ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի ավագանու նիստերին ընդառաջ. ինչ սպասել խմբակցություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերից մեկնարկում է ոչ միայն վեցերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, այլեւ Երեւանի նորընտիր ավագանու նիստերը: Մայիսին կայացած ընտրություններից հետո ավագանու հիմնական աշխատանքը կմեկնարկի հենց աշնանից: Ամռան ամիսներին ավագանու երեք՝ ՀՀԿ, «Ելք» դաշինք եւ «Երկիր Ծիրանի» խմբակցություններից թերեւս ամենաակտիվը «Ելք» դաշինքն էր, որի անդամները պարբերաբար ներկայացնում էին բնակիչների բողոքները, դրանց հետքերով գնալու արդյունքներ, ինչպես նաեւ նոր նախագծեր էին դրվել շրջանառության մեջ:

Ի վերջո, ի՞նչ է սպասվում աշնանը, եւ ի՞նչ նախագծերով են հանդես գալու Երեւանի ավագանու խմբակցությունները: «Ելքը», օրինակ, նախատեսում է փողոցների անվանափոխություն իրականացնել: Դաշինքի անդամները հանդես են եկել Երեւանում գործող մի քանի փողոցների անվանափոխման նախագծով, քանի որ նրանց խոսքով՝ այդ փողոցները կրում են բոլշեւիկների անունները:

Ոչ միայն այս նախագիծը լայն քննարկման առարկա դարձավ, այլ նաեւ Երեւանի ներքաղաքային տրանսպորտում երաժշտությունն արգելելու, իսկ Վերնիսաժի տարածքում էլ «կլկլոցն» արգելելու նախաձեռնությունները: Իհարկե, սա այս խմբակցության կողմից նախաձեռնությունների մի փոքր մասն է միայն. դաշինքը խոստանում է ակտիվություն պահպանել եւ ականջալուր լինել քաղաքացիների հարցերին ամբողջ տարին:

Իրավիճակը մի փոքր այլ է «Երկիր Ծիրանի» կուսակցության պարագայում, քանի որ հինգ անդամ ունեցող խմբակցության երկու անդամներ՝ Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւը որոշել են հանդես գալ որպես ավագանու անկախ անդամներ: Հետեւաբար իրենք կարող են հանդես գալ առանձին առաջարկներով եւ մաս չկազմել մյուս երեք անդամների նախաձեռնություններին:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս