Ինչ է կատարվում ԿԳՆ-ում. կրթության տեսչության պետը «վերադառնո՞ւմ է»

Ինչ է կատարվում ԿԳՆ-ում. կրթության տեսչության պետը «վերադառնո՞ւմ է»

Տեւական ժամանակ է, ինչ համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին: Տեղեկացնենք, որ օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, որ Կարապետյանին նախարարության վերին օղակները «հրահանգել էին» արձակուրդ ստանալու համար դիմում գրել, ապա զգուշացրել, որ արձակուրդից հետո աշխատանքի չի գալու:

Հայտնել էինք նաև, որ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին և խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն էր եղել, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել:

Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Լեւոն Մկրտչյանը Կարապետյանին նույնիսկ փոխարինող է գտել: Ըստ այդ տեղեկությունների` Կարապետյանի տեղակալներից Նաիրի Սաղաթելյանը նշանակվել է տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին: Ի դեպ, վերջինս վարկանիշային ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից առաջադրված թեկնածու, բնապահպանության նախարարի խորհրդական Իշխան Սաղաթելյանի եղբայրն է։

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանի հետ: «Ես արձակուրդի գնալուց առաջ դիմում եմ գրել եւ նշել, թե ում եմ տեսնում ինձ փոխարինող` մինչեւ արձակուրդից վերադառնալը: Ես ունեմ երկու տեղակալ եւ սովորաբար իմ տեղը թողնում եմ իմ մյուս տեղակալին` Լարիսա Գալստյանին: Բայց քանի որ Լարիսա Գալստյանը հիմա գործուղման մեջ է, այդ պատճառով մյուս տեղակալը`Նաիրի Սաղաթելյանն է ինձ ժամանակավոր փոխարինելու»,- ներկայացրեց Արամ Կարապետյանը:

Ապա մանրամասնեց, որ տեսչության պետի արձակուրդում գտնվելու ժամանակ պետի պարտականությունները դրվում է այլ մարդու վրա, ում առաջարկում է պետը: «Բայց Նաիրի Սաղաթելյանը ժամանակավոր պաշտոնակատար չէ, ինքը ընդամենը ինձ փոխարինում է իմ արձակուրդի եղած ժամանակը: Ես սեպտեմբերի 12-ին վերադառնալու եմ կրկին աշխատանքի: Ես արձակուրդի եմ գնացել եւ սահմանված կարգով առաջարկել եմ, որ իմ արձակուրդում եղած ժամանակ ինձ փոխարինի իմ տեղակալը»,- լրացրեց Կարապետյանը: