ՆՎԱԶՈՒՄ ԵՆՔ՝ ԱՎԵԼԱՆԱԼՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մշտական բնակչության թիվը պաշտոնական տվյալներով այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պակասել է 6 հազար 200-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 15 հազարով: Բայց Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին ահազանգող միակ ցուցանիշը չէ. շարունակում է նվազել ծնելիությունը՝ 6.7 տոկոսով, փոխարենը աճել է մահացությունների ցուցանիշը՝ 2.1 տոկոսով: Արդյունքում բնական հավելաճը, կարելի է ասել, հասել է ռեկորդային ցածր թվի՝ 2 հազար 460-ի: Ու եթե այս պատկերին «գումարում ենք» Հայաստանից այս կես տարվա ընթացքում մեկնած ու չվերադարձածների թիվը՝ 75 հազար 625 ՀՀ քաղաքացի, պատկերն ավելի ողբերգական է դառնում: Օրեցօր խորացող Ժողովրդագրական այս բացասական ցուցանիշները, սակայն, ուշագրավ են մեկ այլ համատեքստում. ինչպես հիշում եք՝ Սերժ Սարգսյանն ԱԺ առաջին նիստում հայտարարել էր ժողովրդագրական իրավիճակի էական ու կտրուկ բարելավելու անհրաժեշտության մասին, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ իր ծրագրում էր ամրագրել նույն միտքը՝ խոստանալով արտագաղթի դադարեցման դեմ, ծնելիության բարձրացման, մահացությունների մակարդակի կրճատման համար եւ այս ոլորտի բարելավման ուղղությամբ միջոցառումներ իրականացնել: Բայց իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում. չնայած իշխանությունների խոստումներին՝ ընդհուպ 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու պնդումներին, ժողովրդագրական վիճակը ոչ միայն որեւէ դրական տեղաշարժի չի ենթարկվում, այլեւ, ընդհակառակը, խորանում են բացասական միտումները՝ լուրջ սպառնալիք դառնալով պետության, ազգային անվտանգության համար:

 

 

 

«Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Գագիկ Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե առայժմ քաղաքական զարգացումներ չեն նշմարվում, ուստի իրենք զբաղված են ազատամարտիկների սոցիալական հարցերով: Իսկ հարցին, թե ԱԺ ընտրություններից հետո ինչու ոչ մի հետընտրական զարգացում չեղավ, գեներալը պատասխանել է. «Այն եզրակացության եկանք, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ ոչ մի բանի եւ ոչ մի բան չի հետաքրքրում: Փողոց դուրս գալացողը ժողովուրդն է, եթե ժողովուրդը չի ուզում փողոց դուրս գա, մենք ո՞ւմ համար ենք դուրս գալիս փողոց: Այդ նույն ժողովուրդը մեր հետեւից փողոց դուրս չեկավ: Ինքն իր ապագան, իր ձայնը ծախեց 10-ը հազար դրամով, հիմա հանգիստ վայելում է, մինչեւ հիմա կուշտ ուտում է այդ փողերը»:

 

 

 

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տարօրինակ վայրիվերումներ են սկսվել. այս տարվա առաջին կիսամյակում սկսել են դանդաղել հանքարդյունաբերական արտադրանքի աճի ծավալները. եթե նախորդ տարի աճը միանգամից 18.8 տոկոս էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում աճը կազմել է 8.9 տոկոս: Մյուս կողմից միջազգային շուկայում այս տարվա սկզբից սկսել են աճել գունավոր մետաղների գները: Բայց չնայած այդ ամենին՝ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններից մի քանիսը նվազեցրել են իրենց վճարած հարկերը: Արդյոք այս ամենը ստվերում գործելու հետեւանք է, թե այլ պատճառներ կան, մնում է միայն ենթադրել: Նկատենք նաեւ, որ Հայաստանի տնտեսության հատկապես հարկային մուտքերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա, եւ որքան տատանվում են վճարվելիք գումարները, այդքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը:

 

 

 

