարգը ձևավոորելիս և առաջացող կնճիռները հարթելիս։

-Շատ մանրամասն անդրադարձաք մեր հարևանի արտաքին քաղաքականությանը։ Կխնդրեի մի փոքր խոսեիք Վրաստանի ներքին խնդիրներից, մասնավորապես Սահմանադրական բարեփոխումներից, դրա անհրաժեշտության և վիրահայերի վրա դրա հետագա ազդեցությունից:

-Այս փոփոխությունների ընդդիմախոսների հիմնական և գլոբալ հակափաստարկն ի սկզբանե, սահմանադրությունը կոնյունկտուրայից ելնելով, ինչ որ մեկի կամ ինչ որ ուժի « հագով ձևելու» ավանդույթի դեմ էր։ Հիշենք Սահակաշվիլու իշխանության վերջին շրջանում կատարված փոփոխությունը նախագահի իրավասությունների կրճատման մասով, ինչը արվում էր Սահակաշվիլու վարչապետ դառնալու տեսլականի համատեքստում և ինչից հմտորեն օգտվեց Վրացական երազանքը։

Բայց ինչևէ, սա արդեն ակտուալ փատարկ չէ և գործընթացը շարունակվում է։
Բովանդակային առումով հիմնական փոփոխությունը վերաբերում է նախագահի ինստիտուտին։ Այն վերածվում է նոմինալ կերպարի, ընտրվում է խորհրդարանի կողմից և բավականին հեշտացված մեխանիզմով հեռացվում է ասպարեզից, եթե դառնում է մեծամասնության համար ոչ ընդունելի։

Ամրապնդվում են կառավարության դիրքերը, մասնավորապես ավելի բարդ մեխանիզմ է նախատեսվում անվստահության քվե հայտնելու համար։ Փոփոխության է ենթարկվում ընտրակարգը և Վրաստանն անցում է կատարում ամբողջովին համամասնական ընտրակարգի։

Ընդլայնվում են Օմբուդսմենի իրավասությունների սահմանները։

Վրացական երազանքը այս փոփոխությունների շարքում փորձում է իրացնել իր նախընտրական խոստումներից մեկը, ինչը բավականին կատաղի հակազդեցության է հանդիպել հասարակության առանձին, հիմն ականում մարգինալ խմբերի կողմից։ Առաջարկվում է սահմանադրորեն ամրագրել ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ հասկացությունը՝ որպես «տղամարդու և կնոջ կամավոր միություն»։ Չնայած ոորոշակի դիմադրությանը և խտրականության վտանգների մասին նախազգուշացումներին՝ այս փոփոխութունը ամենայն հավանականությամբ կյանքի կկոչվի նաև Վրաց եկեղեցու աջակցությունը հաշվի առնելով։

-Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան առանց վիզայի ռեժիմի Եվրոպա մեկնելու: Արդեն պաշտոնական տվյալներով 3000-ից ավելի մարդ ետ չի վերադարձել Վրաստան: Ինչի՞ մասին է սա վկայում, հնարավո՞ր է մարդկանց արտահոսքի դեպքում վերանայվի ազատ ռեժիմը:

-ԵՄ-ն միակողմանիորեեն տրամադրել է նման ռեժիմ Վրաստանին։ Առաջին փուլում այս երկրի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի մեկնել ԵՄ երկրներ երեք ամսով, առանց աշխատանքի իրավունքի։ Հաջորդ փուլը պիտի ենթադրի աշխատանքի իրավունքը և մնացած արտոնությունները, որոնցից օգտվում են ԵՄ տարածքում աշխատողները։

Բնականաբար, կան որոշակի ռիսկեր։ Բայց կարծում եմ նման առաջընթաց ապահովող երկիրը պատրաստ կլինի նաև նման իրավիճակներին։

Այդ ռեժիմը կարող է վերանայվել, եթե երկիրը չբավարարի որոշակի պայմաններ կամ թույլ տա խախտումներ, մասնավորապես՝

ա/ դադարի վերահսկել և կանոնակարգեր անձնագրերի իսկությունը և վավերակոնությունը (սրա արդյունքնում կարող են շրջանառության մեջ մտնել կեղծ բիոմետրիկ անձնագրեր),

բ/ մասսայաբար վրացական անձնագրեր կտրամադրվեն այն երկրների քաղաքացիներին, որոնք չունեն նման ռեժիմ ԵՄ հետ,

