ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԴՐՍԻՑ ԵՆ ԲԵՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ընթացքում արտերկրից ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումների աճի տեմպերն ուշագրավ եզրակացությունների տեղիք են տալիս: Զարմանալի զուգադիպությամբ, Ռուսաստանից տրանսֆերտների ծավալները միանգամից աճել են Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին:

Սա նշանակում է, որ նախընտրական ծախսերի, այդ թվում՝ բաժանված ընտրակաշառքի մեծ մասը Հայաստան է բերվել մասնավոր փոխանցումների միջոցով: Դժվար է միանշանակ ասել՝ ափսոսացե՞լ են ծախսել Հայաստանում իրենց ունեցած գումարները, օգտագործել պահուստները, թե՞ եղածը քչություն է արել, ու ստիպված են եղել դրսում իրենց ունեցած միջոցները եւս ներգրավել:
Եվ այսպես, այն բանից հետո, երբ 2014թ. օգոստոսից Ռուսաստան-Արեւմուտք տնտեսական պատժամիջոցների հետեւանքով ռուսական տնտեսությունը հայտնվեց ճգնաժամի առաջ, կտրուկ նվազեցին դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալները: Այս տեմպերը չփոխվեցին մինչեւ նախորդ տարվա դեկտեմբեր: Բայց արդեն տարեվերջից կտրուկ ավելացան դեպի Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալները: Եթե 2015թ. դեկտեմբերին մասնավոր փոխանցումները կազմել էին 168 մլն դոլար, որից 88,3 մլն-ը եկել էր ՌԴ-ից, ապա 2016թ. դեկտեմբերին այդ թիվը շեշտակի աճեց՝ կազմելով 211,5 մլն դոլար. այդ գումարից 94,1 մլն դոլարը ՌԴ-ից իրականացված փոխանցումներն էին: Նկատենք, որ ռուսական տնտեսության մեջ այդ ընթացքում տեղի չէր ունեցել դրական որեւէ լուրջ տեղաշարժ, որ կնպաստեր այնտեղ տնտեսական վիճակի փոփոխությանը, հետեւաբար նաեւ՝ տրանսֆերտների ծավալների նման աճին: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ՌԴ-ում ՀՆԱ աճը կազմել է մոտ 1,3-1,5 տոկոս: Փոխարենը Հայաստանում կամաց-կամաց սկսվել էր նախընտրական եռուզեռը, եւ կուսակցություններին, թեկնածուներին գումար էր անհրաժեշտ՝ աշխատանքները կազմակերպելու, շտաբեր բացելու, աշխատակիցներ ներգրավվելու համար:
Այս տարի մասնավոր փոխանցումների աճի տեմպերն ավելացան, եւ ուղարկված գումարների չափը սկսեց գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ եթե 2016թ. առաջին եռամսյակում 273,2 մլն դոլարի տրանսֆերտ էր եկել, որից միայն 136,9 մլն դոլարը՝ ՌԴ-ից, ապա այս տարվա առաջին եռամսյակում փոխանցված գումարների չափը կազմել էր 312,9 մլն դոլար, որից 165,2 մլն-ը՝ ՌԴ-ից: Ընդ որում, առաջին եռամսյակի փոխանցումների գրեթե կեսը՝ 127,4 մլն դոլարը արվել էր մարտ ամսին, այսինքն՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից անմիջապես առաջ: ՌԴ-ից ընտրություններին նախորդող ամսին ուղարկվել էր 64,4 մլն դոլար, իսկ ԱՄՆ-ից՝ 16,8 մլն:
