«Ի՞նչ ունեցվածք ունեմ, որ». ինչպես է Ամասիայի գյուղապետը միլիոնատեր դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի գյուղապետ Ջեմմա Հարությունյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 138 հազար դոլար եւ 3.2 մլն դրամ: Նա Ամասիայում ունի երեք, իսկ Արփիում` երկու հողամաս, Երեւանում մեկ բնակարան, Ամասիայում` մեկ առանձնատուն, մեկ բաղնիք եւ մեկ անասնաշենք:

Ի դեպ, գյուղապետը այս տարվա խորհրդարանական ընտրություններին առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն հավաքելով 1005 ձայն` պատգամավոր չի ընտրվել:

ArmLur.am-ը նրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ որպես եկամուտ հայտարարագրել էր Կադաստրի Ամասիայի սպասարկման գրասենյակից ստացած 720 հազար դրամ աշխատավարձը, Ամասիայի համայնքապետարանից ստացած 960 հազար դրամը, «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ից` 370 հազար դրամը եւ «Արդշինբանկ»-ից 10 հազար 800 դոլարի չափով ստացած ավանդը:

ArmLur.am-ը Ամասիայի գյուղապետ Ջեմմա Հարությունյանից հետաքրքրվեց, թե որտեղից է հասցրել ունեցվածք կուտակել: Հարցին ի պատասխան` գյուղապետը զարմացած արձագանքեց. «Ի՞նչ ունեցվածք ունեմ, որ: Էդ ի՞նչ մի ունեցվածք է, որ: Ես շատ եմ աշխատել»:

Հարցին` արդյոք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Ամասիա» սպասարկման գրասենյակում աշխատելու տարիների՞ն է նա կուտակել իր ունեցվածքն ու դրամական միջոցները, գյուղապետը արդարացավ` նշելով. «Մեր ընտանիքը խոշոր եւ մանր եղջերավոր անասունների ֆերմա ունի: Բացի այս, մենք նաեւ զբաղվում ենք կաթի արտադրությամբ: Հիմա մեր անասնաֆերման կա, կաթն էլ վաճառում ենք: Այն ժամանակ մենք կաթը մշակում էինք, հետո` վաճառում, որն էլ մեզ ավելի շատ եկամուտ էր բերում, բայց հիմա դրա համար այդքան ժամանակ չունեմ: Հիմա էլ կաթի վաճառքով ենք զբաղվում»:

Ի դեպ, Ջեմմա Հարությունյանը Ամասիայի խոշորացված համայնքների գյուղապետ է: Նրա ամուսինը «Աշոցքի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսել Կարապետյանն է, ում եղբորը`Դավիթ Կարապետյանին է պատկանում կաթնամթերքի շուկայում հայտնի «Բանդիվան» գործարանը:




Լրահոս