«Գիշերը եկել, ասել է՝ իջի ներքև, բան ունեմ ասելու, զոռով, քաշելով տարել է». ինչ է պատմում պատանդ վերցված աղջկա մայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Էրեբունում պատանդառված աղջիկը՝ Լուիզան (անունը փոխված է) ապրում է ծնողների, եղբոր և տատիկի հետ: ArmLur.am-ին հաջողվեց զրուցել աղջկա ծնողների հետ: Նրա մայրը՝ տիկին Մանուշը, մեզ հետ զրույցում ներկայացրեց այն, ինչ գիտի իր դստեր և այդ տղայի հարաբերությունների մասին:

Տիկին Մանուշի խոսքով` Լուիզան Գոռի հետ ծանոթացել է մոտ մեկ ամիս առաջ՝ Երևանում գտնվող սրճարաններից մեկում: Տղայի մասին աղջիկն այնքան էլ շատ բան չի պատմել ծնողներին. միայն վերջիններս իմացել են, որ շփվում է մի տղայի հետ, ով վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից:

Աղջկա մոր խոսքերով, մի որոշ ժամանակ Գոռի հետ շփվելուց հետո Լուիզան այլևս չի ցանկացել շարունակել հարաբերություններն այդ տղայի հետ, քանի որ հակումներ ուներ թմրամոլության և այնքան էլ ադեկվատ անձնավորություն չէր, սակայն տղան այդպես էլ հանգիստ չի թողել աղջկան: «Ես քաղաքում չեմ աշխատում, էդ օրն աշխատանքի եմ եղել: Գիշերն էդ տղան եկել, զանգել է աղջկաս, ասել՝ իջի ներքև, քեզ բան ունեմ ասելու, նվեր ունեմ տալու: Ամուսինս ու տղաս այդ ժամանակ քնած են եղել, Լուիզան էլ իջել է ներքև, էդ տղան զոռով, քաշելով նստացրել, ավտոն տարել  է»,- պատմեց մայրը:

Տիկին Մանուշը պատմեց, որ դեպքի մասին երեկ երեկոյան է իմացել, երբ աղջիկն արդեն հիվանդանոցում է եղել, և մինչև հիմա չեն տեսել նրան, քանի որ բժիշկները չեն թույլատրում: Իսկ աղջկա հոր՝ Էդգարի խոսքով, Լուիզան այնքան էլ շատ բաներ չի պատմել Գոռի հետ հարաբերությունների մասին, միայն սկզբնական շրջանում ասել է, թե լավ տղա է, նույնիսկ ամուսնանալու ցանկություն է ունեցել նրա հետ:

Տիկին Մանուշը նշեց, թե շատ բան չգիտի այդ տղայի մասին, միայն տեղյակ են, թե տղայի ընտանիքը շատ հարուստ է: Լուիզայի մասին պատմելով` մայրը նշեց, որ իր դուստրն աշխատանք չունի և իրենք են աշխատում, ընտանիքը պահում: Հավելենք, որ Լուիզան ամուսնալուծված է, ունի անչափահաս երեխա:




Լրահոս