Տրանսֆերտները շատ ավելի կտրուկ աճեցին երկրորդ եռամսյակում: 2016թ. ապրիլ-հունիս ամսիներին մասնավոր անձանց միջոցով Հայաստան էր փոխանցվել 349,2 մլն դոլար, իսկ արդեն այս տարի այդ ցուցանիշը հասավ 411,8 մլն դոլարի: Այս անգամ էլ գումարի առյուծի բաժինը փոխանցվել էր ՌԴ-ից. եթե 2016թ. երկրորդ եռամսյակում ՌԴ-ից փոխանցումները կազմել էին 216,8 մլն դոլար, այս տարի այդ ցուցանիշը հասավ 243,3 մլն դոլարի: Այս թվերի մեջ ամենաաչքի ընկնողը մայիս ամսվա ընթացքում կատարված փոխանցումներն էին, որոնք 2016-ի մայիսի համեմատ՝ ավելացել էին միանգամից 50 մլն դոլարով: Ընդ որում, մայիսին ավելացել էին տրանսֆերտները ե՛ւ ՌԴ-ից, ե՛ւ ԱՄՆ-ից. ՌԴ-ից Հայաստան էր փոխանցվել 64,1 մլն, ԱՄՆ-ից՝ 14,1 մլն դոլար: Հատկանշական է փաստը, որ նախկինում երբեք մայիս ամսին դրամական փոխանցումների ծավալներն այդպես կտրուկ (մոտ 50 տոկոսով) չեն աճել: Հետեւաբար, եզրակացությունը մեկն է. սա պայմանավորված էր Երեւանի ավագանու ընտրություններով: Հիշում եք՝ այդ ընտրությունները տեղի ունեցան մայիսի 14-ին, եւ այդ ժամանակ իշխող ՀՀԿ-ն ուղղակի գումար չէր խնայում՝ իր հաղթանակն ապահովելու եւ Տարոն Մարգարյանին քաղաքապետ դարձնելու համար: Առավել եւս, երբ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրապայքարի մասնակից ուժերի մեծ մասը ընտրակաշառք էր բաժանել, ու հասարակության մի զգալի հատված անհամբեր սպասում էր հերթական 10 հազար դրամին:
Որ տրանսֆերտների աճը կապված էր Հայաստանում նախընտրական իրավիճակի հետ, վկայում է մեկ այլ փաստ. ընտրություններից հետո նվազել են մասնավոր դրամական փոխանցումների ծավալները. հունիսին տրանսֆերտները կազմել են 147.5 մլն դոլար, այսինքն՝ մոտ 7.4 մլն դոլարով պակաս, քան մայիսին էր: Մինչդեռ նախորդ տարիներին ամառվա ամիսներին տրանսֆերտներն, ընդհակառակը, ավելանում էին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ԴՈՓՈՒՄ Է ՏԵՂՈՒՄ
Շուրջ 6 ամիս է անցել Հայաստանի նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի հետ տեղի ունեցած աղմկալի դեպքից, սակայն հարուցված քրեական գործը դոփում է տեղում: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավի թեժ փուլում՝ փետրվարի 17-ին, Նժդեհ Բերբերյանը դիմել էր իրավապահներին եւ հայտնել, որ իր ընկեր Հակոբ Սիրադարյանը եւ նրա հորաքրոջ որդին` Արա Օսկանյանը, առեւանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ եւ պահանջել վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով սպառնալիքներ։ Հարուցվեց քրեական գործ, Արա Օսկանյանին ու Հակոբ Սիրադարյանին առաջադրվեց մեղադրանք, իսկ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն՝ չհեռանալու մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Օսկանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնեց.«Տեւական ժամանակ է, ինչ իմ պաշտպանյալի հետ գործողություններ չեն կատարվում, պարզապես տեղյակ եմ, որ այս օրերին հարցաքննության են կանչում այն անձանց, որոնց հետ դեպքի օրը զանգահարել եւ խոսել է իմ պաշտպանյալը՝ Արա Օսկանյանը: Ինչեւէ, ենթադրում եմ, որ մոտակա ժամանակներս գործի վարույթը կկարճվի»:
Դե, իհարկե, այդ ընթացքում քաղաքական պահանջ կար Օսկանյանի որդուն ներգրավելու ինչ-որ քրեական պատմության մեջ, ինչը եւ արվեց: Հիմա Օսկանյանը քաղաքականապես ակտիվ չէ, հետեւաբար գործը ընթացք չի ունենա:

 

 