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ. «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ առ այն, որ Բարեկամավան եւ Բաղանիս գյուղերը ամռան այս տապին օրերով խմելու ջուր չունեն: Ու սա այն դեպքում, երբ 3 տարի առաջ փոքր, բայց փաստացի շուրջ 400 բնակիչ ունեցող Բարեկամավան գյուղում սնուցող խմելու ջրագիծ կառուցվեց: Նույնը նաեւ Բաղանիսում. այստեղ էլ խմելու ջրի հարցը լուծելու համար ֆինանսական մեծ ներդրումներ են արվել, սակայն արդյունքը, մեղմ ասած, չկա: Ու թեեւ գյուղապետերը պնդում են, որ առաջիկայում հարցը կկարգավորվի, բայց փաստն այն է, որ այսօր գյուղերում 4 օրը մեկ անգամ են խմելու ջուր ունենում: Բարեկամավան համայնքի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը «Ժողովուրդ»-ին պարզաբանեց. «Դա կապված է ջրաչափերի հետ, որ չկա տեղադրված, եւ մարդիկ անխնա բացում են ոռոգման ջրի տեղ: Կարգավորելը շատ դժվար է»: Նման տեսակետ հայտնել է նաեւ Բաղանիսի ղեկավար Նարեկ Սահակյանը՝ ասելով. «Գյուղն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջուրն էլ անբարեխիղճ օգտագործողներ էլ կան»: Հավելենք, որ մի շարք գյուղացիներ խմելու ջրի խնդրով առաջիկայում պատրաստվում են հասնել Երեւան ու կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպել:

 

 

 

ՃԳՆԱԺԱՄԻ ՆՈՐ ԱԼԻՔ
Ռուս-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամը գնալով խորանում է, եւ երկու երկրների հակասությունները թեւակոխել են նոր փուլ: Ինչպես հայտնի է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն էապես կրճատելու մասին՝ համապատասխան փաստաթուղթ ստորագրելով, ըստ որի՝ Ամերիկայի դիվանագիտական կորպուսի 755 աշխատակից մինչեւ սեպտեմբերի 1-ը պետք է հեռանա ՌԴ-ից: Իր հերթին ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ընդունել ԱՄՆ Կոնգրեսը, եւ սպասվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրելուց հետո այն կմտնի ուժի մեջ: Մասնագետների պնդմամբ՝ վերջին անգամ նման դիվանագիտական ճգնաժամ եղել է 1986թ., երբ ԱՄՆ-ից արտաքսվել էր ԽՍՀՄ 80 դիվանագետ, իսկ ԽՍՀՄ-ից՝ ամերիկյան 30 դիվանագետ:
Ռուս-ամերիկյան հարաբերություններում այս լարվածությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել նաեւ Հայաստանում: Ակնհայտ է, որ տեղի ունեցողն իր անմիջական բացասական ազդեցությունը կարող է թողնել մեր երկրի, մասնավորապես տնտեսության վրա: Ի վերջո, Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է տնտեսական միասնական տիրույթում, հայկական տնտեսությունը խորապես փոխկապակցված է ռուսական տնտեսության հետ. այս երկրից են գալիս ֆինանսական հիմնական հոսքերը՝ մասնավոր տրանսֆերների տեսքով, այս երկիր է արտահանվում հայկական ապրանքների զգալի մասը, այս երկրի խոշորագույն ձեռնարկությունները գործունեություն են ծավալում Հայաստանում՝ լինելով խոշոր հարկատուների շարքում: Հետեւաբար ռուսական տնտեսության մեջ տեղի ունեցող ցանկացած վայրիվերում իր անմիջական ազդեցությունն է ունենում նաեւ մեր երկրում, շատ հաճախ՝ ավելի խորը, քան կարելի է պատկերացնել:
Այս փաստն ընդունում են նաեւ իշխանությունները. Հայաստանի կառավարությունն իր ներկայացրած տնտեսական ծրագրային փաստաթղթերում արտաքին ռիսկերի շարքում միշտ առաջնային տեղ է հատկացրել աշխարհաքաղաքական զարգացումներին, ռուսական տնտեսության վայրիվերումներին, բայց չնայած սրան՝ այդպես էլ որեւէ քայլ չի արվել տնտեսության դիվերսիֆիկացման ու Ռուսաստանից կախվածության նվազեցման ուղղությամբ: Ընդհակառակը, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տարիներին Հայաստանի տնտեսությունը գնալով Ռուսաստանից ավելի մեծ կախվածության մեջ է ընկել: Եւ հիմա, չնայած այս ամենին, իշխանությունները՝ գիտակցելով, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են իրենց բացասական հետեւանքներն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, որեւէ քայլ չեն անում ազդեցությունը մեղմելու ուղղությամբ: Այնպես որ, առանց չափազանցնելու Հայաստանին ծանր օրեր են սպասվում:




Լրահոս