Կառավարությունը բացահայտ արշավ է սկսել տպագիր մամուլի դեմ. սնանկացնելու փորձեր են արվում

Կառավարությունը բացահայտ արշավ է սկսել տպագիր մամուլի դեմ. սնանկացնելու փորձեր են արվում

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը բացահայտ արշավ է սկսել ազատ լրատվամիջոցների, մասնավորապես տպագիր մամուլի դեմ:

Իր պաշտոնավարման սկզբում վարչապետը պետական հիմնարկներին «թաքուն» հրահանգեց հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից՝ այդ որոշումը պատճառաբանելով, թե խնայողության ռեժիմի անցնելու հետեւանքով կրճատում են բյուջեի ծախսերը: Արդյունքում պետական շատ գերատեսչություններ թերթ չեն ստանում, իսկ երբ իրենց մասին որեւէ հրապարակում է արվում, զանգահարում, լրագրողներից թերթ են մուրում (կրպակներում օրաթերթերը շուտ են սպառվում):

Հիմա էլ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մի մեծ փաթեթ, ըստ որի՝ հրապարակային ծանուցումներն այսուհետ պետք է հրապարակվեն ոչ թե զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես այսօր նախատեսված է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով, այլ միայն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում:

Այս ամենի հետեւանքով հայ տպագիր մամուլը կանգնած է ֆինանսական լուրջ ճգնաժամի առաջ:

Այն բանից հետո, երբ վարչապետի թեթեւ ձեռքով պետական կառույցները հրաժարվեցին բաժանորդագրությունից, կտրուկ նվազեց թերթերի իրացումը, դրա հետեւանքով նաեւ տպաքանակները: Ու այդպես մամուլը զրկվեց վաճառքի արդյունքում գոյացող ֆինանսական միջոցների մի մասից:

Մինչդեռ բյուջեի վրա այս խնայողությունները լուրջ հետեւանք չունեցան. բավական է միայն նշել, որ պետական գերատեսչությունները թերթերի բաժանորդագրության համար տարեկան միջինը ծախսում էին մոտ 400-700 հազար դրամ:

Իսկ դա երկրի բյուջեի համար առանձնապես մեծ գումար չէ: Առավել եւս, երբ ծախսերի գերխնայողության ռեժիմի անցնելու մասին հայտարարած կառավարությունն ուրիշ ոլորտներում շարունակում է շռայլորեն գումարներ վատնել. դրանում համոզվելու համար բավական է միայն ծանոթանալ պետական գնումներին, եւ պատկերը պարզ կդառնա:

Չբավարարվելով այսքանով՝ կառավարությունը հիմա էլ փորձում է լրատվամիջոցներին զրկել եկամտի մյուս աղբյուրից՝ հայտարարությունների, հաշվետվությունների եւ այլ ծանուցումների տպագրության համար վճարից: Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլեւս հիմք կընդունվեն միայն azdarar.am կայքում հրապարակված ծանուցումները:

Ու բնական է, որ այդ դեպքում այլեւս որեւէ մեկը չի ցանկանա որեւէ թերթում հայտարարություն տեղադրել: Ճիշտ է՝ արդարադատության նախարարության հեղինակած օրինագծերի փաթեթի հիմնավորումների մեջ նշված է, թե հայտարարություններն ու ծանուցումները ԶԼՄ-ներում տպագրվելու դեպքում տեղեկատվության հասանելիությունն անարդյունավետ է, եւ azdarar.am կայքում հրապարակվելու դեպքում այդ խնդիրը կլուծվի:

Բայց սա, ինքներդ եք հասկանում, պարզ խաբեություն է. այսպես իշխանություններն ընդամենը քողարկում են իրենց իրական նպատակները, այն է՝ կամաց-կամաց վերացնել ազատ մամուլը:

Համենայն դեպս, այդ է հուշում իշխանությունների գործելաոճը, այն իշխանությունների, որը միջազգային հանրության առաջ փորձում է ներկայանալ ժողովրդավարական իմիջով՝ ձեւացնելով, թե երկրում երաշխավորում է խոսքի ազատությունը, բայց իրականում ավտորիտար ու տոտալիտար համակարգի կրողներ են, եւ թաքուն պայքար են մղում նույն ազատ մամուլի դեմ:

Պարզապես այս տարիների ընթացքում փոխվել են պայքարի միջոցները: Ի վերջո, եթե նախկինում իշխանությունները մամուլի դեմ պայքարում էին կոպիտ միջոցներով՝ խմբագրությունների վրա հարձակումներ էին կազմակերպում՝ երբեմն փորձելով հրկիզել կամ պայթեցնել դրանք, ֆիզիկական բռնություններ գործադրում անցանկալի լրագրողների նկատմամբ, երբեմն քրեական գործեր էին հարուցում լրագրողների դեմ:

Հետո իշխանությունները փոխեցին մեթոդոլոգիան եւ լրատվամիջոցների դեմ պայքարում էին դատական ճանապարհով՝ իբր վիրավորանքի կամ զրպարտության համար որպես փոխհատուցում պահանջելով ահռելի գումարներ եւ այդպես փորձելով պարզապես սնանկացնել լրատվամիջոցներին: Հիմա էլ իշխանությունները փորձում են կամաց-կամաց զրկել ֆինանսական աղբյուրներից՝ այդպես ստիպելով ինքնակամ դադարեցնել գոյությունը:

Թե ինչու՝ դժվար չէ ենթադրել. անկախ լրատվամիջոցները ոսկորի նման մնացել են իշխանությունների կոկորդին: Ու պատահական չէ, որ իրենց բոլոր ձախորդությունների համար իշխանություններն ամենաբարձր մակարդակով մեղադրել են հենց լրատվամիջոցներին: Հիշում եք 2013թ. Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը, երբ արտագաղթի համար մեղադրել էր լրագրողներին:

«Մենք պետք է նաեւ դրականը տեսնենք: Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չէ: Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, հանցագործները չեն. մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Գաղջ մթնոլորտը պետք է վերանա: Օգնեք, որպեսզի վերանա այս մթնոլորտը: Դա միայն իշխանությունների պատասխանատվությունը չէ: Երկու հեռուստատեսություն, տասնյակ տպագիր եւ ինտերնետային լրատվամիջոցներ միմիայն սեւացնում են»,- ասել էր նա:

Լրատվամիջոցների հասցեին տարբեր առիթներով նման մեղադրանքներ հնչեցրել էին նաեւ մյուս պաշտոնյաները: Այնպես որ, հավանաբար, նրանք փորձում են երկրում իրավիճակը «բարելավել» եւ զարգացնել հենց լրատվամիջոցների դեմ պայքար մղելով:

Միայն թե հայտնի ճշմարտություն կա՝ մամուլի դեմ սանձազերծված բոլոր պատերազմները վաղ թե ուշ ավարտվել են լրատվամիջոցների հաղթանակով: Եւ իշխանություններին չէր խանգարի նկատի ունենալ այդ փաստը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