գ/ երկրում քաղաքական իրավիճակի փոփոխման հեետևանքով կվատթարանա իրավիճակը, մասնավորապես մարդու իրավունքնեերի առումով։
Ռիսկային կետերից մեկն է նաև քաղաքացիների կողմից եռամսյա ռեժիմի մասսայական խախտումները, սակայն իմ ունեցած տեղեկությունները խոսում են այն մասին, որ նման մտահոգություն գոնե այս պահին չկա։

-Սահակաշվիլիի հեղափոխության գնահատականներն ու վերլուծությունները դեռ կստանան իրենց պատմական պատասխաններն ու վերլուծական կողմը: Այնուամենայնիվ Ձեր կարծիքով, ո՞վ էր այդ բոցկլտուն աչքերով երիտասարդը, ինչ արեց իր երկրի համար և մինչև երբ կմնա այդպես առանց քաղաքացիության անձ:

-Ես անկեղծ ասած, չեմ մտաբերում նոր և նորագույն պատմության մեջ մեկ այլ անհատ կամ գործիչ, բացի լեգենդար Չե Գևարայից, ով իր հայրենիքում հեղափոխություն իրականցնելուց հետո փորձել է նույն ճանապարհն անցնել օտար երկրում։

Սահակաշվիլուն իհարկե կարելի է մեղադրել հնարավոր և անհնար բոլոր մեղքերում, բայց համարել նրան սովորական, շարքային անհատ անմիտ է։

Վրաստանը Կոռուպցիայի ընկալման ինդեքսով 2016 թվականին ստացել է 52 միավոր և զբաղեցնում է 48-րդ տեղը, առաջ անցնելով Չեխիայից, Սլովակիայից և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական ասիայի բազմաթիվ երկրներից, Տնտեսական ազատությունների ինդեքսով (Index of Economic Freedom) Վրաստանը զբաղեցրել է 23-րդ տեղը ամենամյա ռեյտինգում և հայտնվել է «առավելապես ազատ տնտեսություն» ունեցող երկրների շարքում։ Այս երկիրը տնտեսական ցուցանիշներով առաջընթաց դիրքերում է նախկին խորհրդային երկրների շարքում։

Գլոբալ վերափախման ինդեքսով 2016 թվին (BTI Transformation Index) հայտնվել է 45-րդ տեղում։

Այնպիսի քանակական ցուցիչներով, ինչպիսիք են «Polity IV» և «the Freedom House ratings for democracy», «the World Bank’s World Governance Indicators», ինչպես նաև «the Bertelsmann Transformation Index for “good governance», և «the World Bank’s World Development Indicators», «Eurostat» և «OECD data for economic development» ցույց են տալիս երկրի պատրաստականոության աստիճանը ԵՄ անդամակցության։

Ի՞նչ եք կարծում, այս ամենին Վրաստանը հասել է վերջին 2-3 տարիներին։ Իհարկե ոչ, այս հաջողությունների արմատները գնում են դեպի 2003 թվականի փոփոխություններ։ Սահակաշվիլու գնահատականն իհարկե պատմությունը կտա, սակայն կարծում եմ դեռ վաղ է նրան գնահատել որպես զուտ պատմական երևույթ։

-Երևի տեղյակ եք, որ Վրաստանում նոր դեսպան է նշանակվելու Հայաստանից: Ծանոթ եք նրան և ինչ մասնագիտական խորհուրդներ կտայիք:

-Այսօր մենք ունենք Վրաստանում դեսպան, պարոն Վարդանյանը, ով կատարում է իր ծառայողական պարտականությունները։ Ոչ պաշտոնական տեղեկությունները նպատակահարմար չեմ համարում մեկնաբանել։

Հատկապես դիվանագիտության մեջ և միջպետական հարաբերություններում պետք է շատ զգույշ լինել նմանատիպ տեղեկությունների և լուրերի արտահոսքի և դրանց հրապարակայնացման առումով մինչև որոշակի ընթացակարգերի ավարտը։

Ինչ վերաբերում է խորհուրդներին և աջակցությանը, ապա բոլորս ենք պարտավոր հնարավորինս աջակցություն տրամադրել մեր դիվանագետներին և հատկապես դեսպանին, անկախ անձից, քանզի հայ-վրացական հարաբերությունները մեր արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից են։




Լրահոս