ՊԵԿ-Ը ՖԻՐԴՈՒՍՈՒՄ
Երեւանի Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականները քաղաքապետարանի աշխատակիցներից դեռ չհանգստացած, հիմա էլ հայտնվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների տեսադաշտում:
Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի Ֆիրդուսի տոնավաճառի այն առեւտրականներին, որոնք այս օրերին տեղափոխվում են այլ շուկա, «հյուր են գալիս» պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են ՊԵԿ աշխատակիցները մոտենում այլ շուկա տեղափոխվող առեւտրականներին եւ հորդորում այդ ընթացքում առեւտուր չանել առանց ՀԴՄ կտրոնի: Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել, եւ հիմա ֆիրդուսցի առեւտրականները իրենց ապրանքները տեղափոխում են Երեւան տոնավաճառ, բայց փաստորեն պայմանով՝ ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեն:

 

 

 

ՆՈՐՄԱՅԻՑ ԲԱՐՁՐ
Օգոստոսի 4-ից 8-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39-41 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 4-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

 

 
ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ
ԳԱԱ hիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը հայտարարել է, որ հետազոտություններ չունեն` արդյոք Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը Սեւանի համար մե՞ծ վտանգ ներկայացնում է, թե՞ ոչ: «Նման հետազոտություններ չունենք, մենք այս պահին արդեն հետազոտում ենք Ամուլսարի տարածքի գետերը՝ Որոտանը, Դարբը, Արփա գետը, եւ քանի որ դեռեւս հանքերի շահագործում տեղի չի ունենում, հետեւաբար գետերի վրա դրանց ազդեցությունը չի դրսեւորվում»,-ասել է նա՝ միաժամանակ հավելելով, թե երկրաբան չէ, որպեսզի ասի, թե ինչպիսի ապարներ կլինեն, ինչպես կազդեն դրանք լճի վրա, բայց ենթադրում է, որ որոշակի ազդեցություն այդուհանդերձ կլինի:

 

 

 

ԿԲԱՐՁՐԱՑՎԻ ԵՎ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստին ներկայացրեց որոշման նախագիծ, որը հիմնված է վարչապետի՝ փետրվարի 9-ի հանձնարարականի վրա, ըստ որի՝ պետք է ձեւավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ: «Խումբը ներկայացրել է առաջարկություններ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների հայտանիշների վերաբերյալ»,-ասաց նա: Ըստ փոխնախարարի՝ նախագծի ընդունման արդյունքում կբարձրացվի արտաքին տնտեսական քաղաքականության արդյունավետությունը, կընդլայնվի դեսպանատների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ներգրավվածությունը ներդրումների ներգրավման, արտահանման զարգացման եւ զբոսաշրջության խթանման գործընթացում:

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի որոշումը, նշանակվել է Գարի Կոնստանտին Օրբելյանը: Ավելացնենք, որ Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1956 թ. Սան Ֆրանցիսկոյում, սյունեցիների ընտանիքում: Չորս տարեկանից արդեն սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիային կից մանկական երաժշտական դպրոցում, իսկ որպես դաշնակահար դեբյուտով հանդես է եկել 11 տարեկանում, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

 

 

ԱԼԹՈՒՆՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է
Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը: Ինչպես հայտնի է` առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հասարակական վայրերում ծխելն արգելելու նախաձեռնությամբ հանդես եկավ՝ խոստանալով մեծ տուգանք սահմանել ծխողների նկատմամբ (Հանրային վայրում ծխելը թույլատրելու դեպքում տարածքի սեփականատերը կտուգանվի մինչեւ 10 հազար դոլարով): Սակայն առողջապահության նախարարը կարծես թե փոշմանել է, քանի որ տուգանքի մասին խոսք ոչ միայն նախագծում չկար, այլ նաեւ Լեւոն Ալթունյանը չշտապեց այդ մասին տեղեկացնել: «Այդ հարցերի պատասխանները կլսեք օրենսդրական պրոյեկտներում, եւ դա կլինի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նախնական ոչինչ չենք կարող ասել»,- ասաց նա՝ բայց եւ չբացառելով տուգանվելու հավանականությունը: Հավելենք, որ երեկ կառավարության նիստում, երբ Ալթունյանն ավարտեց նախագծի ներկայացումը, վարչապետ Կարեն Կարապետյանը ռեպլիկի կարգով նկատեց. «Ընենց որ, չծխե՛ք»:




Լրահոս