ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ վերելակի հոսանքի գումարն ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում: Այսինքն՝ կա՞ որոշակի ֆիքսված գումար, որը պարտադիր է բոլորի համար, թե յուրաքանչյուր ընտանիք վճարում է իր անդամների թվաքանակի չափով: Խնդրում եմ ներկայացնել կարգը:

Կառլեն Կուրղինյան (58 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վերելակի համար ծախսված էլեկտրաէներգիայի գումարի վճարը գանձվում է ըստ տեղադրված էլեկտրական հաշվիչի ցուցմունքի: Բնակիչներից գանձվում է կա՛մ ըստ վերելակից օգտվող բնակիչների թվի, կա՛մ բնակարանների: Օրենսդրությամբ որեւէ կարգ սահմանված չէ: Հաշվիչի տվյալ ամսվա ցուցմունքով հաշվարկված գումարը բաժանվում է վերելակից օգտվող բնակիչների թվի կամ բնակարանների թվի վրա:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ թեեւ ըստ ցուցմունքի պետք է վճարել, սակայն բազմաբնակարան շատ շենքերում ֆիքսված գումար են վճարում: Թե ավելն ու պակասը ում գրպանն է մտնում կամ դուրս գալիս, դժվար է ասել:
Մյուս կողմից էլ պետք է ընդգծենք, որ թեեւ բնակիչները բարեխղճորեն վճարում են վերելակի ծառայություններից օգտվելու համար, սակայն դրանց անվտանգության համար ոչ ոք որեւէ երաշխիք տալ չի կարող: Ու հաճախ են ողբերգական դեպքեր գրանցվում վերելակների անսարքության պատճառով, քանի որ դրանք տեխնիկական զննության չեն ենթարկվում եւ գրեթե չեն հիմնանորոգվում: Բայց գլխավորն այն է, որ գումարները կանոնավոր եւ անխախտ գանձվում են:

 

 

 
ՀԱՐՑ. Ընկերս ավտովթարի զոհ է դարձել: Նա պայմանագրային զինծառայող է եղել 6 տարի ժամկետով: Նրա հուղարկավորության համար ընտանիքի անդամները պետությունից գումար չեն ստացել, ծախսերը հոգացել են ընկերներն ու հարազատները: Ընտանիքի անդամները դիմել են տարբեր մարմիններ, բայց ընկել են անիմաստ քաշքշուկների մեջ: Ուզում ենք իմանալ` պետության կողմից արդյո՞ք որեւէ օգնություն կամ գումար չեն կարող ստանալ նրա ընտանիքի անդամները:

Արամ Չիչոյան (ք. Երեւան, Արարատյան փողոց, 7 շենք, 12 բնակարան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակ նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, այդ ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝
1) 18 տարին չլրացած երեխան՝ մինչեւ 18 տարին լրանալը,
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչեւ 23 տարին լրանալը,
3) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը, եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով նպաստի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների՝ նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում եւ չի աշխատում:
Ելնելով վերոգրյալից՝ մահացած զինծառայողի՝ օրենքով թվարկված ընտանիքի անդամները կարող են դիմել կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու հարցով ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային զինվորական կոմիսարիատ, կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու հարցով ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, որ նման դեպքերում պետությունը որեւէ աջակցություն չի ցուցաբերում իր քաղաքացիներին: Իրապես ապահով Հայաստանում ենք ապրում:




Լրահոս